Հայաստանից արագ արձագանքման ոլորտի աշխատակիցների չորս հոգանոց պատվիրակություն է մեկնել Կանզաս: Հայտնում է «Դվիդս» լրատվականը:
Հայաստանը ներգրավված է 911 արագ արձագանքման համակարգի դասընթացներին: Ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանդալյանն ու իր գործընկերները հնարավորություն ունեն սեփական աչքերով տեսնել 911 համակարգի աշխատանքները:
«Մենք զարմացած և տպավորված ենք աղետները կանխելու համար ձեր բնակչությանը մատուցվող ծառայության բարձր մակարդակով», – ասել է Խանդալյանը:
Կապիտան Լենս Ռոյերը, որը պատվիրակությանը ծանոթացնում էր Շաունի շրջանի 911 կենտրոնի և կապի միջոցների հետ, հայաստանցիների մասին ասել է. «Նրանք հետաքրքրված են վիճակագրություններով: Հետաքրքրված են, թե ինչպես են մեր տեխնոլոգիաները և կապի կենրտոնում մեր ծրագրերն աշխատում»:
Կանզասի ոստիկանությունում պատվիրակության շրջայցը իրականացնող կապիտան Ռոբերտ Անգելն ասել է, որ պատվիրակությունը պատմել է Հայաստանում գործարծվող ներկայիս համակարգի մասին. «Ըստ այդմ, թվում է, որ նրանցը երեխայական համակարգ է ու նրանք փորձում են պարզել. «ինչպես կարող ենք մենք բարելավել համակարգը: Ի՞նչ ծրագրեր և եղանակներ կառաջարկեք, որոնք կարող են մեզ օգտակար լինել»»:
Կանզասն ու Հայաստանը համագործակցում են 2003թ. ու մինչ այդ բազմաթիվ փոխանակումներ են եղել ռազմական և քաղաքացիական գործակալությունների և կազմակերպությունների հետ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ