Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Այսօրվանից սկսում ենք բոլոր մարզեր այցելությունները»

Նոյեմբեր 08,2012 13:31

«Վաղվանից մենք սկսում ենք հանրապետության բոլոր մարզեր այցելությունները և ընտրողների հետ հանդիպումները, որից հետո կուսակցության քաղխորհուրդը կորոշի նախագահական առաջիկա ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափի հարցը: Առայժմ հնարավոր թեկնածուների անուններ չեն քննարկվել, բայց իմ անձնական կարծիքով, եթե կուսակցությունը որոշի ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով, այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»,- «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության հետ զրույցում երեկ տեղեկացրել էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Այսօր Aravot.am-ը տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե հանդիպումներն ինչ ձևաչափով են ընթանալու և արդյոք քննարկվելո՞ւ են խորհրդարանական համակարգին անցնելու՝ օրեր առաջ հայտարարությամբ տարածված առաջարկները: ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Այսօրվանից սկսում ենք բոլոր մարզեր այցելությունները: Ինքս հիմա գնում եմ դեպի Գյումրի, Մարալիկ, իմ բոլոր գործընկերները ևս՝ պատգամավորներ, քաղաքական խորհրդի անդամներ կլինեն հանրապետության բոլոր համայնքներում, կհանդիպեն տեղի ակտիվի, տարածքային կառույցների ներկայացուցիչների, ժողովրդի հետ, կլսեն նրանց առաջարկները, թե հանրությունը, ժողովուրդը ինչ հասարակական պահանջարկ է ձևավորում ընտրություններին ընդառաջ, ում կցանկանար տեսնել նախագահի թեկնածու: Ամբողջ ինֆորմացիան ստանալուց հետո քաղխորհրդում տեղի կունենան քննարկումներ, որից հետո ԲՀԿ-ն կհրապարակի իր որոշումը: Բնականաբար մեր հայտարարության մեջ առաջ քաշված թեզերը ևս կքննարկվեն մարզային հանդիպումների ընթացքում»:

Մեր հարցին՝ տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդատվություննե՞րը երբ կսկսեն, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Արդեն նախապես պայմանավորվածություն կա որոշ քաղաքական ուժերի հետ: Երկուշաբթի օրվանից կդիմեմ նաև մնացածներին և կհանդիպենք այն քաղաքական ուժերի հետ, ովքեր պատրաստ են արձագանքել մեր առաջարկին»:

Հետաքրքրվեցինք՝ ի վերջո օրեր առաջ իր կողմից տարածված հայտարարությունը Ն. Զոհրաբյանի անձնական կարծի՞քն էր, ինչպես որոշ քաղաքական ուժեր հասկացել էին, թե՞ կուսակցության: Տիկին Զոհրաբյանը շեշտեց. «Երբ ես ներկայացնում եմ իմ տեսակետը, շետում եմ, որ դա բացառապես իմ անձնական տեսակետն է: Առնվազն տարօրինակ կլիներ, եթե ես իմ անձնական տեսանկյունից ասեի, որ ես սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ: Անլուրջ եմ համարում տեսակետները կամ խոսակցությունները, թե ում տեսակետն է ներկայացված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ պարզ և հստակ ասված է, որ ԲՀԿ-ն առաջարկում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար է գտնում: Եթե դրանից հետո որոշ քաղաքական ուժեր չեն հասկանում, կամ ձեռք չի տալիս, որ հասկանան, դա բացառապես իրենց գործն է: Նրանք, ովքեր կընդունեն մեր առաջարկը, մենք սիրով այդ առաջարկները քննարկենք նրանց հետ, ովքեր չեն ընդունի, դա բացառապես իրենց գործն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930