«Սա իրավիճակային հայտարարություն չէ եւ պայմանավորված չէ նրանով, թե ներկայիս քաղաքական դաշտում ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն». հայտարարությունն ընթերցելուց հետո համանման պարզաբանումներով հանդես եկան ՀՅԴ ԳՄ անդամներ, խորհրդարանական խմբակցության ղեկավար եւ քարտուղար Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: Դաշնակցական ղեկավարները համոզված են, որ իրենց առաջ քաշած խնդիրները ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է երկիրը դուրս բերել տեղապտույտից եւ հեռանկար ուրվագծել:
Նրանք վստահեցնում են, որ իրենց չի հուզում, թե հայաստանյան ներկայիս քաղաքական դաշտում որ ուժն է իշխանությունը, որը՝ ընդդիմություն: Դաշնակցականները վստահեցնում են, որ իրենց մեկ խնդիր եւ նպատակ է հուզում՝ երկրի ապագան: «Մեր խնդիրը նախագահի անձը չէ, այլ այն, որ գա անձ, ով պատրաստ է հրաժարվել նախագահական կառավարման համակարգից, վերցնել իր վրա պարտավորություն եւ բեռ՝ երկիրը լուրջ տնտեսական բարեփոխումների տանելու»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Այս համատեքստում Աղվան Վարդանյանն էլ կարեւորեց ԲՀԿ-ի գիտակցումը Հայաստանի կառավարման համակարգը փոփոխելու վերաբերյալ: Վարդանյանը չբացառեց, որ նախագահական ընտրություններից առաջ ԲՀԿ-ի այդ քայլը նաեւ տակտիկական նշանակություն ունի, քանի որ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն չէր խոսում խորհրդարանական համակարգին անցնելու մասին: Դա, սակայն դաշնակցականներին քիչ է հուզում: Նրանց համար կարեւոր է այն, որ ԲՀԿ-ն եկել է այդ գիտակցության:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ