Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյանը՝ Օսկանյանի մասին. «Իշխանություններին չէր հուզում, երբ «Սորոսը» փող էր տալիս, որ կոմպրոմիսի գնանք ԼՂՀ հարցում»

Նոյեմբեր 07,2012 22:43

Նորմա՞լ է առհասարակ, երբ մի երկրի արտգործնախարար կարող է մեկ այլ երկրի մեծահարուստից խոշոր գումար ստանալ: Aravot.am-ի հարցին՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Որպեսզի կարողանանք այդ խնդիրը դիտարկել, պիտի կոնկրետիկայի մեջ դիտարկենք: Ենթադրում եմ՝ խոսքը Հանթսմանի հիմնադրամի մասին է, որը խոշորամասշտաբ բարերարներից մեկն է, որը ամբողջ աշխարհով մեկ է  բարեգործությամբ զբաղվում՝ սկսած 90-91 թվականից եւ որեւէ շահույթ չի հետապնդում: Հայաստանը իրեն դրդեց բարեգործություն անել երկրաշարժից հետո, երկրաշարժը իր մոտ զգացմունք առաջացրեց: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանանյանի ֆոնդին, ապա այնտեղ Հանթսմանը, ավարտելով իր բարեգործությունները, մնացած գումարը որոշեց չհանել Հայաստանից, թողնել Հայաստանում: Թե դա արդեն ում պետք է թողներ, վստահության խնդիր կար: Ինքը ավելի շուտ վստահեց մի մարդու, ով իր արժեքներով, իր պատկերացումներով արեւմտյան տիպի անձնավորություն է: Ինքը համարեց, որ Վարդան Օսկանյանն այդ արժեքներն ունի եւ վստահեց նրան»:

Մեր հարցին՝ համաձայն չե՞ք այն դիտարկմանը, որ նախկին արտգործնախարար չի լինում, եւ արտգործնախարարին հենց այնպես, «սիրուն աչքերի» համար նման խոշոր գումար չեն նվիրում՝ Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Եթե այդպես ձեւակերպենք, ապա Հայաստանն ամենօրյա ռեժիմով հսկայածավալ օգնություն է ստանում դրսից: Ընդ որում, այդ օգնությունները ստանում է կոնկրետ նպատակային ձեւակերպումներով:

Հայաստանում այսօր կան մի քանի ֆոնդեր, օրինակ, «Սորոսի» ֆոնդը, որը նպատակային օգնություն է տալիս եւ ձեւակերպում է տալիս հետեւյալ ձեւով՝ ես ձեզ օգնում եմ, տալիս եմ սա, դուք քննարկեք Ղարաբաղյան խնդիրը: Բոլորը հասկանում են, որ ԼՂՀ խնդիրը այդ դեպքում դու պիտի քննարկես, որպեսզի կոմպրոմիսների գնաս: Ասում էին՝ ես տալիս եմ գումար, չէին էլ թաքցնում՝ հայ-թուրքական պրոբլեմի հետ կապված: Իրենք ասում էին՝ դու պիտի կոմպրոմիսների գնաս Թուրքիայի հետ: Սա ուղղակի մղում է մարդկանց, որպեսզի մարդիկ գնան կոմպրոմիսների՝ Թուրքիայի, Ղարաբաղի հարցում: Ինչու ոչ ոք այդ թեմայի մասին չէր քննարկում, ընդ որում, սա ազգային անվտանգության խնդիր էր: Հայաստանում  ինչքան ֆոնդ կար՝ քննարկում էին հայ-թուրքական խնդիրը եւ Հայաստանում ոչ ոք չէր ասում՝ լավ, այդքան ֆոնդերը սպառնալիք չե՞ն հայ ժողովրդի համար: Իմ կարծիքով, դա ուղղակի սպառնալիք էր եւ հանցավոր կրավորական դիրքորոշում կար Հայաստանի ազգային անվտանգության կողմից, որ նրանք, ըստ էության ոչ մի ֆոնդով չհետաքրքրվեցին, թե ինչով էին զբաղվում Հայաստանում: Խոսքը Եվրասիայի, USAID-ի, «Սորոսի» եւ մի շարք այլ  ֆոնդերի մասին է: Նրանք նպատակային խնդիր էին դրել, բայց պարզվեց, որ ազգային անվտանգությանը հետաքրքրում է մի հասարակ ֆոնդ, որն ընդհանրապես քաղաքականությամբ չէր զբաղվում: Դա ուղղակի ծաղր ու ծանակ է:

Միանշանակ է, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է սա: Ծիծաղելի է նույնիսկ դրա մասին խոսել: Այն ֆոնդերը չէին թաքցնում, որ փող են տալիս, որ հայ հասարակությունը կոմպրոմիսի գնա Ադրբեջանի, Թուրքիայի հանդեպ, իսկ Հայաստանի քաղաքական  վերնախավին, Ազգային անվտանգությանը, իշխանություններին դա չէր հուզում: Երբ որ հասարակ մարդը, որը բարեգործ է եւ բարեգործական ծրագրերով էր զբաղված, չէր  էլ ասել՝ Ղարաբաղ քննարկի, Թուրքիա քննարկի, Օսկանյանին ասել էր՝ ինչ ուզում ես՝ արա, դա  կասկածելի է: Ի վերջո մենք կենդանուց տարբերվում ենք, պիտի հասկանանք ինչն ինչոց է: Ես կարող եմ հասկանամ, որ քաղաքականություն է, եթե բոլորով զբաղվեին, ես կհասկանայի, որ բոլորով են զբաղվում, այդ թվում՝ Վարդան Օսկանյանով: Բայց այս դեպքում, մեր պետությունը հո մասնավոր բոստան  չէ՞, որ մասնավոր շահեր սպասարկի: Մեր այսօրվա պետական ստրուկտուրան մասնավոր շահեր է սպասարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930