Գալուստ Սահակյանի արձագանքը ԲՀԿ խմբակցության քարտուղարի երեկ տարածած հայտարարությանը
«Մենք մինչ անձերին անդրադառնալը՝ առավել կարեւորում ենք այն օրակարգը, որի շուրջ լինելու են հնարավոր խորհրդակցություններն ու քննարկումները քաղաքական եւ հասարակական շահագրգիռ շրջանակների հետ»,- ասված է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի` երեկ երեկոյան տարածած հայտարարության մեջ:«Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան եւ զարգացման հեռանկարները՝ մենք գտնում ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաեւ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի եւ պատասխանատվության զգալի բարձրացման եւ կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար»,- իբրեւ «բանակցային օրակարգ» առաջարկում են ԲՀԿ-ում: Ու այս ճանապարհին կարեւորում են 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը. «Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի»: ԲՀԿ-ում կարծում են, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման եւ համագործակցության լուրջ գաղափարական հենք, ու առաջիկայում պատրաստվում են քաղաքական ուժերի հետ խորհրդատվություններ սկսել:
Ինչո՞ւ նախագահական ընտրություններից այսքան կարճ ժամանակ առաջ, երբ թե ընդդիմադիր, թե քաղաքական դաշտը կողմնորոշվելու համար կարծես սպասում է հենց ԲՀԿ-ի քայլերին, ԲՀԿ-ն որոշեց շրջանառության մեջ դնել այս գաղափարները: Հիշեցնենք, որ դրանք տարբեր ժամանակահատվածներում առաջարկվել են տարբեր քաղաքական ուժերի կողմից, այդ թվում նաեւ՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ` նույն հույսով, որ դրանք կարող են դառնալ քաղաքական ուժերին համախմբող ու առանձնապես քննարկման չեն էլ արժանացել: «Առավոտի» այս դիտարկումներին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ժամանակահատվածը սխալ չէ ընտրված. «Առջեւում նախագահական ընտրություններ են, եւ դրանք ծրագրային դրույթ կարող են դառնալ, ուստի այդ առումով խնդիր չեմ տեսնում: Այո, «Ժառանգությունն» էլ այն ուժերից մեկն է, որը երկար ժամանակ բարձրաձայնում է 100 տոկոսանոց համամասնականի մասին, նախորդ գումարման խորհրդարանում ինքս երկու անգամ առաջարկ եմ ներկայացրել: Մենք կողմ ենք նաեւ խորհրդարանական համակարգին անցնելուն եւ ոչ մեկ անգամ ենք դա բարձրաձայնել»: Ինչ մնում է կոնսուլտացիաներին` «Ժառանգությունում» այդ առումով խնդիր չեն տեսնում` լինի այդ ուժը իշխանական, ընդդիմադիր, թե այս պարագայում` այլընտրանքային. «Խորհրդակցությունները միշտ էլ օգտակար են: ինչպիսի՞ն կլինեն այդ խորհրդակցությունները, ի՞նչ հարցեր կքննարկվեն` հայտարարությունը ԲՀԿ-ինն է, իրենք են նախաձեռնելու խորհրդակցությունները, իրենք էլ արդեն օրակարգը կասեն»: «Առավոտի» հարցին` այս ամենի ետեւում հեռահար նպատակ չի՞ տեսնում, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. «Ցանկացած դեպքում յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մարտավարությունն ու ռազմավարությունը: Նորմալ եմ վերաբերվում դրան: Իրենց մարտավարական եւ ռազմավարական որոշակի պատկերացումների շրջանակում այս ամենը շատ նորմալ տեղավորվում է»: Մնացյալ հարցերը կքննարկվեն կուսակցության վարչությունում, եւ կուսակցական դիրքորոշում կարտահայտվի:
ՀՅԴ-ում դեռ չէին հասցրել ծանոթանալ հայտարարությանը, ուստի դաշնակցական գործիչները ձեռնպահ մնացին հապշտապ մեկնաբանություններից: Նրանք իրենց կարծիքն այսօր կարտահայտեն:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ դրա վերաբերյալ առայժմ ասելիք չունի:
Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ ՕԵԿ-ը մշտապես կողմ է եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ուստի այդ կետի մասով որեւէ խնդիր չի տեսնում: ԲՀԿ-ի ամբողջական առաջարկների մասին ՕԵԿ-ը եւս կարծիք կհայտնի կուսակցական ղեկավար մարմնում դրանք քննարկելուց հետո: Տիկին Բիշարյանից հետաքրքրվեցինք` իր կարծիքով՝ ԲՀԿ-ի առաջարկներն այն օրակա՞րգն են, որի շուրջ կարող են խորհրդակցություններ սկսվել՝ քաղաքական դաշտը կոնսոլիդացնելու համար: «Առաջարկություններ են: Կարծում եմ՝ ցանկացած քաղաքական թիմի առաջարկները կարելի է քննարկել, կարծիքներ հայտնել: Դա քաղաքական դաշտում ընդունելի տարբերակ է, երբ քաղաքական ուժերը ինչ-որ կոնսուլտացիաներ, խորհրդատվություններ են անում քաղաքական դաշտում: Քաղաքական ուժերն էլ կքննարկեն եւ, բնականաբար, իրենց սկզբունքների շրջանակներում կարձագանքեն»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը նույնպես տեղյակ չէր հայտարարությունից, բայց մեր հարցին ի պատասխան՝ հարցով դիմեց. «Էդ հայտարարության տակ Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը կա՞»: Երբ հստակեցրինք, որ հայտարարությունը խմբակցության քարտուղարի անունից է, Սահակյանն ասաց. «Չէ, դե, դա անհատական խնդիր է: Իհարկե, նման խնդիրները մեզ համար միշտ էլ քննարկելի են: Դա աշխարհում հայտնի մոդել է, նայած թե մեր պետությանը որն է անհրաժեշտ: Կարծում եմ՝ հայտարարությունը կկարդանք, որոշակիորեն կքննարկենք ու գնահատականներ կտանք: Կարծում եմ՝ նման տիպի հայտարարությունները կուսակցության ղեկավարն է անում կամ նրա կողմից ստորագրված հայտարարություն է լինում: Բայց մոդելը կա, քննարկելի է, ես կարծում եմ, որ այս պահին այդ քաղաքական հիմնավորումները չկան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ