Լրահոս
Օրվա լրահոսը

2500 ավելի դրամը` 1 կգ պանրի գումար

Նոյեմբեր 07,2012 16:45

46-ամյա վանաձորցի Մարգարիտա Թորոսյանի համար նվազագույն աշխատավարձը 2500 դրամով  բարձրացնելն առնվազն  ծիծաղելի է: Նա ասում է, որ այդ գումարը էականորեն չի ազդի իր 4 հոգանոց ընտանիքի հոգսերը թեթեւացնելու հարցում: «Չգիտես` ուրախանաս, թե տխրես: Ուղղակի ծիծաղում են ժողովրդի վրա,  մեկ կիլոգրամ պանիր կարող ես գնել դրանով: Ինչ-որ տեղ լսել կամ կարդացել են, որ փողը ձեռքի կեղտ է, խնայում են ժողովրդին, մտածում են` որքան հնարավոր է քիչ տան, որ ժողովրդի  ձեռքերը չկեղտոտվեն»,-ասում է վանաձորցի կինը:

Համաձայն ՀՀ Ազգային ժողովի` նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում  փոփոխություններ կատարելու մասին որոշման` եկող տարվա հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 32.500 դրամից աճելու է շուրջ 7տոկոսով` դառնալով 35.000 դրամ: Մինչ օրենքը կմտնի ուժի մեջ, վանաձորցիները  տարակուսում են: «Ապրանքները օր օրի թանկանում են: 2500 դրամը ընդամենը փշուր է, ողորմություն, որ շպրտում են մարդկանց երեսին, տեսեք` ավելացնում ենք աշխատավարձը, էդ դեպքում այնքան ավելացրեք, որ համապատասխան լինի գների բարձրացմանը»,-ասում է մեկ այլ վանաձորցի:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը «Առավոտի» հետ հարցազրույցում նշում է` բացի այն, որ  պետությունը  ՀՀ քաղաքացիների հանդեպ ստանձնել է  միջազգային ու ազգային որոշակի պարտավորություններ ու չի կատարում դրանք, օրինագծին կողմ  քվեարկած պատգամավորներն էլ   այդ քայլով ցույց տվեցին ոչ միայն  իրենց խտրական վերաբերմունքը բնակչության հանդեպ, այլեւ արձանագրեցին, որ իրենք բնակչության մեծամասնության համար ներկայացուցիչ չեն կարող լինել:
«Երբ  պատգամավորների քննարկման առարկա էր հենց իրենց աշխատավարձի հարցը, նրանք պնդում էին, որ 250.000 դրամը բավարար չէ: Եթե 250.000 դրամը պատգամավորի համար որպես աշխատավարձ անբավարար է, ինքը դա ակնհայտ ընդունում է, ապա ինչպես կարող է 35.000 դրամը բավարար լինել: Այս երկակի մոտեցումը ԱԺ-ի` կողմ քվեարկած պատգամավորների կողմից խտրական մոտեցում է, եւ նաեւ արձանագրում է, որ իրենք չեն  կարող հանդիսանալ բնակչության մեծամասնության համար որպես ներկայացուցիչ»,-ասում է Արթուր Սաքունցը: Նա նշում է, որ փոխանակ տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ կատարվեն` բարելավելու քաղաքացիների կենսամակարդակը, ընդհակառակը, խտրական վերաբերմունք է դրվում բնակչության ու պատգամավորների միջեւ: «Ոչ ոք չի հարցնում ՀՀ կառավարությանը՝ ինչ քայլեր եք արել, որպեսզի նվազագույն աշխատավարձը դառնա ոչ թե 35.000, այլ  70.000 դրամ, նաեւ թե, արդյոք, կառավարությունը, հաշվի առնելով իրավիճակը, կատարե՞լ է անհրաժեշտ քայլեր, որպեսզի բյուջեի եկամտային մասը ապահովի այդ նվազագույն  70.000 աշխատավարձի սահմանը: Փոխանակ մտածելու տնտեսական քաղաքականության հետ կապված փոփոխություններ կատարելու, հարկային դաշտում բավական լուրջ վարչարարություն ունենալու,  մոնոպոլիաներին հարկային դաշտ տեղափոխելու, մրցակցությունը խթանելու, խտրական վերաբերմունք է դրսեւորվում սովորական քաղաքացիների ու ԱԺ պատգամավորների միջեւ»,-ասում է իրավապաշտպանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930