Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզեք, որ դուք ճիշտ եք

Նոյեմբեր 08,2012 14:15

Ինչպե՞ս կընկալվեր, եթե ես օրը մեջ ասուլիսներ տայի եւ բողոքեի, որ բացի  իմ թերթից մարդիկ կարդում են նաեւ այլ թերթեր, եւ ուղղակի կամ անուղղակի ձեւով պահանջեի պետությունից, որ բացի «Առավոտից» բոլոր մնացած թերթերն արգելվեն: Նման վարքը կհամարվեր առնվազն տարօրինակ՝ կա լրատվության, գաղափարների շուկա, բարի եղիր՝ ինքդ գտիր քո ընթերցողներին:

Բայց երբ մեր՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորներն են բողոքում աղանդներից, դա սովորաբար ընկալվում է շատ նորմալ, ավելին՝ հաճախ դիտվում է որպես ազնիվ մտահոգություն: Որ աղանդները շատ են եւ դրանց մեջ կան մարդկանց հոգեկան եւ ֆիզիկական վնաս պատճառող հոսանքներ՝ դա, իհարկե, ճիշտ է: Բայց պետությունը պետք է առաջնորդվի միմիայն օրենքով. եթե տվյալ կրոնական կազմակերպությունը ենթակա է գրանցման, այն պետք է գրանցվի եւ գործի ՀՀ օրենսդրության համաձայն: Մնացածը մեր՝ քաղաքացիներիս գործն է: Եթե ես տեսնում եմ, որ իմ կողքինը աղանդավորության հողի վրա կատարում է հակահասարակական արարքներ (օրինակ, զբաղվում է բժշկական շառլատանությամբ), ես պարտավոր եմ դիմել իրավապահ մարմիններին: Եթե ես գտնում եմ, որ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը չափից դուրս լիբերալ է, ապա պետք է պայքարեմ, որ այն խստացվի: Վերջապես, թե’ մենք, շարքային հավատացյալներս, եւ թե’ մանավանդ հոգեւորականները պետք է անպայման զգուշացնենք մեր եղբայրներին աղանդների վտանգների մասին:

Բայց պահանջել, որպեսզի պետությունը աղանդներն արգելի է՝ դա հոգեւորականների կողմից սեփական անզորության խոստովանություն է: Գտեք այն բառերը, որոնք մարդկանց հետ կպահեն սխալ ճանապարհից: Իսկ որն ավելի կարեւոր է՝ ձեզ պահեք այնպես, որ ձեր վարքը իր զսպվածությամբ եւ համեստությամբ համոզի մարդկանց՝ հետեւել ճշմարիտ հավատին: Թե չէ՝ ամեն թփի տակ «իմպերալիստական», «հուդամասոնական» կամ «մորմոնական» դավադրություններ փնտրելը՝ այդ պարանոյան եկեք թողնենք քաղաքական գործիչներին:

… Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ: Որքան գիտեմ, նա վերջերս այդպիսի այցով չէր մեկնել Սիրիա կամ Իրաք, որտեղ մեր հայրենակիցների խնդիրները հաստատ շատ ավելի ծանր են եւ որտեղ, հետեւաբար, ավելի շատ կա նրա «հայրապետության» կարիքը: Ավելին՝ Սիրիայում վերջին շրջանում նեղություն քաշող հայերի նկատմամբ Մայր աթոռը կարծես թե անտարբեր է: Ինչ խոսք, Միացյալ նահանգներում ժամանակը շատ ավելի հաճելի է անցնում՝ կուտացնեն, կխմացնեն, գուցե նվերներ կտան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930