Լրահոս
Օրվա լրահոսը

Բացի ՕԵԿ-ից, բոլորն ունեն իրենց երիտասարդական թիմերը, որոնք ակտիվ գործում են համացանցում

Նոյեմբեր 08,2012 13:11

Առջևում ՀՀ նախագահական ընտրություններն են։ Ինչպե՞ս կօգտագործեն քաղաքական ուժերը և թեկնածուները համացանցը քարոզարշավի ընթացքում։ Արդեն իսկ կարելի է ասել, որ սոցիալական ցանցերում մրցապայքարը սկսված է, սակայն դա արվում է քողարկված տեսքով։ Ընտրություններին ընդառաջ կրքերը կարող են սրվել։ Ինչպիսի՞ դրսևորումներ կստանա մրցապայքարը, և ինչպիսի՞ քարոզչական հնարավորություններ է ինտերնետն ընձեռում մրցակիցներին։ Հատված տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Առաջիկա նախագահական ընտրություններում այդ ամենն ակտիվորեն կկիրառվի՞։

– Միանշանակ։ Այսինքն՝ այդ տեխնոլոգիաներն արդեն իսկ օգտագործվում են գրեթե բոլոր կուսակցությունների կողմից։ Բացի «Օրինաց Երկրից», բոլորն ունեն իրենց երիտասարդական թիմերը, որոնք ակտիվ գործում են համացանցում։ Իհարկե, թիմեր կան, որոնք կեղծ պրոֆիլներ են ստեղծում կամ կեղծ խմբեր, որոնցից շատերը, հետագայում պարզվում է, որ պատկանում են բոլորովին այլ քաղաքական ուժի։ Այսինքն՝ տեխնոլոգիաները շատ լուրջ են կիրառվում, և, եթե հաշվի առնենք զուտ լսարանի վրա դրա ունեցած ազդեցությունը և կատարված ծախսերը, ապա ոչ մի հարթակ ինտերնետի հետ չի կարող մրցել։

– Ի՞նչ եք կարծում, առաջիկա ընտրություններին հնարավո՞ր է, որ, այսպես ասած՝ «ռուբիլնիկը անջատեն», և մենք զրկվենք ինտերնետից և տեղեկատվությունից։ Այնպես, ինչպես դա եղավ նախորդ նախագահական ընտրություններին հետևած դեպքերի ընթացքում։

– «Ռուբիլնիկն անջատելու» երկու տարբերակ կա՝ ֆիլտրացիա, ինչպես 2008 թվականին արվեց, երբ լրատվական որոշ կայքերի մուտքը սահմանափակվեց։ Սակայն փորձը ցույց տվեց, որ որքան շատ սահմանափակումներ են լինում, այնքան մարդիկ ավելի շատ են ցանկություն ունենում այն կարդալ։ Դե, իսկ ինտերնետ տարածք միջնորդավորված մուտքերի հնարավորությունը միշտ էլ կա։ Նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպես, օրինակ՝ Չինաստանում, որտեղ այդ ամեն ինչը շատ լուրջ հիմքերի վրա է դրված, որտեղ անգամ հատուկ կիբեռ-ոստիկանություն կա, ոը փակում է այդ ամենը, և այլն… նույնիսկ այնտեղ այդ ամենը չի աշխատում, ուր մնաց թե՝ Հայաստանում դա աշխատի։

Մյուս տարբերակն էլ այն է, որ ինտերնետն ամբողջությամբ անջատվի։ Նման փորձ եղել է միայն Եգիպտոսում։ Անցյալ տարի, երբ այնտեղ քաղաքական խռովություններ սկսվեցին, մի քանի օրով անջատեցին ամբողջ ինտերնետը։ Դա բերում է նրան, որ այդպիսով առաջին հերթին ինքը՝ իշխանությունն է իրեն շրջափակման ենթարկում, և ինքն էլ չի ունենում ինտերնետի հնարավորություն։ Բայց չէ՞ որ այդ ինտերնետն իշխանություններին պետք է նաև սեփական քարոզչությունն իրականացնելու համար։ Ինտերնետը կիսաբաց թողնել հնարավոր չէ։

Մի հետաքրքիր բան, սակայն, պետք է ասեմ. Պետդեպարտամենտն անցյալ տարի հայտարարեց, որ այս ամենից ելնելով՝ սկսել են տեխնոլոգիական հատուկ լուծումներ մշակել, որոնք թույլ են տալիս որևէ երկիր ինտերնետ ներմուծել այն ժամանակ, երբ այն հատուկ անջատվում է։ Օրինակ՝ անօդաչու թռչող սարքերը կարելի է օդում պտտեցնել և wifi բաժանել, և այլն։ Այսինքն՝ նման լուծումներ էլ կան: Կամ, օրինակ, նույն Եգիպտոսում ինտերնետն անջատեցին, սակայն Google-ը մտցրեց անվճար հեռախոսազանգի հնարավորությունը։ Մարդիկ զանգում ինչ-որ բան էին ասում՝ և այդ հաղորդագրությունն իրենք գրում էին Twitter-ում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ ավելի պարզ լուծումներ էլ կան։ Օրինակ, դուք կարող եք կանգնել սահմանին մոտ և բջջային կապով օգտվել հարևան երկրի ինտերնետից, և այլն։ Չեմ կարծում, որ նման որևէ բան լինի մեր երկրում։

Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930