Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական իրավիճակը ավելի նպաստավոր է, քան առնվազն հինգ կամ տասը տարի առաջ»

Նոյեմբեր 07,2012 15:12

Ըստ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ 2007-2008թթ․ Տեր-Պետրոսյանին չհաջողվեց իշխող քաղաքական եւ տնտեսական վերնախավի նկատմամբ անել այն, ինչ նա հիմա է ձգտում անել:
– ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, թե ՀԱԿ-ը ձգտում է մյուս քաղաքական ուժերին համախմբել առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման անհրաժեշտության շուրջ, նաեւ այլ տարբերակ էր նշել, որ եթե դա չստացվի, ցանկացած տարբերակ կարելի է քննարկել ե՛ւ ՀԱԿ-ի ներսում, ե՛ւ ՀԱԿ-ից դուրս, ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ չեզոք դաշտում: Ձեր կարծիքով՝ ընդդիմադիր ուժերի համախմբում կարո՞ղ է տեղի ունենալ:
– Դա հնարավոր է, եթե ԲՀԿ-ն որոշում կայացնի մասնակցել նախագահական ընտրություններին, տեսականորեն դա հնարավոր է։ Բայց այստեղ կարծում եմ՝ ոչ թե Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի կամ ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչների կարծիքն է կարեւոր, այլ բուն Լեւոն Տեր-Պետրոսյանինը։ Ինչպես դա եղել է 1990-ականներին, այնպես էլ հիմա ՀԱԿ առաջնորդը միանձնյա է ընդունում գլխավոր քաղաքական որոշումները, եւ կարծում եմ, որ վերջնական որոշումը ինքն է կայացնելու, իսկ ՀԱԿ-ի այլ անդամների հայտարարությունները կամ անձնական կարծիք են, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայնեցված ինչ-որ «զոնդաժներ» են, որոնք ինչ-ինչ տակտիկական նպատակներ ունեն։ Մյուս կողմից, կարծում եմ, որ նույնիսկ տեսական առումով, եթե չբացառենք, որ որոշ ուժեր՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, տեսականորեն կարող է միանան, միեւնույն է՝ ողջ քաղաքական դաշտը չի միավորվի, որովհետեւ առնվազն Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում, կարծում եմ, արդեն իսկ ակնհայտ է՝ նա պատրաստվում է միանձնյա գնալ ընտրությունների, եւ այդ պայմաններում մենք սեւ-սպիտակ պատկեր չենք ունենա:
– Պարոն Մինասյան, քաղաքական ուժերը չեն էլ թաքցնում, որ քաղաքական ուժերի կոնսոլիդացման հնարավորությունը կապված է նաեւ արտաքին գործոններով, օրինակ՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշել էր, որ դա կախված է նաեւ դրսի ազդակներից, դրսի խաղացողներից: Կուզենայի գնահատեիք այդ «դրսի» գործոնը նախագահական ընտրություններից առաջ, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի շահը եւ ավելի կոպիտ ասած՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի «այլընտրանքային» ուժ առաջ մղել-չմղելու հավանականությունը:
– Ես կարող եմ ավելի կոպիտ ասել. ի տարբերություն իմ գործընկերների, քաղաքագետների ու քաղաքական գործիչների՝ կարծում եմ, որ գուցե արտաքին գործոնը որոշակի դեր խաղում է, բայց այն չափազանցված է: Հայաստանը այլեւս այն երկիրը չէ, որտեղ նախագահին կամ գլխավոր քաղաքական ուժերին ընտրեն դրսից՝ նաեւ ելնելով նրանից, որ Հայաստանը լավ կամ վատ՝ բալանսավորված քաղաքականություն է վարում, եւ ոչ միայն Ռուսաստանից կամ Միացյալ Նահանգներից է կախված Հայաստանի ներքաղաքական պատկերը։ Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում ունենք ներքաղաքական արտաքին կոմպլեմենտարիզմի ամենաբացառիկ օրինակը՝ Վարդան Օսկանյանի եւ Գագիկ Ծառուկյանի դեպքում։ Կարծում եմ՝ ոչ ոք չի կարծում, թե Վ․Օսկանյանը պրոռուսական գործիչ է: Հետեւաբար Հայաստանի գլխավոր խնդիրը Հայաստանի ներսում է, այլ ոչ թե Հայաստանից դուրս։
– Օրերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին առաջիկայում կարող է ԲՀԿ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերվել։ Ձեր նշած «տորգը» փաստացի նախագահական ընտրություններից առաջ ընթանում է ՀՀԿ-ԲՀԿ դաշտում: Անցյալ շաբաթ ըստ Gallup միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի անցկացված հետազոտության արդյունքների՝ եթե ընտրությունները անցկացվեին անցյալ կիրակի, Սերժ Սարգսյանը կհավաքեր քվեների 28%-ը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 19%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 11%-ը։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստերը։
– Կարծում եմ, որ քաղաքական ներկայիս իրավիճակը ավելի նպաստավոր է, քան առնվազն հինգ կամ տասը տարի առաջ:
– Ինչո՞վ է ավելի նպաստավոր:
– Փաստացի մենք ունենք մի իրավիճակ, որը խորհրդարանական ընտրություններից է գալիս, տնտեսական եւ քաղաքական էլիտայի պայմաններում մենք ունենք միգուցե ոչ այնքան հստակ, բայց այդ ճանապարհին գտնվող երկու քաղաքական բեւեռներ՝ ի դեմս Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության։ Այդ գործընթացը դեռ չի ավարտվել, բայց այն, որ գոնե այս պահին՝ ընտրություններից առաջ, երբ դեռ որեւէ մեկը չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանը որեւէ այլընտրանք չունի, եւ ոչ ոք չի հայտարարել նաեւ, որ ինքն է միանձնյա ֆավորիտը լինելու, եւ քանի դեռ այս ինտրիգը կա՝ դա ամենամեծ առավելությունն է, եւ այս առումով, կարծում եմ, իրավիճակը էականորեն տարբերվում է, թեեւ դեռ ժամանակ կա մինչեւ ընտրությունները։
Նույն իրավիճակն էր 2007-2008թթ․ Լեւոն Տեր֊Պետրոսյանին չհաջողվեց այն ժամանակ անել այն, ինչ նա հիմա է նպատակադրվել իրականացնել իշխող քաղաքական եւ տնտեսական վերնախավի նկատմամբ: Հիմա այդ գործընթացի ականատեսն են ինչ-որ չափով:
– Պարոն Մինասյան, փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ միասին կարող է անցկացվել նաեւ սահմանադրական հանրաքվե։ Դրանում որեւէ միտում տեսնո՞ւմ եք՝ որպես իշխանությունների կողմից քաղաքական ուժերին ավելի վերահսկելի դարձնելու հարցում հարմար գաղափար։
–  Դա կախված կլինի նրանից, թե ինչ փոփոխություններ կառաջարկվեն, թե դրանք ինչպես կարող են անդրադառնալ իշխանական թեւերի ուժերի հարաբերակցության վրա։ Քանի դեռ հստակություն չկա, դժվարանում եմ պատասխանել, թե ում օգտին կարող է այդ գաղափարը կյանքի կոչվել։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930