Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խառնեք մեզ…

Նոյեմբեր 07,2012 14:15

Վերջերս Կամերունի նախագահ Պոլ Բիյան նշեց իր պաշտոնավարության 30-ամյակը: Աշխարհում կան իրենց գահից կառչած ավելի «հին» բռնապետներ՝  Տեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո (Հասարակածային Գվինեա՝ նախագահ է 79-ի օգոստոսից), Ժոզե Էդուարդու դու Սանտուշ (Անգոլա, 79-ի սեպտեմբերից): Այդ ռեկորդակիրներին մոտենում է նաեւ Ռոբերտ Մուգաբեն (Զիմբաբվե, իշխում է 87-ից):
Հիմա դառնանք մեր «եվրասիական  ախպերությանը», որտեղ ապրում են պոտենցիալ «ռեկորդակիրներ»: Պուտինը Ռուսաստանի նախագահ է 1999-ի դեկտեմբերի 31-ից, երբ Ելցինի հրաժարականից հետո կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները: Այդ 13 տարում կար ձեւական «ընդմիջում», երբ իբր նախագահ էր Մեդվեդեւը, բայց դա, իմ կարծիքով, «հաշիվ չի»:  Լուկաշենկոն ղեկավարում է Բելառուսը 1994 թվականից, Նազարբաեւը ղազախական գահին է նստել 1990 թվականին: Ահա թե ինչպիսի ռեժիմների հետ է մեզ առաջարկվում նոր «սովետմիություն» ստեղծել: Ի դեպ, դրա դեմ չի առարկում ներկայիս հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը. իշխանություն ունենալով կամ իշխանության հավակնելով` նրանք պարտադրված են հաճոյանալ Կրեմլին, որն այս պահին տարված է «եվրասիական» ծրագրերով:

Բայց Հայաստանը տարբերվում է վերը թվարկած բոլոր պետություններից: Այստեղ առաջին նախագահը հրաժարական տվեց` չցանկանալով առճակատման մեջ մտնել իր շրջապատի հետ, ինչը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Այստեղ երկրորդ նախագահը, երկու ժամկետ ղեկավարելուց հետո չվերաձեւեց Սահմանադրությունը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար: Վստահ եմ, որ ներկայիս նախագահը նույնպես չի հավակնի երրորդ ժամկետի: Դա պայմանավորված է ոչ այնքան անձերով, որքան մեր մշակույթով, որը,  ինչ ուզում եք ասեք, տարբերվում է «եվրասիական»,  իսկ իրականում՝ շատ էլ ասիական ավանդույթներից: Այդպես էր նաեւ խորհրդային Հայաստանում. հիշենք թեկուզ, թե ինչպիսի զուսպ վերաբերմունք ուներ Բրեժնեւի նկատմամբ Կարեն Դեմիրճյանը եւ ինչպիսի արեւելյան շերբեթ էր ծորում Հեյդար Ալիեւի շուրթերից: Այդ մշակույթը մեզ խորթ է, եւ դա հուշում է մեզ, թե անկախ ծանրագույն խնդիրներից՝ որ կողմ է պետք նայել ապագան կառուցելիս:

Անշուշտ, այդ հունի մեջ է մի շարք կուսակցությունների առաջարկը՝ ընդհանրապես հրաժարվել նախագահական համակարգից: Առնվազն քննարկելու հարց է: Բայց որպեսզի այդ հարցն իսկապես քննարկվի սկբունքային դիրքերից, այն չպիտի խառնվի իշխանության համար պայքարին: Ինձ թվում է՝ արժե 1-2 տարի հետո հանրաքվե անցկացնել մեկ հարցով՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական համակարգ: Որպեսզի այդ հանրաքվեն արդար անցնի, ոչ մի քաղաքական ուժ չպիտի այն կապի իշխանության մնալու կամ իշխանության գալու հետ: Եթե մեր քաղաքացիները հակված լինեն խորհրդարանական համակարգի, ապա 5 տարի հետո ընտրությունների հաջորդ ցիկլը պետք է անցկացնել նոր Սահմանադրությամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930