Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ քաղխորհրդի անդամ. «Համագործակցություն» կոչվածն, իրականում, ավազակաիշխանության հետ է, ինչը փորձում են լղոզել ԲՀԿ-ով»

Նոյեմբեր 07,2012 19:42

«Մարդու իրավունքներ-96» կուսակցության վարչությունն արձագանքելով ՀԱԿ առաջատար դեմքերի հնչեցրած այն հայտարարություններին, թե ՀԱԿ-ը որոշում է կայացրել ԲՀԿ-ի հետ համագործակցելու մասին, նշել է, որ ասվածը չի համապատասխանում իրականությանը: «ՄԻ-96»-ի վարչությունը գրում է. «Այսինքն, եթե որոշումն ընդունվել է ինչ -որ «ՀԱԿ կենտրոնական գրասենյակի» կողմից, ապա այդպես էլ պետք է ներկայացվի, քանի որ այն որևէ առնչություն չունի ՀԱԿ քաղխորհրդի, այդ թվում, մեզ հետ»:

Aravot.am-ը «ՄԻ-96» կուսակցության նախագահ, ՀԱԿ քաղխորհդի անդամ Ռուբեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե եթե իրենք պնդում են, որ ՀԱԿ-ը որոշում չի ընդունել ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ, այդ դեպքում Լ. Զուրաբյանը և ՀԱԿ-ից այլ առաջատար դեմքեր ի՞նչ որոշման մասին են հայտարարում և արդյոք հնարավո՞ր է, որ նշված զարգացումները պատճառ դառնան իրենց՝ ՀԱԿ-ից հեռանալու համար: Պարոն Թորոսյանը պատասխանեց. «Անդրադառնամ ՀԱԿ-ի /հռչակագրային/ մասին, որի անունից վաղուց հանդես է գալիս առաջին նախագահի գրասենյակը կամ որ նույնն է՝ «ՀԱԿ կենտրոնական գրասենյակ» /այսուհետև՝ ՀԱԿԿԳ/, իր ինչ-որ «ՀԱԿ համակարգողով»: Թերևս դա է պատճառը, որ ՀԱԿ Հռչակագրի ստորագրման առաջին իսկ օրվանից նրա քաղխորհրդում քննարկումներ չէին ստացվում՝ ակնհայտորեն չունենալով սեփական կարծիք, ՀԱԿ համակարգումն իրենց վերագրած այդ մարդիկ չէին կարողանում լսել քաղխորհրդի անդամներին, ինչպես ասում են, «մի ականջից մտնում էր, մյուսից՝ դուրս գալիս»: Ամեն օր համոզում էին, որ շուտով կկանոնակարգվի ՀԱԿ գործունեությունը, սակայն, առ այսօր ՀԱԿ-ը դուրս է օրենքից: Թերևս, դա է պատճառը, որ մենք հրաժարվեցինք քաղխորհրդի նիստերին մասնակցելու այդ անիմաստ ժամանակի կորստից և պայմանավորվեցինք, որ հեռակա կարգով կհայտնենք մեր կարծիքը որոշման նախագծերի կամ որոշումների հանդեպ, ինչն առ այսօր շարունակվում է: Եվ այն, որ գլուխ են գովում, իբր 18 կուսակցություններով կոնսեսուսային որոշումներ են ընդունվում՝ մեր անունն էլ կա, սակայն առանց որևէ այլ կարծիքի, որոնք ստիպված սկսեցինք ինքներս հրապարակել:

Այդ մասին այն ժամանակ չէինք խոսում, քանի որ վախենում էինք ՀԱԿ-ին թուլացնել ավազակաիշխանության դեմ պայքարում, սակայն հիմա ճիշտ հակառակն է՝ հարկավոր է վարկաբեկված ՀԱԿ-ին վերադարձնել իր հռչակագրին, քանի որ հենց նրա անունով է, որ ՀԱԿ-ը դեռևս միակ իրական ընդդիմությունն է համարվում: Մենք ճիշտ մեր տեղում ենք՝ հռչակագրային ՀԱԿ-ում, որի փոխարեն, որպես այդպիսին ավազակաիշխանությունն իր օրենքներով և ակնհայտ շահագրգռվածությամբ համառորեն ներկայացնում է ՀԱԿԿԳ-ին: Այն ժամանակվանից, երբ առաջին նախագահը ինքնակամ փոխեց ՀԱԿ ռազմավարությունը՝ գլխավոր նպատակ հռչակելով քաղբանտարկյալների խնդիրը՝ Ս.Սարգսյանին, փաստորեն, ընդունելով որպես ՀՀ նախագահ, ինչից և, մեր կարծիքով, սկսվեց ՀԱԿ-ի անկումը»:

ԲՀԿ-ի հետ համագործակցության որոշման մասին էլ պարոն Թորոսյանը նշեց. «Անգամ իրավական տեսակետից դա չի կարող լինել, չհաշված այն, որ այն իրականում չի էլ եղել ՀԱԿ կիսատ-պռատ քաղխորհրդում: Սակայն, քանի որ ՀԱԿԿԳ-ն ավազակաիշխանության կառույցներից մեկն է՝ ով և ինչ ցանկանա, կասի….ԲՀԿ-ին սիրաշահող, Ձեր նշած «առաջատարներին» մենք չենք տեսել 2007թ.-ին՝ առաջին նախագահին քաղաքականության մեջ վերակենդանացնելու առաջին օրերին: Նրանք, հավանաբար, ՀՀՇ-ի տարիների փորձված «բերք» հավաքողներն են, որն, իրենց կարծիքով արդեն հասել է: Իսկ ներկա ԲՀԿ-ից ինչ կարող են ստանալ՝ միայն «բարեգործություն»: Ի դեպ, ակնհայտ է, որ այդ «համագործակցություն» կոչվածն, իրականում, ավազակաիշխանության հետ է, ինչը փորձում են լղոզել ԲՀԿ-ով: Չէ՞ որ շահավետ է՝ և՛ իրենք են ընդդիմություն, և՛ ԲՀԿ-ին են այդպիսին դարձնում: Սակայն, մտահոգիչը ՀՀՇ-ականների առաջնորդ՝ առաջին նախագահն է, որն իր քաղաքական վերակենդանացումը «տղամարդավարի» սկսեց և, անգամ մենք վստահեցինք, կարծելով, որ նրա սխալական բարձրաստիճան փորձը կօգնի փոխվել և ճիշտ ուղիով գնալ: Սակայն…այնուամենայնիվ, չենք հավատում՝ մի՞թե նա էլ «բարեգործվեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930