Արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները Տավուշի մարզի փայտամշակման ձեռնարկություններում եւ անտառներում ակտիվորեն ստուգումներ են իրականացնում: Ստուգումները սկսվել են Իջեւանի անտառտնտեսությունից, հետո շարունակվել Սեւքարի եւ Նոյեմբերյանի անտառտնտեսություններում:
Մեր աղբյուրները հայտնում են, որ կա ձերբակալված, Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի բնակիչ Սամվել Ստեփանյանը,ով իր առանձնատան բակում փայտի մշակման արտադրամաս ունի: Նա այժմ պահվում է ոստիկանության Դիլիջանի բաժնում:
Լուրեր կային, որ ձերբակալվել է նաեւ Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը: Սակայն իրավապահ համակարգից ճշտեցինք, որ նա ձերբակալված չէ, փայտամշակման արտադրամասը, ուր կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ֆինանսական բնույթի խախտումներ են հայտնաբերել, գրանցված է ոչ թե գյուղապետի, այլ՝ նրա որդու անունով:
Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնից տեղեկացանք, որ փայտամշակման 14 ձեռնարկություններում «6-րդ վարչության» կատարած ստուգումների արդյունքների վերաբերյալ բնապահպանական տեսչության մարզային բաժինը փորձագիտական եզրակացություններ է տալու:
Կարդացեք նաև
Հավելենք, որ մոտ մեկ ամիս առաջ ազգային անվտանգության աշխատակիցները ստուգումներ են կատարել Նոյեմբերյանի անտառտնտեսության տարածքում, հայտնաբերել ապօրինի ծառահատումներ: Մեր տեղեկություններով՝այդ պատճառով աշխատանքից ազատվել են երկու անտառապետ, մի քանի անտառապահներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ