Երգիչ Արտակ Ալավերդյանը Կոմիտասին հանրամատչելի դարձնելու ծրագիր է մշակել
Նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նվիրում Կոմիտաս վարդապետին» խորագրով գրական-երաժշտական երեկո: «Առավոտի» հետ զրույցում երիտասարդ երգիչ Արտակ Ալավերդյանը (լուսանկարում) հայտնեց, որ ինքը ներկայացնելու է երեկոյի երաժշտական հատվածը, իսկ Խորեն Լեւոնյանը` գրական. «Ի թիվս այլ ստեղծագործությունների, հնչելու են Կոմիտասի աշխարհիկ կատարումները: Առաջին անգամ գրական երեկոն կազմակերպելուց մտավախություն կար հետագա ընթացքի վերաբերյալ, բայց արձագանքները սկսած գործը շարունակելու հիմք հանդիսացան»:
Մեր զրուցակցի խոսքով. «Կոմիտասին պետք է նվիրվել: Նա չպետք է դառնա թանգարանային: Կոմիտասին եւ մեր մյուս մեծերին քիչ են կարդում եւ կատարում, որովհետեւ մաքուր մշակույթը բավարար չի պրոպագանդվում: Եթե ընթերցողն ամեն անգամ նոր մշակութային նյութ տեսնի, աստիճանաբար կզգա դրա, եւ ոչ թե` աղետների ու պատահարների մասին կարդալու պահանջը: Այսօր բարոյահոգեբանական աղետի մեջ ենք` ինչը պետք է կանխել»:
Արտակ Ալավերդյանը ներկայացրեց «Կադենցա» մենակատարների խումբը, որի անդամ է նաեւ ինքը. «Խումբը միավորել է գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Վարդան Հակոբյանը: Հանրակրթական դպրոցներում անվճար ծրագիր ենք իրականացնում` տարածելով հայկական ռոմանսները, ինչպես նաեւ` իտալական եւ այլ երգեր: Արդեն մեկ տարի է, ինչ ընթանում են համերգները, եւ հաճելի է, երբ երեխաները անհամբերությամբ են դիմավորում մեզ: Սկզբից մատուցում ենք թեթեւ հայկական ռոմանսներ, հետո աստիճանաբար «ծանրացնում» երաժշտությունը, որպեսզի այն ընկալելի դառնա: Յուրաքանչյուր մարդու հոգում մարքության էլեմենտ կա, որի վրա ժամանակի ընթացքում կարող է փոշի նստել: Բայց երբ մատուցում ես երեւույթը, տեսնում ես դրա արդյունքը, քանի որ մարդն ունի հոգեւոր սննդի պահանջ»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ նման ծրագրերի պակաս կա. «Խնդրի լուծման գործում մեծ դեր ունեն հեռուստաընկերությունները: Լավ գործը կոմերցիոն բնույթ չի կրում, բայց երբ անընդհատ լավն ես մատուցում, այն հանրամատչելի է դառնում: Այդ դեպքում նոր կարելի է կոմերցիա անել, եթե իրավիճակին մոտենաս որպես բիզնեսմեն: Իսկ Կոմիտասի պես մեծանուն գործիչներին պետք է ներկայացնել կոնկրետ ծրագրերի շրջանակում: Միաժամանակ` էստրադան էլ է պետք. ըստ իս, Առնո Բաբաջանյանի ֆոնեմենն այն է, որ նա էստրադային երաժշտությունը բարձրացրեց դասականի մակարդակին»:
Ալավերդյանը նկատել է, որ հանրության շրջանում ձեւավորված կարծիք կա, թե ընկալվում է այն, ինչ մատուցվում է. «Մատուցողն էլ ասում է, որ տալիս է լսողի պահանջածը: Բայց չպետք է հավասարվել վատ որակի մշակույթ մատուցողներին եւ, միգուցե, ունկնդրին ասել` եղբայր, քո ուղեղը ժանգոտել է, մի քիչ գիրք կարդա, կամ` ժամանակն է լսել լավ երաժշտություն, ոչ թե «ռիթմիկ» պատկերներ, որոնք չունեն երաժշտություն»:
Երիտասարդ երգչից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է սերիալների մասին: «Սերիալներ պետք է լինեն, բայց անհրաժեշտ է դրանք հասցնել գեղարվեստական ֆիլմերի մակարդակին. 3000 սերիա նկարահանելու փոխարեն կարելի է սահմանափակվել 30-ով: Եթե թատրոնի դերասանը ոչ համապատասխան աշխատավարձ է ստանում, իսկ տուն մտնելուց լսում է, թե ինչպես է երեխան ասում` պապ, խաղալիք բերե՞լ ես, սկսում է ինչ-որ ելք փնտրել: Ելքն էլ հիմնականում բովանդակություն չունեցող սերիալներն են: Թող դրանք լինեն փոքրաքանակ, բայց որակյալ: Սերիալներում կարող է պրոպագանդվել ցանկացած մշակույթ, սակայն այլ է դրա որակի հարցը. մեքենա վարելն էլ է մշակույթ, բայց պետք է լկտիություն չանես եւ չխանգարես դիմացինիդ: Իսկ եթե վատ մշակույթ է մատուցվում, եկեք ասենք, որ չենք ուզում թուրքական կլկլոց լսել, որովհետեւ Կոմիտասը շրջում էր գյուղերով, հավաքագրում ժողովրդական երգերը եւ մարքրում դրանք` հասցնելով բարձր որակի: Այսօր մենք ետ ենք գնում: Նույն Ջիվանու եւ Սայաթ-Նովայի երգերը թող կատարեն մաքուր ձայնով` առանց կլկլացնելու»,-ասաց Արտակ Ալավերդյանը:
Խոսելով օպերային արվեստի խնդիրներից` նա փաստեց, որ օպերային քիչ գումարներ են տրամադրվում, մինչդեռ այն շատ խորը եւ բարդ արվեստ է. «Հայերի առավելությունն այն է, որ գեղեցիկ ձայն ունեն, բայց նրանք պետք է իրենց լիարժեք երգիչ զգան: Կարծում եմ` օպերային երգիչը պետք է «թափառաշրջիկ» լինի. եթե նրան հրավիրում են արտասահման, ուրեմն ունի համապատասխան տվյալները: Օպերային արվեստը համաշխարհային է: Եթե իտալերեն ես երգում, ինչո՞ւ պետք է միայն Հայաստանում երգես, թող քեզ լսեն Իտալիայում, Ֆրանսիայում եւ այլուր: Դրանից հայկական մշակույթը չի տուժում: Յուրաքանչյուր անգամ, երբ աշխարհի որեւէ կետում հայի անուն է բարձրացվում, շահում ենք մենք»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում դասական երաժշտությանը. «Բայց դա միայն պետության խնդիրը չէ, կատարողինն էլ է: Ամեն անգամ պետությանը մեղադրելով` հաղթանակի չենք հասնի: Պետությունը մեղավոր չէ, որ աղբն իր տեղում չէ թափված: Իրականում անգրագետ է այն մոտեցումը, համաձայն որի` պետություն ասելով մեղադրում են մի երեք հոգու: Մեղավոր են բոլորը, որովհետեւ անտարբեր են: Ուզածս միայն այն է, որ այս երկրում յուրաքանչյուր մարդ իր գործով զբաղվի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ