Կառավարության որոշումներից մեկը, որ վերաբերում է երկրի տարբեր հնավայրերից խաչքարեր ու այլ հուշարձաններ ժամանակավորապես տեղահանելուն, հանրության նախանձախնդիր ներկայացուցիչների բողոքն է հարուցել։
Դժգոհություններն առայժմ խմորվում են խնդրով շահագրգիռ շրջանակներում, բայց չի բացառվում, որ այդ խմորումները բողոքի ավելի լայն դրսեւորումների տեղիք տան։ Մասնավորապես «Ֆեյսբուք» սոցցանցում այս խնդրով հետաքրքրված օգտատերերին միավորող խմբում նախօրեին արդեն հայտարարություն տարածվեց նոյեմբերի 9-ին կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց անցկացնելու, խնդրահարույց որոշումը վերանայելու համապատասխան պահանջագիր-նամակ հանձնելու վերաբերյալ։
Նույնպիսի մի պահանջագիր էլ նախաձեռնողները մտադիր են փոխանցել մշակույթի նախարարին։
Խոսքը «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշման մասին է, որը կառավարությունն ընդունել է սեպտեմբերի 13-ին։
Այդ որոշմամբ կառավարությունը Հայաստանի պատմության պետական թանգարանին թույլատրել է մարզերի տարածքներից հավաքել եւ 2012թ. սեպտեմբերին Երեւան տեղափոխել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ եւ թանգարանի բաց սյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն՝ «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով։
Ոչ պակաս ուշագրավ է, որ այդ «ժամանակավոր ցուցադրությունը» նախատեսվում է 4 տարի, այսինքն՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր, որից հետո ցուցանմուշները պետք է վերադարձվեն այն վայրերը, որտեղից բերվել են։
… Նշենք, որ նախատեսված 63 հուշարձաններից 40-ը արդեն տեղափոխվել է Երեւան։ Ի դեպ, հավելենք, որ ոչ բոլոր դեպքերում է հաջողվել իրականացնել նախատեսված տեղահանությունը։ Եղել են դեպքեր, որ մարդիկ տեղերում դիմադրել կամ թույլ չեն տվել ձեռք տալ իրենց հայրենի տարածքում գտնվող հուշարձանին։
Եվ իսկապես, ինչո՞ւ չգնալ այդ ճանապարհով, որը, կարծում ենք կառուցողական տարբերակ է։ Օրինակ, Հանրապետության հրապարակի մերձակայքում տեղադրված Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին սեպագիրը բնօրինակի խոշորացված պատճենն է։ Եվ ի՞նչ, մի՞թե այն դրանից պակաս տեսարժան է դառնում։
Նման մոտեցումը հնարավորություն կտա, որ ե՛ւ հուշարձանները չտեղահանվեն, ե՛ւ զբոսաշրջային հետաքրքրությունը պահպանվի։ Ի լրումն, մի խումբ վարպետ քանդակագործներ, խաչքարագործներ իրենց հմտությունները կատարելագործելու հնարավորություն կստանան, հետաքրքիր աշխատանքով ապահովված կլինեն մի որոշակի ժամանակ։ Վա՞տ է։
Խաչքարերի տեղահանության հարցը, ի դեպ, մեկ այլ կողմ էլ ունի։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մի նոր «հիվանդություն» է ի հայտ եկել։ Զանազան անհատներ, հիմնականում՝ տարբեր ունեւորներ մեկ էլ գնում ու մի որեւէ խաչքար, անգամ՝ տապանաքար տեղահանում եւ բերում իրենց բակում են ցցում։ Դա ամենաիսկական վանդալիզմ է։ Պետական համապատասխան մարմինները պարտավոր են նման դեպքերը քննել, բացահայտել, մեղավորներին ենթարկել պատասխանատվության։
Բայց եթե պետությունն ինքն էլ սկսի նման զանգվածային ձեւով մի քանի տասնյակ հուշարձան տեղահանել, ապա չենք կարծում, որ դա լավ օրինակ կլինի զուտ հոգեբանական տեսանկյունից։ Եթե որեւէ հուշարձան նշվում է որպես անշարժ, ապա դա նախեւառաջ նշանակում է, որ այն տեղից շարժել չի կարելի։ Եվ վերջ։
Իսկ ընդհանրապես, գուցե կառավարությունը այնուամենայնիվ սովորի՞ այս կարգի հարցերը նախապես հանրության քննարկման առարկա դարձնել եւ հետո նոր միայն ինչ-որ հայտարարի գա։
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»