Ինչպես հայտնի է` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրաժարականից անմիջապես հետո, նրա պաշտոններ զբաղեցնող ազգուտակը` երաժշտական դպրոցի տնօրեն դուստրը, «Կենտրոն» ու «Անի» համատիրության նախագահների պաշտոնները զբաղեցնող եղբորորդիները և այլք, աշխատանքից ազատման դիմում ներկայացրեցին ու հեռացան նրա հետ: Սակայն, Aravaot.am-ը Գյումրու քաղաքապետարանի նորանշանակ մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանից ճշտեց, որ Ղուկասյանների ավագ եղբոր ` Գևորգ Ղուկասյանի խնամին` Ներսիկ Ղարքաշեշյանը, ով նախկինում աշխատում էր Շիրակի մարզի դատախազությունում, շարունակում է պաշտոնավարել Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Գյումրի 1 սոցիալական ծառայությունում: Նշենք, որ եկամտաբեր այս պաշտոնում նախկին դատախազին տեղավորել էր հենց Վարդան Ղուկասյանը: Մեր այն հարցին էլ, թե Վարդան Ղուկասյանի բարեկամները`հորեղբոր կինը, եղբոր աղջիկը շարունակո ՞ւմ են արդյոք աշխատել որպես մանկապարտեզների վարիչներ, Գյումրու քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ այս ոլորտում դեռ կադրային փոփոխություններ չեն եղել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ