2013թ. փետրվարին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունը մեր անկախ պետականության անցած ճանապարհը վերաիմաստավորելու, երկրի ու հասարակության խնդիրները ճիշտ ձեւակերպելու, ժողովրդի բարեկեցությունն ապահովող գործողություններ նախանշելու, արտաքին մարտահրավերները արժանապատվորեն դիմակայելու բացառիկ հնարավորություն է։ Ակնհայտ է, որ միայն մրցակցային, բովանդակությամբ ազատ, արդար, նոր որակի ընտրությունների դեպքում կվերականգնվի հասարակության վստահությունը, կբարելավվի բարոյահոգեբանական մթնոլորտը, երկիրը բնականոն, անվտանգ և թռիչքաձև զարգացման հեռանկար կունենա։
Առ այդ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այս հայտարարությամբ, քաղաքական օրակարգ է բերում այն հիմնախնդիրները, որոնց առաջադրմամբ և լուծմամբ կարող ենք դուրս գալ տևական տեղապտույտից.
1. Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձեւավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ. բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի։
2. Մինչև 2015թ. ավարտը նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ` կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նպատակով:
3. Իշխանություններին վերահսկելու եւ հակակշռելու նպատակով՝ օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը։ Մասնավորապես` Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաև ստեղծվելիք հակակոռուպցիոն գործակալության ղեկավարումը վերապահել ընդդիմությանը: Վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմությանը քվոտա ամրագրել:
4. Հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ դարձնելով նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը և աղքատության վերացումը:
5.Ամրագրել պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը հավասար հնարավորություններով հասարակության կայացման, բարիքների ստեղծման ազատությունը և դրանց բաշխման արդարությունը ապահովելու գործում: Սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը:
6. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը:
7. ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք: Ամրագրել, որ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ կարգավիճակի և անվտանգության առաջնայնությունը:
Ետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել` մեկնելով ազգային անվտանգության ռազմավարությունից, չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը:
Հ.Յ. Դաշնակցությունը համոզված է, որ այս խնդիրների լուծումն է մեր առաջնահերթությունը։ Նախագահական ընտրություններից հետո, հաջորդ հինգ տարիներին, պետական կառավարման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ընտրվելիք նախագահի՝ այս մարտահրավերները գիտակցելու, ստանձնելու եւ լուծելու հանձնառությամբ։
Մեկնելով այս հաստատումներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնում է քաղաքական քննարկումներ կուսակցությունների, հասարակության լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ։
Այդ քննարկումների արդյունքում Դաշնակցությունը կհստակեցնի իր մասնակցության ձեւն ու տարողությունը նախագահական ընտրություններին։
Հարգելի հայրենակիցներ,
Մենք վստահ ենք` առկա հիմնախնդիրների ճիշտ ձեւակերպումը գործի կեսն է արդեն։ Ակնկալում ենք, որ դերակատար ուժերն ու հասարակության ակտիվ հատվածը կհամախմբվեն քաղաքական այս պլատֆորմի շուրջ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին