Զուտ թվային արտահայտությամբ՝ ՀՀ կառավարության ներկայացրած 2013 թվականի պետբյուջեի նախագծում՝ առողջապահության մասով, նախորդ տարվա համեմատությամբ 7,8%-ի աճ է նախատեսվում: Մասնավորաբար, 65,2 միլիարդ դրամ եղել է 2012 թ. առողջապահական բյուջեն, 2013-ին համար նախատեսված է 70,2 միլիարդ դրամ: Այսինքն՝ բացարձակ թվերով գալիք տարվա համար 5,1 միլիարդ դրամով ավելի գումարներ են նախատեսված առողջապահության ոլորտի համար: Այս թվերը, սակայն, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանին որեւէ կերպ չեն ոգեւորում: Համեմատելով այդ հատկացումները համախառն ներքին արդյունքի հետ՝ պարոն Մկրտչյանն արձանագրել է, որ 2013-ին դեռ մի բան էլ քիչ է ֆինանսավորվելու ոլորտը` նախորդ տարվա համեմատ: Այսպես, 2012-ին առողջապահության ոլորտին հատկացվել է ՀՆԱ-ի 1,54%-ը, 2013-ին եւս պահպանվելու է նույն արդյունքը: Ավելին, կանխատեսվող սղաճն իր հերթին ավելի է ազդելու բյուջեի գնողականության եւ առողջապահական ծառայությունների մատուցման վրա: Իսկ բացարձակ թվերի աճը մեր զրուցակիցը երկու պատճառով է բացատրում` եկամտահարկի մասին օրենքի փոփոխություններով, որոնք նախատեսում էին լրացուցիչ գումարների հատկացում, եւ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը 2500 դրամով՝ հասցնելով 35 հազար դրամի: «Սա պարզապես աճպարարություն է»,- եզրակացնում է Արարատ Մկրտչյանը:
Իսկ զուտ ծրագրային առումով մեր զրուցակիցն արձանագրում է, որ 2013-ի բյուջեի հիմքում դարձյալ նույն ծրագրերն են, որոնք 1990-ականների վերջից դրվում են առողջապահության բյուջեի ձեւավորման հիմքում՝ հիվանդությունների տեսակներ եւ սոցիալական խմբեր: «Անընդհատ ասվում է, որ այդ սկզբունքը՝ պետական պատվեր հասկացողությունն իրեն չի արդարացնում, պետք է փոփոխություններ անել: Դրանք ամրագրվում են նախընտրական ծրագրերում, խոստումներ են տրվում, որոնք, իշխանության գալուց հետո մնում են թղթի վրա իբրեւ բարի ցանկություններ»,- ասում է նախկին նախարարը` «բարի ցանկությունների» շարքին դասելով նաեւ բյուջեի բացատրագրում առողջապահության մասով ամրագրված մոտեցումները, որոնք 2013-ին պետք է իբր լուծում ստանան: «Եթե ՀՀԿ-ի խոստումները դեռ հինգ տարի ունենք` տեսնելու, շոշափելու, զգալու, ապա նախագահի խոստումների առումով մենք արդեն ժամանակ չունենք սպասելու, եւ հանրությունը սպասում է, թե նախագահը ի՞նչ հաշվետվությամբ հանդես կգա ժողովրդի առջեւ: Նախագահի՝ 2008-թվականի նախընտրական ծրագրում արձանագրված առողջապահական դրույթները՝ բժշկությունը մատչելի դարձնել բոլորի համար, անցում կատարել առողջապահության բարեփոխման նոր փուլի, չեն նշմարվում: 2013-ի բյուջեն, իր բացատրագրով եւ թվային արտահայտությամբ, փաստորեն վկայում է, որ նախագահի ծրագրի առաջին թեզը գոյություն չունի, չի կատարվել: Իսկ երկրորդ թեզը դարձյալ ակներեւ է, որ ոչ նախորդ, ոչ կանխատեսվող բյուջեները չեն կատարել ու չեն կատարվելու: Եթե չարածները կարող ենք «դուրս գրել» ԲՀԿ-ի հաշվին, ապա նոր նախարարի՝ Դերենիկ Դումանյանի կողմից անընդունելի է գոնե բյուջեի նախաբանում կամ բացատրագրում չամրագրելը, որ փորձ է կատարվելու իրագործել նախագահի 2008 թվականի նախընտրական ծրագրում եղած մտահոգությունները»,- ասում է Արարատ Մկրտչյանը՝ մտահոգվելով Դերենիկ Դումանյանի քայլերից. «Այսինքն՝ մենք առաջընթաց փոփոխություններ եւս չենք կանխատեսում բյուջեի սահմաններում՝ թե բնակչության առողջապահական խնդիրների մատչելիության, թե նախագահի խոստումների առումով»:
Արարատ Մկրտչյանն արդեն մի քանի տարի է՝ ահազանգում է, որ բնակչության առողջության պահպանման խնդիրները շատ հեռու են առողջապահություն հասկացողությունից, եւ մեկ անգամ եւս ամրագրում է, որ 2013-ի բյուջեով անտեսված են առողջության պահպանման խնդիրները, թեպետ պետական նպատակի ծրագրերում ծրագրային առումով ինչ-որ բաներ ամրագրված են: «Ամբողջ բյուջեն բնակչույան բուժական ծրագրերի ուղղվածություն ունի, որոնք այնքան բազմազան են, որ համահունչ չեն բյուջեում բերված թվերի հետ: Հանրությանը խոստացվում են զարգացած երկրի առողջապահական ծառայություններ, բայց կատարվում են երրորդ երկրի մակարդակի ֆինանսական հատկացումներ: Եվ պետության խոստումների ու բյուջետային հատկացումների չհամընկնելու պատճառով մեր հասարակությունը էլի հայտնվում է խաբված վիճակում»: Այս համատեքստում մեր զրուցակիցը բերում է երկու երկրների առողջապահական տարեկան ծախսերը՝ ՀՀ վարչապետի նախընտրելի ազատ շուկայական հարաբերությունների դասական օրինակ ԱՄՆ-ի եւ ծայրահեղ սոցիալիստական Կուբայի օրինակները: ԱՄՆ-ում առողջապահական ծախսերը չորս անգամ գերազանցում են պաշտպանական ծախսերը, իսկ Կուբայում՝ երկու անգամ: Այսինքն՝ երկու դեպքում էլ առողջապահական խնդիրները գերակա են: «Քննարկելու խնդիր չէ, որ ՀՀ-ի համար պաշտպանական ծախսերը շատ կարեւոր են, բայց եթե Հայաստանը դիտարկում ենք սոցիալական, իսկ բյուջեները համարում ենք սոցիալական, ապա համամասնությունների մասով գոնե մոտենանք պաշտպանությանը հատկացվող ծախսերին»: Մեր զրուցակիցը կրկին մտահոգություն է բարձրացնում ծխելու դեմ պայքարի ծրագրի մասով, որին, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս 100 միլիոն դրամ է հատկացվում, բայց ծրագիրն իրականացնողը նորից նախագահի աշխատակազմն է. «Ես այդպես էլ չեմ կարողանում ընկալել, թե դա ի՞նչ նպատակ ունի. մրցույթնե՞ր են հայտարարվում ՀԿ-ների համար: Լավ բան է՝ բայց ինչո՞ւ նախագահի աշխատակազմը, եթե դրա համար կա պետական լիազոր մարմին: Նախագահի աշխատակազմն այլ անելիք չունի՞»:
Ընդհանուր առմամբ նախագահի վերջին խորհրդակցությունների ու այդ համատեքստում եղած «բացահայտումների» ֆոնին մեր զրուցակիցը, դատելով 2013-ի բյուջեի նախագծից, կանխատեսում է, որ «այդ խայտառակ վիճակը մենք ամրագրելու ենք նաեւ նախորդ տարվա ընթացքում»: Նախկին նախարարին նաեւ շատ զարմացրել ու հետաքրքրել է «սոցիալական փաթեթ» հասկացողությունը, որ նաեւ առողջապահական մաս ունի՝ առողջության ապահովագրական ծրագրեր: «Հետաքրքիրն այն էր, որ հանձնաժողովում բյուջեի քննարկման ժամանակ նախարարը հնչեցրեց, որ ապահովագրական ընկերություններից առողջապահության համակարգ հոկտեմբերի 15-ի դրությամբ մուտք է գործել մոտ 800 մլն դրամ: Իսկ մեզ հայտնի է, որ այդ ծրագրին 2012-ի բյուջեով հատկացվել է 8 միլիարդից ավելի գումար: Տարին ավարտվում է, եւ ընդամենը մոտ 10 տոկոսի գումարներ են մուտք գործել առողջապահության համակարգ: Ավելին՝ 2013-ին սոցիալական փաթեթի վրա ծախսվող գումարների աճ է նախատեսվում: Սա ապացուցում է, որ նախապես լրջագույնս չուսումնասիրված ծրագիր է եղել: Մինչեւ տարեվերջ շատ քիչ է մնացել, եւ մեր քաղծառայողները պարզապես չեն էլ հասցնի այդքան հիվանդանալ, որ 8 միլիարդի առողջապահական ծառայություններ ստանան: Ուստի մեկ լրջագույն թիրախ՝ կոռուպցիոն, ոչ ճիշտ կանխատեսումների, գերշահույթներ ստանալու ծրագիր է, որը եկող տարի նախատեսվում է ընդլայնել: Ո՞վ պետք է պատասխան տա այս չիրականացված եւ ոչ ճիշտ հաշվարկների ընթացքում մասնավոր ապահովագրական ընկերությունների բիզնեսը հովանավորելու համար: Եվ չսպասելով գոնե 2013-ի արդյունքների գնահատմանը` 2013-ին նույն ծրագրով աճ է նախատեսված»: Նախկին նախարարը մտավախություն ունի, որ նման, մեղմ ասած, անփույթ մոտեցումը առողջապահական ապահովագրական համակարգին կարող է հասարակության շրջանում վարկաբեկել այդ համակարգը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ