Էդուարդ Շարմազանովի հայտարարությամբ փակագծեր բացվեցին
Մինչ քաղաքական դաշտը անհամբերությամբ սպասում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշմանը՝ վերջապես ի՞նքն է առաջադրվելու, թե՞, այնուամենայնիվ, սատարելու է Սերժ Սարգսյանին, նոյեմբերի 6-ին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն տարածեց, որից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդակցություններ սկսելու կոչ է անում կառավարման խորհրդարանական համակարգի եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու թեմաների շուրջ:
Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ 2017թ., քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի:
Հայտարարության տարածումից հետո նույն օրը «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդման եթերում, անդրադառնալով նշյալ թեմային, Ն. Զոհրաբյանը նշեց. «Սա ընդհանուր օրակարգ ձեւավորելու հարց է: Սա դոգմատիկ չէ, կարող է ցանկացած ուժ ներկայացնել համակարգային փոփոխությունների իր տեսլականը, կարող ենք քննարկել: Մենք չենք դնում անձերի խնդիր, այլ համակարգային փոփոխությունների խնդիր, եւ պատրաստ ենք քննարկել: Սա քաղաքական առողջ ուժերին կոնսոլիդացնելու, առավել մեծ համախմբման փորձ է»: Այնուհետեւ նա պարզաբանեց, թե առաջարկն ուղղված է բոլոր ուժերին, այդ թվում եւ՝ ՀՀԿ-ին, ընդգծելով, որ դա, ըստ էության, պաշտոնական հրավեր է՝ ուղղված բոլոր քաղաքական ուժերին:
Երեկ, սակայն, ԲՀԿ հայտարարությունը բավական սառն ընդունվեց քաղաքական ուժերի կողմից։ Ավելին, հանրապետականներն, օրինակ, այն համարելով բացառապես Ն. Զոհրաբյանի հայտարարությունը, ցույց տվեցին, թե դա առանձնապես քննարկման նյութ չեն համարում, թեեւ միաժամանակ նկատեցին, որ ցանկացած առաջարկի կարող են գնահատական տալ։ Ավելին՝ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի անդրադարձը նշյալ հայտարարությանը խիստ ուշագրավ նրբերանգներ էր պարունակում. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների ետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն՝ առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված: Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետեւելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»:
ՀՀԿ խոսնակի արձագանքից կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ հայտարարության ետեւում ՀՀԿ-ն այլ ուժեր է տեսնում եւ անգամ գուշակում է, թե այն որտեղ է մշակվել: Արդյոք ՀՀԿ-ն ակնարկում է Ռոբերտ Քոչարյանի՞ն՝ նրան համարելով իշխանության գալու հնարավորությունից զրկված, եւ արդյոք հայտարարության մշակման վայր ասելով՝ ՀՀԿ-ն նկատի ունի Մոսկվա՞… Հնարավոր է:
Եվ եթե դա այդպես է, ապա Շարմազանովի հայտարարությամբ հայաստանյան քաղաքական դաշտում նոր փակագծեր են բացվում։ Սա թերեւս նշանակում է, որ ՀՀԿ-ում գիտակցում են, որ ԲՀԿ-ն համակիր ուժերով եւ հրապարակ նետած առաջարկով Սերժ Սարգսյանի առջեւ կարող է պայմաններ դնել մինչեւ նախագահական ընտրությունները, օրինակ՝ վարչապետի պաշտոն պահանջել, ինչը կնշանակի թերեւս, որ Ռուսաստանն է Ս. Սարգսյանից գործադիր իշխանություն պահանջում։
Մի կողմից՝ իրեն իշխանությանը «այլընտրանք» համարող ԲՀԿ-ն Ն. Զոհրաբյանի հայտարարությամբ կարծես հետեւում է վրաստանյան օրինակին՝ քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի հարց բարձրացնելով, եւ նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ ստանձնում է քաղաքական օրակարգ ձեւավորելու մի գործընթաց՝ նպատակ ունենալով ընդգծել իր առաջատարի ազդեցությունը քաղաքական դաշտում։ Բայց մյուս կողմից՝ արդյոք ԲՀԿ-ում անկեղծորեն հավատո՞ւմ են, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանական համակարգի անցնելու քայլի կդիմի: Թե՞ քաղաքական կոնսոլիդացիայի շղարշի ներքո Ս. Սարգսյանի հետ քաղաքական «առեւտուրը» կավարտվի ԲՀԿ-ի, իսկ եթե «դիմակազերծման» վարկածով առաջնորդվենք՝ Ռոբերտ Քոչարյանի պահանջների բավարարմամբ միայն… ցույց կտա ժամանակը, սակայն մի բան թերեւս ակնհայտ է. ՀՀԿ-ԲՀԿ բեւեռներով Սարգսյան-Քոչարյան ճակատներում ուշագրավ զարգացումներ են սպասվում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ