Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Արթուր Գրիգորյանը դատի է տվել ՀՀ փաստաբանների պալատին

Նոյեմբեր 08,2012 12:36

Արթուր Գրիգորյան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանի հայցով նախնական դատական նիստը: Նա դատի էր տվել ՀՀ փաստաբանների պալատին եւ դատարանը վիճարկում է պալատի խորհրդի այս տարվա ապրիլի 6-ին իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հիման վրա կայացրած որոշումը:

Այսօր հայցվորը դատարան չէր եկել, իսկ փաստաբանների պալատը ուժեղացրել էր իր կազմը. եթե նախորդ դատական նիստին ներկա էր Մանե Կարապետյանը, այսօր նրա կողքին էին Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը եւ պալատի խորհրդի անդամ Գեւորգ Գյոզալյանը:

Հայցվոր փաստաբանը այսօր դիմում էր ուղարկել դատարան, հայտնելով, որ լրացուցիչ միջնորդություն չունի եւ որ նայել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի թարգմանությունները եւ գտնում է, որ դրանք ոչ թե ապացույցներ են, այլ իրավական ակտեր:

Դատարան էր ներկայացել նաեւ փաստաբան Վահե Հովսեփյանը՝ նախկին վարչապետ Հրանտ Բարգատյանի ներկայացուցիչը, որը միջնորդեց իրեն ճանաչել ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ: Դատարանը մերժեց այն, ակնարկելով, թե այն կարող է հետագայում առիթ դառնալ Հ. Բագրատյանի եւ Արթուր Գրիգորյանի միջեւ իրավական օգնություն ցույց տալու շուրջ բանավեճի:

Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը հանդես եկավ Արթուր Գրիգորյանի կողմից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ փաստարկներով: Նա հայտնեց, որ կարգապահական վարույթ է հարուցվել պալատի խորհրդի կողմից Հրանտ Բագրատյանին իրավական օգնություն ցույց տալու փաստի հետ կապված եւ վստահորդը տեղյակ չի եղել իր գործով ներկայացուցչի գործունեության մասին: Նա նաեւ ներկայացրեց պալատի խորհրդի արձանագրությունը, հայտնելով, որ ինքը չի մասնակցել քվեարկությանը, ինչը որ պնդել է հայցվոր փաստաբանը:

Ի դեպ, հայցվորը նշել էր, որ Արա Զոհրաբյանը շահագրգիռ անձ է, քանի որ նա «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» թերթի» գործով եղել է թերթի ներկայացուցիչը: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Արթուր Գրիգորյանի նկատմամբ վարույթ հարուցվել է Հրանտ Բագրատյանի դիմումի հիման վրա եւ ոչ թե «Հրապարակ» օրաթերթի: Խորհուրդը «Հրապարակ» օրաթեթի նկատմամբ  կանխակալ կարծիք չի ունեցել եւ գործի քննությունն իրականացրել է օբյեկտիվ: «Եթե անգամ ենթադրենք, որ պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը խորհրդի անդամներ, Արա Զոհրաբյանը եւ Հայկ Ալումյանը շահագրգռված են եղել հայցվորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում, ապա նրանցից եւ ոչ մեկը վիճարկելի որոշման կայացմանը չի մասնակցել: Խորհրդի անդամ Արա Զոհրաբյանը հայտնել է ինքնաբացարկ եւ նույնպես չի մասնակցել հարցի քննարկմանը»,- ասաց պատասխանող Ա. Զոհրաբյանը:

Գեւորգ Գյոզալյանը նկատեց, որ հայցվորը երբ հղում է անում Եվրոպական դատարանի որոշումներին, չի ասում, թե որքանով են դրանք առնչվում այս գործի հետ: Նա նաեւ ասաց, որ նվազագույնը համոզիչ չեն Արթուր Գրիգորյանի հղումները:

Ապացույցների բեռը սահմանելիս դատարանը Արթուր Գրիգորյանի վրա դրեց ապացուցել, որ իր նկատմամբ կիրառված կարգապահական վարույթը հակասում է «Փաստաբանների մասին» գործող օրենքին եւ գործող Վարքագծի կանոնագրքին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930