Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանում ես ապրում, Հայաստանի քաղաքացի ես

Նոյեմբեր 07,2012 15:21

«1988 թվականից մինչ այսօր ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում, սակայն չեմ հիշում դեպք, որ Միգրացիոն պետական ծառայությունը գոնե մեկ անգամ անհանգստանար իմ կարգավիճակի մասին եւ փորձեր հասկանալ՝ արդյոք ինչպե՞ս եմ ապրում»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Վլադիմիր Խաչատրյանը:
Վլադիմիրը Հայաստան է բռնագաղթվել 1988 թվականին՝ ընտանիքի մյուս անդամների հետ մասին: Սկզբնական շրջանում վարձակալությամբ բնակվում էին  Հոկտեմբերյանում, որից հետո բնակվել են հանրակացարանում: Ընտանիքը բաղկացած է 5 շնչից`  Վլադիմիրի հայրը, մայրը, եղբայրը եւ քույրը: Տան միակ աշխատող ուժը Վլադիմիրի հայրն է, ով մի կերպ խնամում է զավակներին: «Մեր տանը միայն ամուսինս է աշխատում: Շատ դժվար է ապրել նման պայմաններում: Մենք ունենք նաեւ հաշմանդամ երեխա, որը մեծ հոգատարության կարիք ունի»,-ասում է Վլադիմիրի մայրը:

Այդ պայմաններում ապրելով եւ չհասցնելով «աչք բացել» կյանքի թոհ ու բոհից, Վլադիմիրը զրկվում է միակ իրավական ուժ ունեցող փախստականի կարգավիճակից, որն էլ որպես հետեւանք առաջացնում է բազում խնդիրներ: Նախ՝ Վլադիմիրը զրկվում է անձը հաստատող փաստաթղթից եւ կրկին անգամ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության  (ՄՊԾ) վարած քաղաքականության շնորհիվ:

Վլադիմիրի համար այնքան զարմանալի չէր լինի, եթե հանկարծ տեղի չունենար անսպասելին:
Կոտայքի մարզի Նոր Հաճնի զինվորական կոմիսարիատից նրան ուղարկում են ծանուցում՝ զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին: Խնդրի բուն նպատակը պարզվում է հետագայում: Փաստորեն, Վլադիմիրին ծանուցում էր ուղարկվել զինվորական ծառայության անցնելու մասին, եւ դա այն դեպում, երբ Վլադիմիրը համարվում է փախստական, առավել եւս՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու մասին  հայցով  նա դիմել է վարչական դատարան: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիրը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, ուստի ծառայության ենթակա չի, սակայն ինչպես նշեց զինվորական կոմիսարիատից անստորագիր ծանուցում ներակայացրած անձը. «Եթե Հայաստանում ես ապրում, ապա Հայաստանի քաղաքացի ես»: Հետաքրքիր է, բոլոր զբոսաշրջիկները, որ գալիս են Հայաստան, իրե՞նք էլ են այդպես դառնում  ՀՀ քաղաքացի: Բնականաբար՝ այդօրինակ օրենք ոչ մի երկրում գոյություն չունի, ինչպես զրույցի ժամանակ նշեց Վլադիմիրի մայրը. « Հիմա Հայաստանում այնքան պարսիկներ են ապրում եւ բազում ազգերից մարդիկ էլ կան, ի՞նչ է` պիտի համարենք ՀՀ քաղաքացի եւ ժամկետային զինվորական ծառայության անցնելու ծանուցումնե՞ր ուղարկենք»: Իհարկե, հարցը կհասներ հետաքննության, եթե այդքանով չսահմանափակվեր Վլադիմիրին անօրինական կերպով զինվորական ծառայության պարտադրելու վեճը:
Ասել է թե՝ խնդրից խնդիր է առաջանում, սակայն այդ կերպ հարցին լուծում չեն տալիս: Այդ հարցում անհրաժեշտ է պետական վերահսկողություն, որպեսզի այդօրինակ թերացումներ չառաջանան` սկսած ՄՊԾ-ից, որի տհաճ հետեւանքներն էլ այժմ քաշում է Վլադիմիրը: «Այսքան տարիներ ապրում եմ Հայաստանում, չեղավ դեպք, որ առաջարկեն ՀՀ քաղաքացիություն ու հարցնեն` արդյոք ինչի՞ կարիք ունեմ ես, իսկ հիմա, երբ ես արդեն 26 տարեկան եմ, ինձ կանգնեցնում են անհիմն փաստի առաջ, դադարեցնում են իմ փախստական համարվելուս կարգավիճակը եւ պարտադրում կատարել  իրենց թելադրածը: Արդյոք մի անգամ մտածե՞լ է ՄՊԾ-ն, որ կարող է նաեւ օգնել` վնասելու փոխարեն: Ինչ վերաբերում է իմ կարգավիճակին, ապա ես պայքարում եմ իմ ոտնահարված իրավունքների համար եւ ոչ ոք իրավասու չէ դադարեցնել իմ կարգավիճակը` ստեղծելով ինձ համար բազում խնդիրներ ու, առավել եւս, պարտադրելու, որ ընդունեմ  քաղաքացիություն»,- անկեղծանում է Վլադիմիրը:
Վլադիմիրի նախնական դատական նիստը կայացել է, սակայն` առանց պատասխանող կողմի ներկայության: Նշանակվել է դատական քննություն նոյեմբերի 22-ին:
1988 թվականին սկսած սումգայիթյան դեպքերից հետո ամբողջ Ադրբեջանում հայերի նկատմամբ ստեղծված վիճակի պատճառով Վլադիմիր Խաչատրյանը, ընտանիքի հետ միասին բռնագաթվելով Հայաստան, դիմել է պետական լիազոր մարմնին՝ ապաստան ստանալու խնդրանքով եւ հաշվառվել: Սահմանված կարգով նրանց համար լրացվել է «Հաշվառման թերթիկ», տրվել «Փախստականի ընտանիքի քարտ»  (Վ08468), «Փախստականի ընտանիքի վկայական» (017321), այդուհետեւ «Փախստականի վկայական» (Փ013675):
15.07.2011թվականի թիվ Մ-136/11Փ որոշմամբ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը դադարեցրել է Վլադիմիր Խաչատրյանի փախստականի կարգավիճակը: Հիմք է ընդունվել 2004 թվականի «Փախստականների մասին» ՀՀ  օրենքը, որն ուժը կորցրած է համարվում 2009 թվականից: Այդտեղ նշվում էր, որ Վլադիմիրի ծնողների քաղաքացիության ընդունման ժամանակ նրա 18 տարին լրացած չի եղել: Տեղեկացնենք նաեւ, որ Վլադիմիրն օրենքի սահմաններում ստացել է փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, որը շարունակաբար երկարաձգվել կամ փոխարինվել է նորով: Եթե հետեւենք ՄՊԾ-ի վարած քաղաքականությանը, ապա ստեղծվում է վիճակ, որ 9 տարի շարունակ ՄՊԾ-ն օրենքի խախտումով ինչպես Վլադիմիրին, այդպես էլ բոլոր թվով 140 փախստականի տրամադրել է կեղծ փաստաթղթեր:
Հետաքրքիր է, թե ե՞րբ է ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանի քաղաքականությունը եղել օրենքի սահմաններում՝ այն ժամանակ, երբ բազում տարիներ տրամադրում էր փախստականի անձը հաստատող փաստաթղթեր, թ՞ե հիմա, երբ բոլոր տրամադրվածները համարում է անվավեր:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930