Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Skype-ով պսակ չի արվում, բայց համացանցի բոլոր հնարավորությունները քահանան օգտագործում է

Նոյեմբեր 07,2012 16:40

Քարոզչական առաքելությամբ  Եվրոպայից Հայաստան է ժամանել տեր Արմեն քահանա  Մելքոնյանը  եւ մասնակցել  մի շարք հոգեւոր միջոցառումների ու դասախոսություններ կարդացել: Տեր Արմենը, որ Գերմանիայում եւ Հոլանդիայում հոգեւոր հովիվ է, ու Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հեռավոր քաղաքներում գտնվող հայկական համախմբումների քարոզիչ, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ  համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործում է հոգեւոր քարոզչության նպատակներով: Մասնավորապես  facebook-ում նրա քարոզների էջը  5000-ից ավելի like ունի, ինչ վերաբերում է www.fatherarmen.com կայքին, հոգեւոր նյութերը հավատացյալներին հասնում են հայերեն, քրդերեն եւ արաբերեն: Հոգեւորականը  համոզված է, որ լեզուն չպետք է խոչընդոտ լինի քրիստոնյա հայի համար՝ հոգեւոր պահանջմունքները բավարարելու ճանապարհին, իսկ Սիրիայի եւ Իրաքի ոչ բոլոր հայերն են հայախոս: Համացանցում տեր Արմենը տեղադրում է ոչ միայն տեքստ, այլեւ վիդեոներ եւ լուսանկարներ, պատասխանում հավատացյալների նամակներին, անգամ հեռախոսով զրուցում նրանց հետ:
Քահանան վստահեցրեց, որ   իրեն գրում են ոչ միայն Եվրոպայից,  այլեւ Հայաստանից: Օրինակ՝ մի հուսահատված հայաստանցի երիտասարդի ինքը կարողացել է հետ պահել ինքնասպան լինելու մտքից. Հայաստան գալուն պես առաջինը այդ տղային է հանդիպել:
Նա նշում է, որ ի տարբերություն հայաստանցիների, Եվրոպայում հայերը  այլ մտահոգություններ ունեն եւ եկեղեցի այցելում են միայն  մեծ տոների, պսակի կամ մկրտության առիթով, մինչդեռ, նրա խոսքով՝ «քրիստոնեությունը միայն սովորություն չէ, քրիստոնեությունը կյանք է, եւ եթե դա լոկ ձեւական է, ոչ մի օգուտ չկա»:
Մեր դիտարկմանը, թե, օրինակ, Բելգիայում պսակի արարողությունն արժի 500-600 եվրո, ինչի պատճառով հայերը գերադասում են պսակվել Գերմանիայում ու Հոլանդիայում, քահանան պատասխանեց, որ հայ եկեղեցին Եվրոպայում ֆինանսական եկամուտ չունի, եւ գումարները գոյանում են նման ծառայություններ մատուցելու արդյունքում, նաեւ հղում արեց Ավետարանին, թե  մշակը արժանի է իր վարձքին: Տեր Արմենի ասելով, ամեն թեմում պատկերը տարբեր է, օրինակ՝ Գերմանիայում անդամավճար է սահմանված, ովքեր ամեն ամիս վճարում են 5 եվրո, տարվա ընթացքում  ստանում են զանազան տեսակի ծառայությսւններ: Տեր հայրը նաեւ փաստեց. «Ամեն մեկը կուզե իր պսակը անել 5 աստղանի հոթելի մեջ, որպեսզի ամենեն լավը լինի, եւ այստեղ 10-նյակ հազարների մասին է խոսքը, բայց երբ բանը հասնում է եկեղեցուն, որտեղ պետք է ընդամենը 600 եվրո վճարեն, տատանվում են, մտածում են՝ էս փողը թափված փող է»:
Մեր զրուցակիցը չի ժխտում, որ կան ոչ վճարունակ հայեր, բայց մյուս կողմից էլ նեղսրտում է՝ եկեղեցին հայտնվում է  երկու քարի արանքում, մանավանդ հնարավոր չէ ապացուցել ինչ-որ մեկի անվճարունակ լինելը: Ստիպված, որոշ թեմերում, գումարի չափը մնում է հավատացյալի հայեցողությանը:
Ըստ տեր Արմենի՝ հայերը «դրսում» ցաքուցրիվ են, դրա համար ուժեղ չեն. «Կոչ եմ անում բոլոր  մտավորականներին, ովքեր ուզում են ծառայել եկեղեցուն, մեզ հետ կապվեն, որ տեսնենք, թե մշակութային ու կրոնական գետնի վրա ոնց համախմբվենք»:  Նա նաեւ գտնում է, որ ամեն ոլորտում մարդ պետք է ի զորու լինի զոհողությունների՝ հանուն ընդհանուրի շահի:
Հետաքրքրվեցինք՝ տեր հայրը  Skype-ով խոստովանություն ընդունո՞ւմ է, նկատի ունենալով, որ «Առավոտի» հետ զրույցում Երուսաղեմի մի հոգեւորական խոսել էր նման պրակտիկայի մասին: Քահանան բացասական պատասխան տվեց. «Ասիկա եկեղեցու խորհուրդ մըն է, ըստ մեր եկեղեցվո կարգուկանոնի՝ խորհուրդը պետք է կատարվի երկուքի անմիջական ներկայությամբ՝ խոստովանողի եւ խոստովանվողի»: Ասաց, որ էլեկտրոնային նամակների միջոցով պարբերաբար խորհուրդներ է տալիս իրեն դիմած հավատացյալներին, լսում նրանց խոստովանությունները, բայց պատվիրում՝ անպայման գնալ եկեղեցի եւ հոգեւորականի ներկայությամբ թողություն ստանալ. «Եթե Skype-ով կամ   կամ e-mail-ներով խոստովանություն լինի, վաղն էլ կարող  է մարդիկ ասեն՝ լավ,  պսակները ինչո՞ւ  Skype-ով չանենք: Շատ լավ է, որ կառաջանանք, բայց պետք է միջին եզրը գտնենք»,-փաստում է նա:
Տեր Արմենը հպարտ է, որ հայերին իբրեւ առաջին քրիստոնյա ժողովուրդ են ճանաչում: Նա կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ կհաջողի, եթե ժողովուրդն էլ քայլ անի դեպի եկեղեցի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930