Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթսայատան տեղում՝ ավտոլվացման կե՞տ

Նոյեմբեր 07,2012 15:30

Իսահակյան 28 շենքի բակն արդեն իսկ ծանրաբեռնված է մեքենաներով

Կաթսայատան դուռը բաց էր, խողովակները՝ տեղաշարժված:

Իսահակյան 28 շենքի բակը ծանրաբեռնված է ավտոմեքենաներով, եւ ավտոլվացման կետն այդ բակը կվերածի ավտոկայանատեղիի

Մոտ մեկ ամիս է՝ Իսահակյան 28 շենքի բակում խորհրդային տարիներից անգործության մատնված կաթսայատան դռները բացվել են: Շենքի բնակիչները նկատել են, որ ինչ-որ մարդիկ գնում-գալիս են, կաթսայատանը աշխատանքներ են կատարում: Առայժմ աշխատանքները ծավալվում են կաթսայատան ներսում. տարածքն ազատում են անգործության մատնված խողովակներից ու այլ իրերից: Բնակիչները հետաքրքրվել եւ սեփական աղբյուրներով պարզել են, որ նախկին կաթսայատան տեղում պատրաստվում են ավտոմեքենաների լվացման կետ բացել: Նման օբյեկտի շահագործումը Իսահակյան շենքի բակում բնակիչներն ուղղակի անթույլատրելի են համարում, քանի որ այն իր հետ բերելու է մի շարք անհարմարություններ այդ հասցեում բնակվողների համար: Նշենք, որ Իսահակյան 28 շենքը մայրաքաղաքի ամենաերկար եւ ամենաշատ մուտքեր ունեցող շենքերից է, ինչի հետեւանքով բակը ծանրաբեռնված է հարյուրավոր բնակիչների ավտոմեքենաներով: Բացի այդ, բակի տարածքը բավականին նեղ է, եւ եթե մեկ շարքով անգամ մեքենաները կայանում են, օտար մեքենաների մուտքն այդ բակում խցանում է առաջացնում: «Առավոտի» հետ զրույցում շենքի բնակիչները պատմեցին, որ նրանց բակում են կայանում նաեւ հարակից հասցեում գտնվող նոտարական գրասենյակի ավտոմեքենաները, որոնք էլ ավելի են ծանրաբեռնում բակը. «Մեր բակում ավտոլվացման կայանի շահագործումը՝ բացի այն, որ էլ ավելի կծանրաբեռնի առանց այդ էլ ծանրաբեռնված բակը, նաեւ վտանգավոր է մարդկանց անցուդարձի համար: Բակում երեխաներ են խաղում, մեծահասակներ են զբոսնում, ինչպե՞ս կարելի է նման օբյեկտ հիմնելու թույլտվություն տալ»:
Ի՞նչ է կառուցվում Իսահակյան 28 շենքի նախկին կաթսայատան տեղում «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից տեղեկացրին, որ իրենց վարչության կողմից կատարված ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ Մոսկովյան փողոցի հ.28 շենքի բակում որեւէ քաղաքաշինական գործունեություն փաստացի չի իրականացվում, եւ գոյություն ունեցող կաթսայատան վերակառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար էլ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթեր ներկայումս առկա չեն։
Սակայն նշենք, որ օրերս մեր այցելության պահին կաթսայատան դուռը բաց էր, եւ որոշ տեղաշարժեր՝ խողովակների եւ այլ մետաղական իրերի, կատարված էին: Բացի այդ՝ բնակիչները վստահեցրին, որ օրեր առաջ՝ ինչ բողոքի ալիք է բարձրացել, կաթսայատանն աշխատանքները դադարեցվել են: Սակայն մեր զրուցակիցները մտավախություն հայտնեցին, որ կաթսայատան նոր տերերը պարզապես օբյեկտի հետ կապված փաստաթղթերն են կարգի բերում, որ իրենց գործն անեն:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930