Գրեթե բոլորի միջավայրում կան այնպիսի մարդիկ, ովքեր ունենում են բազմաթիվ սիրավեպեր, որոնց, սակայն լուրջ չեն վերաբերում: Սկզբում հաճելի ժամանակ են անցկացնում, այլոց մոտ պարծենում իրենց նոր կյանքով, այնուհետև հաջորդում են հետևյալ խոսքերը. «Նրա հետ պարզապես զվարճանում էի» կամ «Նա ինձ խաբեց, ես սրան արժանի չէի»:
«Միաժամանակ շփվում էի երկու աղջկա հետ, ինձնից պոկ չէին գալիս, կարելի ա ասել՝ լրիվ հակառակն էր. ես էի նրանց որսը: Այդպես թողնել չէր կարելի, եթե նրանք աղվես էին, ապա ես էլ՝ պոչը: Որպեսզի իրենց շատ չերևակայեն, որոշեցի ինքս ֆռռացնել նրանց, հասա ուզածիս, մեկից ամեն պատրվակով մշտապես փող էի վերցնում, մյուսից՝ համբույրներ»,-պատմում ՝ 16-ամյա Միքայելը: Սա առաջին դեպքը չէ, որ պատահել է նրա կյանքում. «աղջիկներ ֆռացնելը» իր համար սովորական մի բան է դարձել. «Թույլ են տալիս անում եմ, լավ աղջիկը իրեն կարգին ա պահում»,-ասում է Միքայելը:
Ի՞նչ ենք հասկանում` «աղջիկ ֆռացնել» ասելով: «Այդպես տղաներն են ասում, իսկ աղջիկները նախընտրում են այնպես ներկայացնել, թե իրենց խաբել են: Մեր հարևանուհին շփվել է տարբեր տղաների հետ, ամեն անգամ գալիս ու լացում ա՝ ի՞նչ հիմարն էի, ո՞նց թողեցի, որ իմ հետ այսպես վարվի: Անձամբ ես չեմ սիրում, որ աղջիկը իրան զոհի տեղ ա դնում»,-ասում է 19-ամյա Նարինեն: Նրա հետ 20-ամյա Ռոզան համաձայն չէ: «Ճիշտ ա` շատ բան աղջկանից ա կախված, բայց կան խարդախ դեմքեր, որ եթե տեսնես, դու էլ կհավատաս, որ կուրորեն սիրում է այդ աղջկան: Երբեմն նրանք այնպիսի քայլեր ու ապացույցներ են անում, որ մի բան էլ իրական սիրող տղաներն են աչքիցդ ընկնում»,-ասում է նա:
Հոգեբան Անի Հովհաննիսյանի խոսքով՝ աղջիկների սիրտը գրավելու, ապա լքելու երևույթը կամ «աղջիկներ ֆռացնելը» հիմնականում բնորոշ է դեռահասներին: «Տարիքային առանձնահատկություն է, նաև ինքնահաստատվելու միջոց: Պետք է ընդունել, որ այդ տարիքի շատ աղջիկներ ևս ոգևորվում են, երբ հանդիպում են մեքենաներով շրջող, ուրիշի հետևից ռեբպիկեր թողնող, արտաքուստ գեղեցիկ, նաև հարուստ տղաների: Իրենց համար դա պարծենալու միջոց է,-ասում է հոգեբանն ու հավելում,-երբեմն նրանք շատ լավ գիտեն, թե իրենց ինչ է սպասում, սակայն իրենց խելոքներ ենթադրելով, փորձում են իրենք «դարձի բերել» երկրպագուներին»:
Ինչպես ասում է հոգեբանը, պատահում է նաև, որ աղջիկը իսկապես խաբվում է «չար տղաների» կեղծ սիրուն: Սուտը բացահայտվելուն պես աղջիկը կարող է ընկնել սթրեսի մեջ: «Երբ նրա մտքի ծայրով անգամ չի անցնում, որ իրեն կարող են խաբել, դավաճանել, ու երբ պատահում է անսպասելին, տեղի է ունենում «հոգևոր անկում», միանգամից տարբեր հակասական երևույթներ մուտք են գործում նրա ներաշխարհ, որը հաճախ անչափահասներին դրդում է ինքնասպանության»,-ասում է Հովհաննիսյանը և նշում՝ այդ հոգեվիճակից դուրս գալու համար պահանջվում է երկար ժամանակ՝ երբեմն նույնիսկ տարիներ, հնարավոր են նաև փոփոխություններ անձի վարքագծում:
Նազենի Բաղդասարյան