Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանը մնաց կառավարության ու վարդանիկական «բարեգործների» հույսին

Նոյեմբեր 07,2012 18:55

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկսել է փակել Վարդան Ղուկասյանի կուտակած 209 միլիոն դրամի աշխատավարձի պարտքերը` բնականաբար այս հարցում հայցելով կառավարության օգնությունն ու ժամանակ առ ժամանակ որոշակի դոտացիա ստանալով:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների` մանկապարտեզների, գրադարանների, երաժշտական դպրոցների աշխատակիցները 3 ամիս շարունակ աշխատավարձ չէին ստացել, և ինչպես նեղսրտում էր Սամվել Բալասանյանը, Վարդան Ղուկասյանը նրանց աշխատավարձ տալու փոխարեն կառավարությունից ստացած դոտացիան ուղղորդել է Ղուկասյանի որդուն պատկանող «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ին, որն իբրև զբաղվել է քաղաքի ասֆալտապատմամբ:

Սամվել Բալասանյանի բողոքից հետո կառավարությունը 143 միլիոն 588 հազար 800 դրամ դոտացիա ուղարկեց քաղաքապետարան, որի արդյունքում վճարվեց աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը ու նաև սեպտեմբերի մի մասը:

Այսօր Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը տեղեկացրեց, որ կառավարությունը նոր դոտացիա է փոխանցելու աշխատավարձերի պարտքերը փակելու համար, բացի այդ քաղաքապետարանը հավաքագրել է 43 միլիոն դրամ, որից 21-ն ուղղվել է աշխատավարձերի փակմանը:

Կառավարական դոտացիայից զատ, գրեթե զրոյական բյուջեի վրա նստած Սամվել Բալասանյանը սկսել է բավականին խորամանկ քաղաքականություն վարել. նա անվճար աշխատեցնում է վարդանիկական կադրերին` իհարկե փոխարենը քաղաքապետարանում թեթևակի պաշտոններ առաջարկելով: Օրինակ` Գյումրու համաքաղաքային աղբանոց տանող ճանապարհը վերանորոգում են ավագանու նախկին անդամ Չուրբար Զաքարյանի տեխնիկայի հաշվին, և գյումրեցիները որքան էլ քննադատեն պարոն Բալասանյանին` նրան պաշտոն տալու համար, միևնույնն է, քաղաքապետը ավագանու այս անդամին կոմունալ բաժնի պետի տեղակալի պաշտոնն է առաջարկել:

Նշենք, որ վերոհիշյալ անձնավորությունը անչափ մոտ էր Վարդան Ղուկասյանի հետ, մշտապես պատվերներ էր ստանում համայնքային բյուջեից, հարկ եղած դեպքում ձրի աշխատում էր նախկին քաղաքապետի համար: Այժմ էլ, փաստորեն, նույն ձևով սկսել է աշխատել Սամվել Բալասանյանի համար:

Նշենք, որ ամենավատ վիճակում գտնվում է քաղաքապետարանի կոմունալ բաժինը. այն ունի 82 միլիոն 637 հազար դրամ պարտք:

Կոմունալ բաժնի նորանշանակ պետ Կնյազ Մանասյանը Aravot.am-ին փոխանցեց, որ քաղաքապետարանը փող չունենալու պատճառով սկսել է օգտվել բարեգործների ծառայություններից, օրինակ` տվյալ դեպքում օգտվում է Չուբար Զաքարյանի ծառայությունից, քանի որ նախկինում աղբանոց տանող 2 կիլոմետր ճանապարհը աղբատարներն անցել են 4 ժամում` այսպես ասած լռվելով կիսաճանապարհին: Իսկ ի՞նչն է ստիպում վարդանիկական կադրերին բարեգործություն անել քաղաքի համար, մի՞թե ժամանակին քաղաքի բյուջեից օգտվածները այդքան «հայրենասեր» են, որ կարող են ձրի գործ անել սեփական քաղաքի համար, թե՞ դրա դիմաց ինչ-որ շահ ունեն: «Մենք ստիպված ենք դիմում շինկազմակերպություններին ու խնդրում, որ մեզ օգնեն , որպեսզի ձմռանը կարողանանք ինչ-որ չափով նախապատրաստվենք` նկատի ունենալով, որ չունենք բավականաչափ տեխնիկա: Մեզ ոչ մեկը դեռ չի մերժել, հավատացեք մարդիկ ոչ մի շահ չունեն, քաղաքապետարանն այնքան պարտքեր ունի, որ չենք կարող որևէ մեկին պաշտոնական ձևով պատվիրել: Տեսեք, հիմա աղբանոց տանող ճանապարհն է հարթեցվում, մենք սրանով մեքենաներին հնարավորություն ենք տալիս ուղերձը կատարել կես ժամում, ինչքան մեքենա շատ գնաց-եկավ, այդքան աղբահանությունը նորմալ կիրականացվի, նախկինում աղբահանությունը արագություն չի ունեցել. այսպիսի ճանապարհներով երկու պտույտ կատարելու դեպքում, աղբատարը 4 ժամ միայն էստեղ կկորցներ», -ասաց Կնյազ Մանասյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930