Զինված ուժերին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործով սեպտեմբերի 29-ին կալանավորված եւ այժմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Ալբերտ Օհանջանյանին նոյեմբերի 8-ին հրավիրել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան եւ փող են ուզում։ «Արմենտել» ՓԲԸ-ն ս. թ. փետրվարի 29-ին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Կապանի մսի կոմբինատի՝ «Ա. Օհանջանյանի միս» ԱՁ-ի՝ մատուցած ծառայությունների դիմաց 2 մլն 174 հազ. 694 դրամ գումար բռնագանձելու պահանջով։ Եվ ուշագրավ է, որ այդ պահանջը հայցվորը ներկայացրել էր պայմանագիրը լուծելուց 3 տարի անց, երբ, հավանաբար, Կապանում արդեն սկսել էին խոսակցություններ շրջանառվել Կապանի մսի կոմբինատի օտարման կամ Օհանջանյանի գործերի «վատ» լինելու մասին։ Գուցե դա էր եղել պատճառը, որ «Արմենտել»-ի ներկայացուցիչները դատարան մտնելուց հետո միանգամից դատարանից խնդրել էին հայցի ապահովման միջոց կիրառել, ինչը չէր բավարարվել։ Ա. Օհանջանյանն էլ հավանաբար ավելի շուտ էր զգացել գոմեշի մսի պատմության վատ հետեւանքների մասին եւ գարնանը «Ա. Օհանջանյանի միս»-ը վերակազմավորել էր «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կատարվել էր կողմի փոխարինում։ Եվ պատասխանող կողմը՝ ի դեմս նույն Ա. Օհանջանյանի, խնդրել էր ամբողջությամբ մերժել հայցը՝ հայցային վաղեմության հիմքով, քանի որ անցել էր դատարան դիմելու վաղեմության ժամկետը՝ 3 տարին։ Դատարանն էլ հետազոտել էր գործի նյութերը եւ համոզվել, որ պայմանագիրը լուծվել է 2009-ի փետրվարի 16-ին, իսկ հայցվորը դատարան է դիմել 2012-ի փետրվարի 29-ին։ Այսինքն՝ հայցը 13 օր ուշացնելու պատճառով «Արմենտել»-ը զրկվել է 2 մլն-ից, սակայն հույսը դեռ չի կորցրել եւ դատական ակտը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Ա. Օհանջանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Էլմիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»