Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իշխանյան. «Որտեղի՞ց եւ որքա՞ն վերցնել եւ ինչպես բաշխել». խոսքը գիտության ֆինանսավորման ավելացման մասին է

Նոյեմբեր 08,2012 12:48

Խորհրդարանական հանձնաժողովներում ավարտվեցին 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Գիտնականները կրկին անբավարարված են` տարիներ շարունակ գիտությունը մնացորդային եղանակով է ֆինանսավորվում, որը պատճառ է դառնում ուղեղների արտահոսքի, գիտության ծերացման: ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանն անընդունելի է համարում գիտության ֆինանսավորումը նախորդ տարիների մակարդակին թողնելը: Ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու համար նրա կարծիքով անհրաժեշտ է մոտավորապես 7-8 մլիարդ դրամ` որը եղած 11 միլիարդ դրամի գիտության ֆինանսավորմանը գումարելով կարելի կլինի նորմալ սերնդափոխություն ապահովել: Գիտնականներն առաջարկների մի մեծ փաթեթ են ձեւավորել`գիտության ֆինանսավորումն ավելացնելու 30 առաջարկով, որտեղ նշված են աղբյուրները, օգտագործման ուղղությունները եւ այլ մանրամասներ: Դրանք ժամանակին ուղարկվել են Ազգային ժողովի խմբակցություններին, ԱԺ հանձնաժողովներ, կառավարություն: Դրանցից ամենակարեւորը գիտական փորձաքննության մասին օրենքի ընդունումն է, որպեսզի գումարները արդարացիորեն բաշխվեն եւ հասնեն լավագույն աշխատողներին: Երկրորդ գլխավոր առաջարկն այն է, որ 1, 3 մլրդ դրամի անհապաղ ավելացման խնդիր դրվի, քանի որ այսօր լրջորեն խախտված է թեմատիկ եւ բազային ֆինանսավորումների համամասնությունը եւ անհրաժեշտ է այդ համամասնության վերականգնում` հօգուտ թեմատիկի: Առաջարկով թեմատիկ ֆինանսավորման չափն ավելանում է այնքանով, որ միջին աշխատավարձը դառնա 120 հազար դրամ, հիմա 70 հազար է, ապա ավելացվի դրամաշնորհների քանակը, որպեսզի հնարավոր լինի ընդգրկել իրապես աշխատող բոլոր խմբերին:

Ֆինանսների ավելացմանը զուգահեռ, փաստորեն շատ կարեւոր է դրանց արդարացված եւ հասցեագրված բաշխումը: Ու դրա համար կարեւոր փորձաքննության մասին օրենքի ընդունումը առաջնահերթ է, այն քննարկվել է բոլոր մակարդակներով` ակադեմիայում, գիտպետկոմում, Հայաստանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ, բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ բազմիցս, եւ այսօր արդեն այդ մեխանիզմի դեմ առարկություններ չկան: Այսինքն` բոլորի համար պարզ է` ֆինանսները պետք է բաշխել մրցակցային ձեւով եւ փորձաքննությամբ, որը պիտի իրականացվի անկախ փորձագետների միջոցով: Անգամ Հայաստանի նախագահը երկու անգամ հրահանգ է տվել այդ օրենքի ընդունումն արագացնել, այնուհանդերձ` ոչինչ չի արվել, որովհետեւ նմանատիպ փորձաքննության պարագայում շատ մարդիկ կտուժեն, ովքեր օգտվում են այդ կերակրամանից, համենայնդեպս այդպես է կարծում Ա. Իշխանյանը. «Փաստացի գիտությունն ունի երեք հարց` ֆինանսները որտեղի՞ց վերցնել, որքա՞ն վերցնել եւ ինչպե՞ս բաշխել: Որտեղից. կոչ ենք անում բոլոր գերատեսչություններին` փնտրել ներքին ռեսուրսներ` երկու եղանակով ավելացնելու գիտության ֆինանսավորումը` ոչ ուղիղ ծախսերից ոչ ուղիղ մասնահանումներ կատարել, օրինակ` ռազմարդյունաբերական համալիրին ավելի մեծ հատկացումներ արվեն բանակին հատկացված միջոցներից` հենց գիտատար հենքի վրա, այսինքն` ոչ ուղղակի մասնահանման մի օրինակը ռազմաաարդյունաբերական համալիրին զարկ տալն է: Մյուս օրինակը` սպորտի եւ երիտասարդության գործունեության մեջ ընդհանրապես բացակայում է գիտնական բառը, չնայած այնտեղ ամենաինտելեկտուալ երիտասարդների մի մասն են: Այս նախարարությունն իր ֆինանսների մի մասը կարող է ուղղել գիտական ուղի. գիտաժողովների կազմակերպում, մրցանակների սահմանում, գիտահետազոտական խմբերի ֆինանսավորում, այսինքն` ֆինանսներն ուղղեք կրկին երիտասարդներին, բայց այս ուղղությամբ: Իմ պնդումն այն է, որ բոլոր գերատեսչություններում կան ներքին ռեսուրսներ, որոնք կամքի դեպքում կարող են ուղղվել այս ուղղությամբ: Ես բերեմ ինչ- որ տեղ շատ մասնավոր օրինակ` Ազգային ժողովը: Կա ԱԺ նախագահի ֆոնդ, որը չգիտես ինչու այսքան տարիներ չի ծախսվել գիտության ոլորտում որեւէ մրցանակի համար, երբ սա ամենաընդունված պրակտիկան է. Աժ նախագահը կարող է սահմանել այս կամ այն ոլորտում մրցանակներ: Ես առաջարկում եմ, որ նա սահմանի մի շարք մրցանակներ, մասնավորապես Հակոբ Չամիչյանի անվան մրցանակ (իտալացի սենատոր եւ գիտնական Լուիջի Ջակոմո Չամիչյան): Մի խոսքով` իմ պնդումն այսպիսին է` բոլոր գերատեսչությունները կարող են անել մասհանումներ, որովհետեւ գիտությունը հայտարարված է գերակա, իսկ այդ գերատեսչությունները գերակա չեն:Եթե երկրի ապագան կապում ենք գիտության հետ` դա պետք է անել»:

Ուղիղ մասհանման մի օրինակ էլ բերեց` օրինակ Երեւան քաղաքի սուբվենցիան 6,6 մլրդ դրամ է բյուջեով հատկացված, որից 3,3 միլիարդ դրամը նախատեսված է ասֆալտի ճաքալցման, մայթեզրերի քարերի փոխման համար. «Ես կարծում եմ` երկիրը մեկ տարի կարող է դա չանել գոնե մասամբ, քանի որ սա, նուրբ արտահայտվեմ, ֆինանսների ոչ արդյունավետ օգտագործման աղբյուր է: Իսկ գիտության մեջ որակական փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է 1,3 մլրդ դրամ` ահա աղբյուրը»:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930