Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը եթե ուժի կիրառման հրաման տա՝ այդ հրամանը չի կատարվելու. ՀՀԿ-ի ներսում կան նրան դեմ մարդիկ»

Նոյեմբեր 07,2012 23:41

Ողջ քաղաքական դաշտը, ինչպես նշեց ԲՀ Կ խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը, շունչները պահած սպասում է ԲՀԿ-ի որոշմանը:

Aravot.am-ը «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանից հետաքրքրվեց՝ Ձեր կանխատեսմամբ՝ ի՞նչ կորոշի ԲՀԿ-ն: Նա պատասխանեց. «Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ ինքը սկսում է խորհրդակցությունների շարքը քաղաքական հասարակական շահագրգիռ շրջանակների հետ եւ կողմ է, որպեսզի տեղի ունենա կառավարական համակարգի փոփոխություն եւ անցում՝ խորհրդարանական համակարգի: Կարծում եմ, դա դրական քայլ է այն առումով, որ խնդիր է դրվում ոչ թե մեզանում ավանդական  դարձած անձերի շուրջ միավորումը, այլ՝ գաղափարների շուրջ միավորումը: Ողջունելի կլինի, եթե ընդդիմադիր դաշտի շահագրգիռ ուժերը ի վերջո հասնեն «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձեւի կոչմանը: Պարտադիր չէ, որ լինի մեկ միասնական թեկնածու, բայց կարեւոր է, որպեսզի ստեղծվի փաստացի մեկ միասնական ճակատ, եւ Սերժ Սարգսյանը մնա մենակ: Նա հիմա էլ դե ֆակտո այդպիսի վիճակում է, որովհետեւ ՕԵԿ-ն է միայն պաշտոնապես սատարում Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ն: Բայց ես տեսնում եմ, որ նույն ՀՀԿ-ի ներսում էլ տարբեր թեւեր կան, ովքեր դեմ են, որ Հայաստանում  ստեղծվի թուքմենբաշիական, բոլշեւիկյան համակարգ, որպեսզի ստեղծվի անվերահսկելի իշխանություն, որպեսզի Հայաստանում իրականացվի սեփականության վերաբաշխման միջոցով գերկենտրոնացված տնտեսական համակարգի կառուցում»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ ՀՀԿ-ի ներսում է՞լ կան Սերժ Սարգսյանի թշնամիներ՝ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց. «Ոչ թե թշնամիներ, այլն  այդ մարդիկ դեմ են  այն մոդելին, որը պատկերացնում է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը պատկերացնում է միանձնյա որոշումների մոդել: Բայց դա դեպի ոչ մի տեղ տանող  ճանապարհ է, եւ մենք դա տեսանք ե՛ւ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, ե՛ւ  տնտեսական քաղաքականության ժամանակ: Այս իրավիճակի պատասխանատուն Բաղրամյան 26-ն է, եւ, բնականաբար, այդ պատասխանատվությունը որեւէ  ձեւով պետք է արտահայտվի: Իսկ դա նախագահական ընտրությունների ժամանակ փոփոխության գնալն է: Եթե ստեղծվի լայն կոնսոդիլացիա հասարակական եւ քաղաքական, ապա այդ փոփոխությունը կլինի առանց ցնցումների, իսկ եթե իշխանությունը փորձի  դիմադրել, ապա անցանկալի հետեւանքներ կարող են լինել: Հետեւաբար,  անցանկալի զարգացումներից խուսափելու համար պետք է այնպիսի մթնոլորտ ձեւավորել երկրում, որ Սերժ Սարգսյանը հասկանա, որ եթե ուժի կիրառման հրաման տա, ապա այդ հրամանը չի կատարվելու: Զինվորները, որոնք պետք է կատարեն հրամանը, նույնպես մեր երկրի քաղաքացիներ են, եւ իրենք էլ են տեսնում, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Այս քաղաքականությունը, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, տանում է Հայաստանի թուլացմանը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հավասարակշռության խախտմանը եւ պատերազմի վերսկսման հավանականության մեծացմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930