Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիք Մավիսակալյան. Ոչ մի վիրավորանք էլ չկա

Նոյեմբեր 07,2012 17:47


Օրերս ծննդյան 75-ամյակի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանին, ինչին նախորդել էր ճանաչված արվեստագետին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելը: Վաղն էլ  «Արամ Խաչատրյան» համերգասրահում  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կնշի կոմպոզիտորի հոբելյանը:

Ժամանակին Մելիք Մավիսակալյանին համընդհանուր ճանաչում է բերել Հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային- սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար լինելը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է հոբելյանն անցկացվում միայն կոմպոզիտորի ստեղծած սիմֆոնիկ գործերով եւ առանց նրա՝  էստրադային ժանրի ստեղծագործությունների, արդյոք դա չի՞ նշանակում, որ Մելիք Մավիսակալյանը դեռ վիրավորված է այն կոլեգաներից, ովքեր ժամանակին ամեն ինչ արեցին ընդհատելու կոմպոզիտորի գործունեությունը էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում:  «Ոչ մի վիրավորանք էլ չկա… Պարզապես ժամանակները փոխվեցին»,-ասաց կոմպոզիտորը: Ապա հավելեց. «Նվագախմբում աշխատելու տարիներին ստեղծագործական կապերի մեջ էի Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսանդր Աճեմյանի եւ մյուսների հետ: Այդ ժամանակահատվածում կոմպոզիտորները հատուկ էին երգեր գրում Բելա Դարբինյանի, Ռաիսա Մկրտչյանի, Գեորգի Մինասյանի, Էլվինա Մակարյանի, Զառա Տոնիկյանի, Լոլա Խոմյանցի, Արտաշես Ավետյանի, մի խոսքով՝ հայկական էստրադայի իրական աստղերի համար: Ուրախ եմ, որ մասնակցել եմ այդ գործընթացին եւ այսօր ռադիոյի ֆոնդում պահպանվում են հարյուրավոր բարձրակարգ ձայնագրություններ: Հպարտորեն եմ ասում, որ 1979թ. իմ նախաձեռնությամբ նվագախմբի ու մեներգիչների կատարումներով պարզապես մոռացությունից փրկվեցին Արտեմի Այվազյանի երկերը՝ թողարկվելով ձայնասկավառակի տեսքով: Մասնակցությունս եմ բերել նաեւ մեր անվանի կոմպոզիտորներ Սարյանի, Միրզոյանի եւ այլոց որոշ գործերի պարտիտուրների մասով: Մատների վրա կարելի է հաշվել հեղինակների, որոնց հետ չեմ համագործակցել»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930