Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ թեկնածության վրա խաղադրույք կկատարեն Արևմուտքը և Ռուսաստանը Հայաստանում

Նոյեմբեր 08,2012 11:15

Հատված քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ հարցազրույցից

– Ռուսաստանն ի՞նչ ազդեցություն ունի ընտրություններում ՀԱԿի մասնակցության վրա, և նրա ձգտումը միանալու ԲՀԿ-ի հետ պայմանավորված չէ՞ նաև ԲՀԿ-ի ռուսական կողմնորոշմամբ:

– Ես չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ` Ռուսաստանն ի՞նչ ազդեցություն ունի ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վրա: Մենք գիտենք, որ ԲՀԿ-ն գործընկերային հարաբերություններ ունի ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, որոշակի տնտեսական ներկայություն է ապահովում Հայաստանում, ցուցահանդեսներ է կազմակերպում և լրատվական դաշտում քննարկման առարկա է դարձնում Եվրասիական միության հարցը: Այսինքն` ինչ-որ կապեր կան, թե ինչքանո՞վ են դրանք ռուսական ընկալվում, դա ուրիշ հարց է: ՀԱԿ-ի կապերը ՌԴ-ի հետ, ճիշտն ասած, ես չեմ տեսել, բացի այն, որ մամուլում գրում էին, թե ՀԱԿ-ի որոշ ղեկավարներ ժամանակ առ ժամանակ գնում են Մոսկվա, բայց դա տեսանելի չէ: ԲՀԿ-ինը` տեսանելի է:

ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միակ խնդիրն այն է, որ նրանք հստակ աշխարհաքաղաքական ուղղվածություն չեն հայտարարում և օրիենտացիոն գործունեություն չեն իրականացնում: ԲՀԿ-ն ինչ-որ չափով հարաբերվում է Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ չմոռանանք մեկ այլ հանգամանք, որ վերջերս ԲՀԿ-ի հետ բավական լավ աշխատանք տարան, այսինքն` հանդիպումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի և Եվրամիության որոշ երկրների դեսպանների հետ:

Այսինքն` ԲՀԿ-ն միանշանակ չէ, որ ռուսական  կողմնորոշում ունի: Քանի որ ԲՀԿ-ն ազդեցիկ ուժ է, բնականաբար, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ` Արևմուտքը, շատ կցանկանային, որպեսզի ԲՀԿ-ն լիներ իրենց կողմնակիցը: Արևմուտքն էլ պակաս ցանկություն չունի ԲՀԿ-ին տեսնել որպես, այսպես ասած, արևմտամետ կողմնորոշման ուժ: Իսկ ՀԱԿ-ը դեռևս հստակ ուղղվածություն չի դրսևորել: Քանի դեռ իրենք չեն հստակեցրել` Եվրամիությա՞ն կողմնակից են, թե՞ Եվրասիական միության, ՀԱՊԿ-ի՞ հետ են ուզում կապերն ամրապնդել, թե՞ վերջնական նպատակն անդամ դառնալ է, քանի ուղղվածություն չեն հռչակել և օրիենտացիոն գործունեություն չեն իրականացնում, այդ անորոշությունը մնում է:

– Դուք նշեցիք ԲՀԿ-ի և Արևմուտքի շփումների մասին: Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված հայտնի գործից հետո, երբ նրա պաշտպանությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի դեսպանը, կարծիքներ հնչեցին, որ Արևմուտքի ընտրությունը` որպես ընդդիմության թեկնածու կարող է կանգ առնել Օսկանյանի վրա: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Դա չի, բացառվում, դա աշխատող տեսակետներից մեկն է: Ինչո՞ւ, որովհետև Արևմուտքը հասկանում է մի բան. եթե դու ցանկանում ես տվյալ երկիրը դարձնել արևմտամետ, պետք է ոչ թե գազի կամ, ասենք, կապի ենթակառուցվածքները գնես և դարձնես քո տնտեսությունը, այլ այդ երկրի քաղաքական շրջանակներին դարձնես արևմտամետ: Ի վերջո, հասկանալի է, որ ոչ թե ժողովուրդն է որոշելու, թե երկիրն ինչպե՞ս կզարգանա, այլ` քաղաքական վերնախավը: Քանի որ ԲՀԿ-ն այսօր ազդեցիկ քաղաքական ուժ է, իմ կարծիքով, Արևմուտքի համար շատ ցանկալի կլիներ, որ ԲՀԿ-ի կողմնորոշումը լիներ արևմտամետ և ցանկանար ինտեգրվել արևմտյան քաղաքական ընտանիքին:

Այդ իսկ պատճառով շատ տրամաբանական է, երբ նրանք մեծ ուշադրություն են դարձնում ԲՀԿ-ին և հատկապես Վարդան Օսկանյանին գործոնին, ով ընդգծված քաղաքական գործիչ է, և հասկանալի է, որ արևմտյան քաղաքական էլիտայի համար նա ընկալելի գործիչ է` ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, որովհետև, ճիշտ է, երկուսն էլ քաղաքական գործիչներ են, բայց Վ.Օսկանյանն, իմ կարծիքով, ավելի ընկալելի է Արևմուտքի համար:

Նկատենք ևս մի բան, որ Արևմուտքի դերը միգուցե ոչ շատ նկատելի, բայց կամաց-կամաց ավելի է ուժեղանում Հայասատանի հասարակական-քաղաքական դաշտում, քան Ռուսաստանի դերը: Այնպես որ` եթե պայմանականորեն ասենք, Արևմուտքի դերը նախագահական ընտրարշավում կլինի մոտավորապես 50,1 %, իսկ Ռուսաստանի դերը` 49,9%: Սա, իհարկե, պայմանական թվեր են:

– Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո եղան վերլուծաբանների տեսակետներ, թե Արևմուտքը, փաստորեն, ձեռնունայն թողեց Ռուսաստանին Վրաստանում, քանի որ Ռուսաստանը հաշվարկ էր կատարել վրացական ընդդիմության վրա և զորքեր կենտրոնացնելով Վրաստանի հետ սահմանին` ծրագրում էր մտնել Վրաստան, եթե գործող իշխանություններն ուժ կիրառեն ընդդիմության նկատմամբ: Սակայն Արևմուտքի հզոր մեսսիջ ուղարկեց Սահակաշվիլիին, որ վերջինս պետք է անցկացնի արդար ընտրություններ և պետք է հաղթի ընդդիմությունը: ՎերջերսԵվրոպական Ժողովրդական կուսակցության գագաթաժողովում Սերժ Սարգսյանը խոստացավարդար և ազատ ընտրություններ անցկացնել  ՀՀ նախագահական ընտրություններինՍա ի՞նչմեսիջ էր, և արդյոք հնարավոր համարո՞ւմ եք վրացական սցենարի կրկնությունը Հայաստանում:

– Վրաստանում վերջին իշխանափոխությունից առաջ 8 տարի շարունակ տեղի են ունեցել տնտեսական բարեփոխումներ, հասարակությունը, կոպիտ ասած, բիոմասսայից վերածվել է հասարակության, որովհետև մինչև Սահակաշվիլին Վրաստանի հասարակությունն այսօրվա մեր հասարակությունից չէր տարբերվում: Երկրորդը` Սահակաշվիլին ստեղծել է կառավարման մի համակարգ, որն իհարկե թերություններ ունի, բայց եթե Սահակաշվիլին մնար իշխանության, այդ համակարգը նորից ծառայելու էր Սահակաշվիլիին: Բայց եթե Սահակաշվիլին հեռանում է, կառավարման ժողովրդավարական համակարգն արդեն սկսում է հասարակությանը ծառայել, ինչպես ԱՄՆ-ում. կլինի Օբաման, Ռոմնին, Բուշը, թե Ռեյգանը` նշանակություն չունի: Այդ պատճառով Արևմուտքը դեռ բավական երկար ժամանակ առաջ Սահակաշվիլիին հասկացրել էր, որ նա այլևս ոչ մի կարգավիճակով չպետք է մնա Վրաստանի ղեկավար, որպեսզի իր ստեղծած համակարգը սկսի արդեն Վրաստանի համար աշխատել:

Ինչ  վերաբերում է Հայաստանի մեսիջներին, բնականաբար, գործող նախագահը կարող է շատ ելույթներ ունենալ, բայց այստեղ կարևորը այդ մեսսիջները չեն: Կարևորն այն է, թե Արևմուտքը` հանձինս գործող նախագահի, կհամաձայնվի՞ նրա նախագահության շարունակությանը, թե՞ ոչ:

Ի դեպ, ասեմ`Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են հանգել փոխզիջումային թեկնածուի վրա, և այդ թեկնածուին էլ, այսպես ասած, աջակցել: Ի՞նչ է նշանակում աջակցել. դա չի նշանակում պարտադիր ինչ-որ հայտարարություններ անել, կարող են ուղղակի աչք փակել կեղծված ընտրությունների վրա: Դա նույնպես աջակցության ձև է: Բայց մի բան պարզ է, որ դեռևս հստակ չէ, թե ո՞ր թեկնածուի վրա են թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը հիմնական խաղադրույքը կատարելու: Դա երևի պարզ  կլինի դեկտեմբերի կեսերին, երբ կկայանան բազմաթիվ միջազգային հանդիպումներ, որոնց ընթացքում շատ հարցեր կհստակեցվեն նույն Եվրասիական միության, Մաքսային միության հետ կապված, նաև հավաքներ կլինեն  ԵԽ ԽՎ-ում, ԵՄ Արևելյան համագործակցության շրջանակներում և այլն:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

«168 ժամ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930