Դերասան եւ ռեժիսոր 27-ամյա Սարգիս Արզումանյանը ցանկացավ տեսնել այլ թատրոն, որոշեց հիմնադրել սեփականը, որը կլիներ տարբեր, կունենար իր հանդիսատեսը: Նախկինում «Իրական», հիմա արդեն «Իրական հոգեբանական» թատրոնը նոյեմբերի երկրորդ կեսից պատրաստ է խաղաշրջանը սկսելու: Արդեն թատրոնն ունի իր տարածքը, սպասվող խաղաշրջանի խաղացանկը:
«Մինչեւ թատրոնը հիմնադրելը շատ եմ ուսումնասիրել հայ թատրոնի գործունեությունը: Հասկացա, թե ինչն է պատճառը, որ հանդիսատեսը չի գնում թատրոն, փորձեցի դա շտկելու համար ստեղծել նորություն, այլ տեսակի մի բան, որտեղ որ հանդիսատեսը կգնա սիրով, այդտեղ իրեն լավ կզգա»,- ասում է Սարգիս Արզումանյանը: Կարծում է` թատրոնին պետք է ոչ թե տեսողական վիճակ, այլ հոգեբանական: Երիտասարդ ռեժիսորն զգում է`այսօր մարդկային զգայական աշխարհն հանգել է, մարդիկ հասկանում են այն, ինչ տեսնում են: «Թատրոնը դարձել է նկար` լինի գեղարվեստական, թե ֆոտո, թե այդտեղից ինչ էներգիա է փոխանցվում, չի զգացվում: Փորձեցի ստեղծել թատրոն, որը կարթնացներ դա»,- ասում է Սարգիսը: Դեռ 2010թ. իր գործունեությունն սկսած երիտասարդ ռեժիսորին օգնել են իր կուրսընկերները, հետո օգնողների թիվը մեծացել է: Սկզբնական շրջանում թատրոնի հանդիսատեսի կազմում եղել են մասնագետներ, որոնց կարծիքները մեծ դեր խաղացել ներկայացումների կայացման գործում, հետագայում լսարանը դարձել է տարբեր սեռի, տարբեր տարիքի եւ նախասիրությունների: Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային», Սիլվիան Դպյուիի «Երկրորդ անկումը» և Արթուր Էդարի «Հոգեվերլուծություն և Հոգեբանություն» պիեսների միաձուլումից «Անկում»-ը. Ներկայացումներից են, որոնք բեմադրվել են «Իրական» թատրոնում: «Ներկայացումները եղել են գործեր, որոնք կարող էին բեմադրել բոլորը, բայց ես պիեսը այլ ուղղությամբ եմ զարգացնում, կերպարների հոգեբանությունն եմ փորձում բացահայտել: Մասնագետները մի փոքր այլ աչքով են նայում, նրանք ասում են` ինչպե՞ս կարելի է այդ կողմով նայել, չեմ համաձայնվում մեր հետ, որովհետեւ մասնագետների կրթությունը դեռ սովետական եւ սովետականից ավելի վաղ շրջանի է»,- ասում է Սարգիս Արզումանյանը: Նշում է` 20-րդ դարի թատրոնուն ընդունված էր պաթետիկ տոնը, ինչը հիմա էլ մեր ակադեմիական թատրոնում շարունակվում է, մնացել է հին դպրոցը. «Բայց հանդիսատեսը դա չի ուզում այլեւս տեսնել, իրեն դա հետաքրքիր չէ, ժամանակն արդեն քիչ է, ինքը ամեն ինչ սեղմ ժամանակներում է ուզում տեսնել, երկու ժամանոց ներկայացում նայելու տրամադրվածություն ու ժամանակ չունի, ավելի լավ է, որ իրեն սեղմ ժամանակով տալ այն, ինչ ուզում է»,- ասում է «Իրական հոգեբանական» թատրոնի ռեժիսորը: Մարդկանց ճաշակի ձեւավորման գործում մեծ դեր ունի թատրոնը, երիտասարդ ռեժիսորը նկատում է`հայ հանդիսատեսը «վազում է» դեպի պրիմիտիվը, հասարակը: «Ուզում ենք պատ դնել, որ մարդիկ դեպի թատրոն գան: Կամաց-կամաց տասը հոգի, երեսուն, հիսուն հոգի կգան, բանակը կշատանա: Չենք ուզում ասել` վայ եթե հարյուր հոգի չգա մեր ներկայացումը նայելու, մենք չենք խաղալու: Ոչինչ, թող տասը հոգի գա, մյուսներին կասեն` լավն ա, եւս տասը հոգի կգա»,- ասում է Սարգիսը: 2010 թ. թատրոնի «Իրական» կոչվելը կապված էր դերասանների խաղի հետ. «Որ նրանք պետք է խաղան իրական: Ոչ թե խաղան` իբր իրենք լացում են, այլ իսկապես պիտի լացեն: Ամեն ինչ պիտի ռեալ լինի: Էսօր հանդիսատեսը դա է ուզում: Հանդիսատեսը էլ չի խաբվում խաղերին»,- ասում է Սարգիսը, իսկ թատրոնի անվան փոփոխությունը բացատրում է հետեւյալ կերպ. «Սկզբից հոգեբանական բառը չէինք դրել, բայց մարդիկ, անունը լսելով, մտածում էին, որ փողոցում ինչ կատարվում է, կենցաղ են տեսնելու բեմում, բայց խոսքը դրա մասին չէր, խոսքը հոգեբանության մասին էր»:
27-ամյա ռեժիսորն իր թատրոն միայն մասնագիտական կրթություն ստացած դերասանների է ընդունում: Այժմ նորաստեղծ կառույցի ամենամեծ խնդիրը գումարն է, հովանավորներ չկան, բայց դրանից երիտասարդական թատրոնը չի հուսալքվում. «Մենք մեր հույսը դրել ենք մեր գործունեության, մեր ստեղծագործության վրա, որովհետեւ մենք ուզում ենք լավ բան ստեղծել, իսկապես առողջ մթնոլորտում ճիշտ չի լինի մտածել շահի մասին, մեզ հետաքրքրում է արարելը»,- ասում է Սարգիսը:
Առաջիկա խաղաշրջանում լինելու է ներկայացում Հայոց ցեղասպանութան թեմայով` Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» գործի վրա հիմնված, դեկտեմբերին սպասվում է ներկայացում` մանուկների համար:
«Իրական հոգեբանական» թատրոնում Սարգիսը կուզեր որպես հանդիսատես տեսնել բոլորին, ովքեր որ ուզում են ինչ-որ բան տեսնել եւ սովորել. «Թատրոնը սովորելու տեղ է, թատրոնը կրթություն է, ժամանցի վայր չէ: Թատրոնը կուզեմ տեսնել այնպիսին, ինչպիսին չի եղել, կուզեմ լինի սրբավայրի նման, որտեղ մարդիկ կմտնեն լուռ, առանց ավելորդ բառերի, առանց պատերի տակ թքելու, առանց պոպ-կոռնի եւ կոլայի»,- ասում է Սարգիսը:
Իր թատրոնի ապագայի հետ կապված երազանքներ, ծրագրեր շատ ունի, մեկի մասին անկեղծանում է մեզ հետ. «Երազանքներիցս մեկն այն է, որ թատրոնը լինի քաղաքից շատ դուրս` ամայի տարածությամ մեջ, որտեղ մարդիկ միտումնավոր կգան թատրո’ն նայելու»,- ասում է նա: