Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ Արամ Մանուկյանին. «Լեզվի տակ ոսկոր չկա, խորհուրդ կտամ նայել միտինգների ձայնագրությունը»

Նոյեմբեր 07,2012 21:32

«Խորհուրդ կտամ Արամ Մանուկյանին նայել իրենց միտինգների ձայնագրությունները»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ «Մարտի 1-ի» հետ կապված Արամ Մանուկյանի վերջին հայտարարության առնչությամբ: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության քարտուղարը հարցին՝ ո՞վ է պատասխանատու «Մարտի 1-ի» համար, ասել էր՝ «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր դա: Էնտեղ քաղաքական ուժ աշխատում է՞ր, կներեք… ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի»: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ Ճիշտ կլինի իրենք իրենց միտինգների այն ձայնագրությունները նայեն, որտեղ հնչեցնում են «Մարտի 1-ի» պատասխանատուների անունները:

Մեր հարցին՝ համաձա՞յն եք այն դիտարկմանը, որ «Մարտի 1-ը» եղել է Ռոբերտ Քոչարյանի հրահանգով եւ հարց է՝ որեւէ քաղաքական ուժ մասնակցե՞լ է դրան, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իրենք ամեն ինչ էլ կարող են ասել: Կարող են ասել, որ ԲՀԿ-ին ենք մեղավոր ճանաչում, բայց ոչ Գագիկ Ծառուկյանին: Կարող են ասել՝ այն ժամանակ սխալ կարծիք ենք ունեցել, սխալ տեղեկություն ենք ստացած եղել, հիմա այլ տեղեկություն ունենք՝ փոխվել է: Ամեն ինչ էլ իրենք կարող են ասել: Խնդիր չկա: Հին հայկական ասացվածք կա՝ լեզվի տակ ոսկոր չկա»:

Մեր հարցին՝ Ձեր դիրքորոշումը «Մարտի 1-ի» դերակատարների առնչությամբ չի՞ փոխվել՝ նա պատասխանեց. «Մենք ասել ենք այն, ինչ ասել ենք: Մեր դիրքորոշումը երբեւիցե չի փոխվի: Մենք ասել ենք եւ հիմա էլ կրկնում ենք, որ «Մարտի 1-ի» համար պատասխանատվություն կրում են օրվա իշխանությունները եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանը՝ որպես պետության գլուխ, որը իրավունք ուներ նմանատիպ հրամաններ տալու: Ուստիեւ այն դիրքորոշումները, որն ունեցել է «Ժառանգությունը» Մարտի 1-ի հետ կապված, նույն ձեւով մնում է, որեւէ փոփոխության չի ենթարկվում: Մի խնդիր էլ կա՝ «Ժառանգությունը» երբեւիցե չի պիտակավորել, ինչ-որ քաղաքական նպատակահարմարությունից պիտակներ չի դրել, որ հետագայում այդ պիտակներին փորձի հակադարձել՝ այլ դիրքորոշումներ հայտնելով:  Ուստի ովքեր պիտակավորումներ  արել են, թող նրանք էլ մտածեն ինչպես են հակառակ գործընթացներն անելու՝ այդ պիտակների շրջանակներում»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ «Ժառանգոթյունը» ժամանակին ավելի զգուշավոր մոտեցումներ է ունեցել եւ պիտակներ չի՞ կպցրել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Զգուշավոր չէ: Մենք ոչ թե  պիտակավորում ենք, մենք գործն ենք նայում, արածն ենք նայում, մենք գործընթացն ենք վերլուծում եւ ոչ թե կոնկրետ անձնավորված պիտակավորում ենք տալիս: Առավել եւս՝ վիրավորանքներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930