Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է

Նոյեմբեր 07,2012 16:20

ԼԵԶՈՒԱԿԱՆ   ՀԱՐՑԵՐԻ  ՄԱՍԻՆ  ԽՕՍԵԼ  ՄԻԱՅՆ  ՓԱՍՏԵՐՈՎ

«Տգէտ   գեադան  հրապարակել  է  խելքին  փչած  «ցանկապատային»    ուղղագրութիւն,  եւ նրան   հնազահդելով   պէտք  է  գրել,  ինչպէս   լակոտներ   են  գրում  պատերի  վրայ»:

Ի.  Բունին  (Նոբելեան  մրցանակի  դափնեկիր)

«Ուրիշ  էլ  ի՞նչ  ենք  անելու  մեր  լեզուի  դէմ,  որպէսզի  մատչելի  լինի  բթամիտներին»:

Ի.  Իլյին   (Փիլիսոփայ,  Մոսկուայի  համալսարանի փրոֆ.)

Ռուս  մտաւորականութիւնը  լեզուի  մասին  լենինեան  դեկրետային   «բարեփոխումները»  համարեց  դասարանի  վերջին  շարքերում  նստած  ծոյլ  անբաններին  փրկելու  ռեֆորմ:

Որպէս  բնաբան  վերը  բերուած  տողերը  ընտրեցինք՝ աբեղեանասեւակեան  ուղղագրութեան  կողմնակիցներին  ցոյց  տալու  համար  նոյն   դեկրետի  կիրառման  հետեւանքները,  ներկայացնելով  նաեւ   մեզ  մօտ  մինչ  այդ  առաջարկուած   ա’յն «բարեփոխումների»  նախապատմութիւնը,  որով  իբրեւ  թէ  հիմնաւորւում  էր  աբեղեանական  ռեֆորմի  անխուսափելիութիւնը:   Դեկրետային  պարտադիր «բարեփոխումը»  պիտի  կատարուէր  նաեւ Հայաստանում,  քանզի  «1500  տարուայ  հնութիւն  ունեցող  մի  ուղղագրութիւն  փոխելու  համար  միշտ  չի  լինի  հարմար  ժամանակ,  իսկ  1922-ը  հենց  այդպիսի  հազուադէպ  վայրկեաններից  մէկն  է» (Մանուկ  Աբեղեան):  Աբեղեանական  ռեֆորմի  էութիւնը  բացայայտենք  ստորեւ  բերուող՝  իր  իսկ  խոստովանութիւններով.  ահա  դրանք.  «…Հնչական  դրութիւնը  նախատեսուած  է  անգրագէտների  համարիսկ  գրագէտները  հիմնական  խոչընդոտն  են  դրա  ընդունմանը…»,  եւ  դրա  համար  «…Չափահաս  գրողը  դեն  պիտի  դնել:  Այդպիսի  մէկը  վարժուած  է  հայերէն  կարդալու  եւ  գրելու… Եթէ  մենք  չափահաս  գրողներին  նկատի  ունենանք,  ուղղագրութեան  մէջ  ոչ  մի  ռեֆորմ  չպիտի  մտցնենք»:  Աբեղեանի  «բարի»  ցանկութիւնն  էր .  «Ռուսաստանում  ապրող  հայ  հասարակութեան  ձուլման  փաստի  վտանգը  նկատի  ունենալով,  հայերէնի  գրագիտութեան  մակարդակը  հասցնել  (իմա՝  իջեցնել)  ռուսախօս  անգրագէտների  դիւրամատչելիութեանը»:  Այսինքն,  ռեֆորմի  ելակէտը   հայերէն  չիմացող  անգրագէտ  սերունդն  է  եւ «ապրող  անգրագէտների»  համար  մատչելի  ուղղագրութիւն  հիմնելը,  որպէս զի  այդ  անգրագէտ  սերունդը  ստիպուած  չլինի  «Յանձն  առնելու  ուղղագրութիւն  սովորելու  համար  գործադրել  անպէտք  եւ  ապարդիւն  աշխատանք  եւ  ժամավաճառ  չլինել»  (Մ. Աբեղեան):    Այսպիսով,  հայերէնի  ուղղագրութիւնը  սովորելը  ըստ  Աբեղեանի՝  աւելորդ,  անպէտք  աշխատանք  եւ   ժամավաճառութիւն  է,  իսկ  իր  խեղագրութիւնը   սովորելու  համար  աշխատանք  եւ  ժամանակ  պէտք  չէ  (էլ  ինչ  գիտութիւն,  եթէ  այդքան  հեշտ է):

Վերջերս, «Առաւօտ»ի  մէջ  (29 Սեպտեմբերի, 2012)   կարդացինք  այդպիսի  ուղղագրութեան  համար  եւս  մի  մարտնչողի  յօդուած, բանասէր  եւ  գիտութիւնների  թեկնածու  Թերեզա  Գալստեանի  յօդուածը՝ «Արդյո՞ք  ճիշտ  է  վերադարձը  հին  ուղղագրության»  վերնագրով:  Յօդուածը  նպատակ  ունի  ապակողմնորոշել  «Առաւօտ»ի  (եւ  ոչ  միայն  այդ   թերթի)  ընթերցողներին՝  առանց  գիտական  համոզիչ  փաստարկումների,  կրկնելով   մեր  որոշ  լեզուաբանների  կողմից  արդէն   բազմիցս  ծամծմուած  եւ  մաշուած՝  անհիմն հռետորական  հարցադրումները:   Զարմանալի  է  նաեւ,  որ  աւանդական  ուղղագրութիւնը  վերականգնելուն  դէմ  եղողները,  Թերեզա  Գալստեանը  նոյնպէս,  առանց  կոնկրետ  փաստեր  վկայակոչելու,  միշտ  շեշտում  են  19-րդ  դարի  կէսերից   այս  «հասունացած»  հարցի  ուղղութեամբ  արդէն   որոշ «կատարուած  քայլերի  մասին»,  որոնք  իբր  թէ  ընդհատուեցին  միայն 1915-ի  եղեռնի  պատճառով:  Ընդհանուր  գաղափար  կազմելու  համար  փորձենք  ընթերցող    լայն  զանգուածներին  տեղեակ  պահել  այդ  յօդուածի  հենց  սկզբում  թուարկուած    «հայ  անուանի  գրական-հասարակական  գործիչների  արած  որոշ քայլերի»  մասին, նախապէս  ներկայացնելով  նաեւ  բանասէրի  կողմից   չնշուած,  այդ  դարաշրջանի  ա’յլ  մտաւորականների  առաջարկները  եւս:  Ահա  դրանք  (ստորեւ  փաստերը  վերցրել  ենք   Մ.  Մաշտոցի  անուան  Մատենադարանի  գիտաշխատող,  դոկտ. փրոֆ.  այժմ  յանգուցեալ  Լեւոն  Խաչերեանի  գործերից):

Ղ. Ինճիճեանը  (աշխարհագրագէտ),  19-րդ  դարի  առաջին  քառորդում իր  գրքերում կիրառել  է  հնչական  սկզբունքի  գրելաձեւը  (այսինքն՝  գրել  այնպէս,  ինչպէս  արտասանում  ենք):  Նա  գրում  էր  լսուող,  բայց  չգրուող  Ը-երը  (սըխտոր,  բըռնել),  հոգնակիակերտ  ներ-ի  մէջ  գրել  Է-ով  (մատնէր,  վարդէր),  մասնիկները   գրել  է բառերի  հետ  միասին  (ըսէրէր,  անգամմը,  նայիսնէ),  դերբայական  ող-ը  գրել  է  օղ  (ուտօղ,  երգօղ,  գրօղ):

Մ.  Նաւասարդեանը  «Մշակ»  թերթում առաջարկել  է  լրիւ արտաքսել  Ո  տառը   եւ գործածել  միայն  Օ -ն   (մօլօր,  օրօշ,  օղջ):

Լ.  Մարկոսեանը  «Արօր«,  «Մշակ»  թերթերում  առաջարկել  է Ո-ի  փոխարէն  գրել  ւօ  (ւօտ,  ւօչխար,), Վ-ի  փոխարէն  ամենուրէք  միայն  ւ  գործածել, իսկ  Վ-ն  գործածել  միայն  որպէս  ւ  տառի  համար մեծատառ  գիր ( ւազել,  բայց  Վարդան):

Ս.  Թառայեանը  (փիլիսոփայ,  «ընկեր»  շաբաթերթի  խմբագիր)  առաջարկել  է  գրաբարի  օրինակով  հրաժարուել  գրական  աշխարհաբարից  եւ  գործածել  «ռամկերէն  հայերէնը»՝,  իսկ  դա՝   բարբառային  լեզուն  է:  Ըստ  նրա,  Մաշտոցը  հնարել  է  միայն  22  տառ (շփոթում  է  Դանիելի  գրերի  հետ),  մնացած  16-ը  պէտք  է  դեն  նետել:  Նրա  խօսքերն  են.  «Մի՞թէ  հայ  մարդու  միտքը  գրաւոր  արտայայտելու  համար  աւելի  հնչիւններ  են  հարկաւոր,  քան  թէ  ունեն  բոլոր  եւրոպական  ազգերը:

Նահապետ  Ռուսինեանը  («Կիլիկիա»  երգի  տեքստի  հեղինակը)  նոյնպէս առաջարկել  է   Ո-ի  փոխարէն  ամենուրէք  գրել Օ  (գօղ,  սօխ,  բօղկ),  ել  անորոշ  ձեւը  գրել  էլ (ուտէլ,  գրէլ, խմէլ),  իւ-ի  փոխարէն  գրել ւիւն-սւն,  ձիւն –ձւն,  ճիւղ-ճւղ),  իսկ  հոլովելիս՝  գործածել մաքրութիւն—մաքրութիան,  քաջութիւն-քաջութիան  գրելաձեւը:  Նաեւ  առաջարկել  է   H  հնչուող  յն  գրել  Հ,  իսկ  բառամիջում  Ե-ի  փոխարէն՝  Է   (գրէլ  էմ,  վազէցի  եւայլն):

Ստեփանէն  («Հայկական  աշխարհ»   թերթի  Խմբագիր)  առաջարկել  է   Ո-ն  Օ  գրել  եւրոպական  բառերում  (Եւրօպա,  դօկտօր, պրօֆեսօր),  կամ  էլ՝  կէտադրութիւնը  գրել  եւրոպականի  նման՝  վերջակէտը  մի  կէտով,  միջակէտը՝  երկու  կէտով:  Յետագայում  տեսնելով  մտաւորականութեան  անհամաձայնութիւնը,  Ստեփանէն  հրաժարուեց  իր  առաջադրած  իննը  կէտերից:

Թ.  Գալստեանի  յօդուածում    յիշատակուած՝  1913թ  Էջմիածնում  հրաւիրուած յանձնաժողովը  այդպէս  էլ   չկարողացաւ  որոշում  կայացնել  եւ  գործադրել  կեանքում,  որովհետեւ  այդ  յանձնաժողովի  ուղղագրական  նպատակադրումները  եւ  վերը  նշուած  «հասարակական  գործիչների»  առաջարկութիւնները  հաւանութեան  չարժանացան  ազգի  եւ  մտաւորականութեան  կողմից:  Նկատենք   նաեւ,  որ,  ինքը՝ Աբեղեանը, իր  ելոյթի   սկզբում  այդ  յոբելեանական  համաժողովը  նախ  համարել  էր  «ուղղագրութեան  մասին  խորհրդակցութիւն», ապա   յայտնել    իր  կարծիքը,   թէ ՝ «Պէտք  է  կապուած  մնալ  բառերի  հին  գծագրութիւններին»,      աւելացնելով՝  «Վերջնական  եզրակացութիւնը  անպայման  չպիտի  լինի  այն,  որ  ուղղագրութիւնը  մեծ  փոփոխութեան  պիտի  ենթարկուի:  Կարող  է  լինել,  որ  պահուի  մեր  հին  ուղղագրութիւնը  թեթեւ  փոփոխութիւններով  կամ  առանց  փոփոխութիւնների»: ,  Ցաւօք, 1922-ին   նա  արդէն  ընդունեց  տիրող  կուսակցական  տեսակէտը,  որ

«Եթէ  ռեֆորմ  է  լինելու,  պէտք  չէ  բաւականանալ  չնչին  փոփոխութիւններով»:  Շիրվանզադէն  անդրադառնալով  1913-ի  ժողովին՝  գրել  է. «Տգեղ  բան  կը  լինի Սահակի  եւ  Մեսրոպի  տօնը  կատարելու  համար  ժողովել  եւ  նոյն  Սահակի  ու  ՄԵսրոպի  շինած  սքանչելի  տաճարը  քանդել»:  Իսկ  այդ  յանձնաժողովի  անդամ,   այն  ժամանակուայ  վարդապետ (յետագային  Ամենայն  Հայոց   Կաթողիկոս)

Գ.  Չէորէքչեանը  իր կաթողիկոսական տեղապահութեան  ժամանակ նամակով  դիմել  էր    Լ. Պ.  Բերիային՝ միջնորդելու  կառավարութեանը՝ «նոր»  ուղղագրութեան  առաջացրած տարբերութիւնը  կրկին  միասնականացնելու  անհրաժեշտութեամբ  (առիթից  օգտուելով  յիշեցնենք,  որ  Պարոյր  Սեւակը  այս խնդիրը  աւելի  տագնապալից  է  նկատել,  քան  Սեւանի  ցամաքեցման  խնդիրը):

Ղազարոս  Աղայեանը  առաջարկել  էր  վ-ի  փոխարէն  գրել  միայն  ւ (ծով-ծու, կով-կու,  սով-սու):  Նա  այդ  սկզբունքով  կազմել  էր  դասագիրք,  ինչը  վերացուեց  Կաթողիկոսի  հրամանով:  Աբեղեանը  1913 թ.  յոբելեանական  զեկոյցում  Աղայեանին քննադատեց  ոչ  միայն  այդ,  այլ  նաեւ  այն  առաջարկի  համար,  ըստ  որի, Վ հնչիւնը բաղաձայնից  յետոյ  ու-ով  գրելը  փոխարինել  էր  ւ-ով.   օրինակ,  փոխանակ  աւանդական  ձեւով  զինուոր,  բանուոր,  Աստուած  գրելու,  Աղայեանը  առաջարկում  էր  զինւոր,  բանւոր,  Աստւած  գրելաձեւը:  Աբեղեանը  իրաւացի  էր,  ասելով  թէ՝ «Խառնաշփոթութիւններին  տեղիք  չտալու  համար,  որովհետեւ  ուղղագրութեան  միութիւնն  անհրաժեշտ  է,  հարկաւոր  է  պահել  գրաբարի  ուղղագրութիւնը,  այսինքն  Վ  հնչիւնը  բաղաձայնից  յետոյ  ու-ով  գրել,  բացի  երկու  ու-եր  իրար  հանդիպելու  դէպքից»:    Շարունակելով,  նա    բացատրում  է.  որ. «Հին  ուղղագրութիւնը  պահում  է  միութիւն   եւ  տեղիք  չի  տալիս  տարաձայնութիւնների,  իսկ  մի  լեզուի  գրութեան  մէջ  ամենից  անհրաժեշտ  պայմանն  է  ուղղագրութեան  միութիւնը»:   Ափսոս  որ,  1913-ին   ասուած   այդ   ճիշտ  դատողութիւնները  նա   1922-ին  լրիւ  անտեսեց  եւ  արեց  հակառակը:

Ն.  Ադոնցը,   ով  սկզբում  ւ-գրութեան  կողմնակից  էր,   յետագայում   չընդունեց  ռեֆորմի  արդիւնքները,  գրելով.  «Ոչ  զուտ  լեզուագիտական,  ոչ  մանկավարժական  եւ   ոչ  անգամ  գործնական  որեւէ  լուրջ  հիմ  չեմ  տեսնում  շեղուելու  աւանդական  ուղղագրութեան  սկզբունքներից»:

Ստ.  Մալխասեանցը   կողմնակից  էր  ամենուրէք  վ-գրութեան,  սակայն  նա  էլ  յետագայում,  աբեղեանական  ռեֆորմից  յետոյ,  վիրավորելու  աստիճան  քննադատեց  Աբեղեանին՝  սարսափելով    «Նոր  ուղղագրութեան  այն  աւերածութիւնից,  որ  համատարած  խեղաթիւրելու  էր  արեւելահայ  գրական  լեզուի  բառապատկերների  տեսքը»:   Պատահական  չէր,  որ  Մալխասեանցը  իր  կոթողային Բացատրական  Բառարանը  ձօնեց  Ստալինին՝ խնդրելով  գիրքը  տպագրել  միայն  դասական  ուղղագրութեամբ,  ինչպէս  որ  նոյնը  պահանջել  էր   Աճառեանը՝  իր  Արմատական  Բառարանի  տպագրութեան  առիթով:  Այս  մեծերը  հասկացան,  որ  Հայերէնի  Արմատական  եւ  Բացատրական  Բառարաններին  անյարիր  է «նոր»  ուղղագրութիւնը:  Եւ  իրօք,  պատերազմում  թշնամու կողմից  հափշտակած  աւարը՝  ռազմաւարը   ինչպէ՞ս  տարբերել  մարտը  վարող   ռազմավարից:  «Դասականով  մեզ  անգրագէտ  կը  դարձնէք»  ասողները  ինչպէ՞ս  պիտի  տարբերեն  հենց   այդ  նախադասութեան  մէջ  գրուած  մԵզ  դերանունը՝   իրենց  միզած  մԷզից,  երբ  Ե-Է տառերի  տարբեր  գրելաձեւը  փոխուեց՝  երկուսն  էլ  միայն  Ե-ով   գրելով՝  մեզ :  Իսկ  ԳԷՏ  արմատով   անգրագէտին,    ինչպէ՞ս  տարբերել  ԳԵՏ  արմատով   գետաձիուց:  Վարժուել  ենք  յար արմատը  (յարեալ,  յարութիւն  առնել)  գրել  հար  (հարուած,  կարկտահար,  սիրահար)  արմատով  եւ  Քրիստոսի  Յարութիւնը (յառնելը)  դարձնել  Քրիստոսին  հարուածել:  Յարգելի  բանասէրը  մեզ  յիշեցնում  է,  որ  «լեզուն  կենդանի  համակարգ  է  եւ  անընդհատ  փոփոխւում  է»:  Մենք  էլ  իրեն (եւ  իր  նման  մտածողներին)  կրկին  յիշեցնում  ենք,  որ  լեզուագիտութեան  մէջ  ընդունուած  գրաբանական  տեսութեան  համաձայն,  ստուգաբանական  հիմքով  եւ  հնագոյն  մատենագիտութիւ  ունեցող  լեզուներում,    պարտադիր  չէ  ուղղախօսութեան  եւ  ուղղագրութեան  բացարձակ  համապատասխանութիւն,  եւ  չի  կարելի  բանաւոր  խօսքի  մշտական  տեղի  ունեցող փոփոխութիւնների  հետ  (ինչը  բնական  է  բոլոր  լեզուներում)  անընդհատ  փոփոխել  նաեւ  այբուբենն  ու  ուղղագրութիւնը:  Այլապէս  յետագայ  սերունդները  չեն  կարողանայ  կարդալ  նախորդի  գրածները:  Յարգելի  Թ. Գալստեան,  հրաժարումն  աբեղեանասեւակեան  խեղագրութիւնից  եւ  դասական  ուղղագրութեան  վերականգնելն  ու  անխաթար  պահպանելը  ճիշդ  է  եւ  պարտադիր,  որպէս զի  վերանայ  այսուհետեւ  աւանդական  ուղղագրութեան  նկատմամբ  տեղից  ելնողների  կողմից   «բարեփոխումներ» առաջարկելու    նախադէպը՝  բանաւար  խօսքի  ամէն  փոփոխութեան  առիթով   ուղղագրութիւն  եւ  այբուբեն  փոխելու  ապագայ  նկրտումները:

 Յօդուածում,  նաեւսխալ  է  ակնարկւում  Առաջին  Հանրապետութեան  դժուար  օրերին  ուղղագրական  հարցով  զբաղուել  չկարողանալըմինչդեռ  այդ  կառավարութիւնը  հրապարակեց  լեզուի  մասին  նոր  օրէնք,  լեզուն  մաքրելով   ցարական  նահանգային  կարգավիճակից  բխող  ռուսականացուած  գրագրութիւնից,  առանց  դասական  ուղղագրութիւնը  փոխելու   մասին  որեւէ  յիշատակման:  Բացի  այդ,  ընդհանրապէս  շրջանառութիւնից  պէտք  է  հանել  նաեւ  նախկինում  (ԽՍՀՄ-ում)   հրատարակուած  գրքերը  դասականով  վերահրատարակելու  հարցի  մասին  մտահոգութիւնը.  դրա  կարիքը  չկայ:   Այսօր,  առանց  այդ  էլ   անորակ  դասագրքերի  եւ  օտարատառ ազդագրերի  փոխելը  արդէն  պարտադիր  հարց  է  դարձել:   Իսկ   ինչ վերաբերում է  դասականի  ուսուցման  խնդիրը  բարդացնելուն,  այդ  մտահոգութիւնը    լուծելի  է,  ինչպէս  նաեւ  դասական  ուղղագրութեանն  անցնելու   գործնական  քայլերի  մշակումը:  Պարզապէս  լրագրային  սուղ  էջի  պայմաններում  հնարաւոր  չէ  դրանց  արծարծումը  այս  յօդուածում  եւ   բաւարարուենք  այսքանով:

 

   Նշան  Որբերեան  (ԱՄՆ)

                                    («Մեսրոպեան  Ուխտ»  լեզուապահպանական  միութիւն)

                                                            24  Հոկտեմբեր 2012

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930