Թատերական բեմադրիչ (շուրջ 30 տարի), ինքն իրեն ազատ ստեղծագործող հռչակած (1999-ից) Արթուր Սահակյանը նշանավոր կատակերգակ Թաթիկ Սարյանի թոռն է: Կուլիսային խոսակցություններում մշտապես հոլովվում է այն, որ ռեժիսորի ստեղծագործական գործունեության վրա չի անդրադարձել ոչ միայն պապի գործոնը, այլեւ նրա ընկերական շրջապատը՝ սկսած Հրանտ Թոխատյանից, Միքայել Պողոսյանից… ովքեր ունեն կոչումներ ու պարգեւներ, մուտք՝ իշխանական շրջապատ:
Նրա ընկերները, փաստորեն, ոչինչ չարեցին, որ Արթուր Սահակյանին կոչում շնորհվեր կամ նրա 50-ամյա հոբելյանը նշվեր ոչ թե Մայր թատրոնի ձմեռային այգում, այսպես կոչված՝ մշակութային «բոմոնդի» ներկայությամբ, այլ հանդիսատեսին ներկայացվեր վերջինիս կողմից սիրված «Խաթաբալադա», «Mea Culpa», «Պարոնյաք 50/50», «Ջին ջան» եւ այլ կոմերցիոն ու տարբեր թատրոններում բեմադրություններ ներկայացրած ռեժիսորը: Անառարկելի է, որ նա ստեղծեց Հրանտ Թոխատյանի, Միքայել Պողոսյանի եւ ժողովրդականություն վայելող մյուս արտիստների իմիջը:
Բեմադրիչի իրականացրած մասշտաբային միջոցառումներից իսկապես հիշատակման է արժանի հայկական բանակի 15-ամյակին նվիրված «Հատուկ նշանակության երգեր» խորագրով համերգը:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արթուր Սահակյանը, նշելով, թե կոմերցիոն ներկայացումները, իր խոսքերով՝ արվում են մասնավոր փողերով եւ խնդիր կա փող աշխատելու, հավաստիացրեց, որ իր դեպքում կոմերցիոն եւ ոչ կոմերցին ասվածը նշանակություն չունի: Սահակյանի պնդմամբ՝ կան աշխատանքներ, որ արվում են կոնկրետ նպատակով, բայց սիմվոլիկ գումարով, այնպես՝ ինչպես «Մեր այբբենարանը»: Նա հավելեց, թե իր միակ թոռը՝ Ալեքսանդրը, հայոց տառերին ծանոթացել է հենց այդ DVD-ի միջոցով: Բեմադրիչը մեկ-մեկ հիշեց տարբեր թատրոններում իրականացրած սեփական բեմադրությունները, տեղեկացրեց, որ առաջիկայում Մայր թատրոնում կբեմադրի Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդը», Դրամատիկականում՝ Արթուր Միլլերի «Շրջիկ գործակալի մահը» եւ այլն:
Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ չի անդրադառնում հայ հեղինակներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ մեր դրամատուրգիան կաղում է: Ճիշտ է, ունենք Շանթ, Դեմիրճյան, Պարոնյան, Աղասի Այվազյան, մեր օրերում՝ Կարինե Խոդիկյան, Քրիստ Մանարյան…, բայց թատերարվեստ ոճ բերող դրամատուրգներ չունենք, այնպիսին, ինչպիսիք են, օրինակ՝ Շեքսպիրը, Բրեխտը, Մայակովսկին, Իոնեսկոն… Նրանց բեմադրելիս ձգտում ես հավասարվել այս հեղինակներին»:
Զրույցի ընթացքում մեծամասշտաբ հանդիսությունների ռեժիսորը հերքեց մեզ հասած այն տեղեկությունը, որ մշտապես նման համերգների պայմանները, արտիստների անունները պարտադրանքի նման ստանում է վերեւից. «Այսօր ես չեմ տեսնում, օրինակ, Հանրապետության հրապարակում ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ տոնախմբություն անցկացվի, ինչը մեկ անգամ արվեց, որին փրկեց 3D ձեւաչափը: Պետք է հասկանալ, որ գոնե այսօր մեր հրապարակում զուտ դասական երաժշտությամբ տոնախմբությունների անցկացումը աբսուրդ է: Օրինակ՝ Լայպցիգի հրապարակում հնարավոր է Բախ ներկայացնել… Առայժմ կարողանում եմ կանխել գոնե ինձ համար էժանագին արվեստ ներկայացնողների մասնակցությունը, մանավանդ շոու-բիզնեսում ունենք անուններ՝ Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Ինգա եւ Անուշ Արշակյաններ, Ֆորշ… Ունենք տեղական չափանիշներին բավարարող հիթեր»:
Հարցին, թե իշխանավորներից դիմո՞ւմ են իրեն՝ ընտանեկան այս կամ այն հավաքույթի ռեժիսուրան ապահովելու համար, Արթուր Սահակյանը կատակեց, ասելով. «Նրանք չեն կարող իրենց թույլ տալ այդչափ շռայլ ծախսեր…»: Անդրադառնալով կոչումներին՝ մեր զրուցակիցն ասաց. «Դրա մեջ ես պարտադրանք եմ տեսնում, ինչ-որ տեղ էլ՝ կաշառք: Ես առանց դրա էլ պարտավորված եմ ու կաշառված… Իմ գերնպատակը ցանկացած աշխատանք լավագույնս կատարելն է»:
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ