Այսօր Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից փորձեց հետաքրքրվել՝ պատրա՞ստ է նոյեմբերի 22-ին ներկայանալ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բավարարելու իրեն դատի տված ազգագրագետ Հրանուշ Խառատյանի պահանջը:
Հիշեցնենք, որ երեկ դատարանը որոշեց բավարարել ազգագրագետ Հրանուշ Խառատյանի պաշտպան Մհեր Արշակյանի միջնորդությունը: Պարոն Հայրապետյանի պաշտպանները Հ. Խառատյանի կասկածները փարատելու համար դատական հաջորդ նիստին դատարան պետք է ներկայացնեն Ռ. Հայրապետյանի ստորագրության նոտարական վավերականությունը կամ պատասխանողը՝ Ռուբեն Հայրապետյանը, անձամբ պետք է ներկայանա:
Պարոն Հայրապետյանն առանց մեր հարցը լսելու շրջանցեց ու խոսեց նոյեմբերի 14-ին նախատեսված Հայաստան-Լիտվա ֆուտբոլային խաղից: «Հիմա ձեզ ասում եմ, գեղեցիկ միջոցառում ենք կազմակերպելու, հանրապետական մարզադաշտում տոնական տրամադրություն է լինելու , ձեզ էլ հրավիրում եմ խաղին մասնակցելու: Այնքան գեղեցիկ խաղ է լինելու, շատ լավ խաղ: Հիմա կարող եմ ասել, ովքեր են գոլերը խփելու, ինչ ձեւի խաղ է լինելու, գեղեցիկ , շատ գոլառատ ֆուտբոլ է լինելու, մեր թիմը հաղթելու է»,- ասաց պարոն Հայրապետյանը, հաջողություն մաղթեց ու անջատեց հեռախոսը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ