Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա հուլիսի 11-ին ավարտվել էր «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Մինասի Ավետիսյանի հայցի քննությունն ընդդեմ Գյումրիի «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» կազմակերպության նախագահ Լեւոն Բարսեղյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:
Դատարանը մերժել էր Ա.Ավետիսյանի հայցապահանջը եւ այսօր ՀՀ քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանը՝ Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, դատավորներ Ն.Տավարացյանի, Ա.Պետրոսյանի մասնակցությամբ լսեց Ա.Ավետիսյանի ներկայացուցիչ, իրավաբան Անի Խլղաթյանի վերաքննիչ բողոքը:
Դատավոր Ն.Տավարացյանը հրապարակեց բողոքը: Այն վերաբերում էր «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի» հրապարակումների դեմ հայցը դատարան ժամկետի խախտումով ներկայացնելուն, Ա.Ավետիսյանի «Ասպարեզի» մեկնաբանմամբ նամակ-«հերքման» տեքստին:Բողոքաբերը պահանջում էր բեկանել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննելու:
Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշումը կարտահայտի նոյեմբերի 22-ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ բողոքաբերի, 2011 թ. հունիսի 11-16-ն ընկած ժամանակահատվածում «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Բարսեղյանի կողմից «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» ինտերնետային կայքում հրապարակվել էին մի շարք հոդվածներ, մասնավորապես՝ «Ընտանեկան կապալին էին հարվածելու», «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», «Կան բաներ, որ չեն ներվում» վերնագրերով, որոնցով Մինաս Ավետիսյանի «Երկանք» եւ «Թել են մանում» որմնանկարների տեղափոխումը որակվել է կամայական, անօրինական գործողություններ եւ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի հասցեին հնչել են պատիվը եւ արժանապատվությունն արատավորող արտահայտություններ։
Բողոքաբերի պնդմամբ, 2011թ. հունիսի 16-ի ինտերնետային կայքում հրապարակված «Ընտանեկան կապալին Էին հարվածելու» հոդվածով միաժամանակ, բացի իրականությանը չհամապատասխանող, «հանրության մեջ թյուրըմբռնում աոաջացնող զրպարտչական տեղեկատվությունից», տեղ են գտել նաեւ Արման Ավետիսյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վիրավորական արտահայտություններ, մասնավորապես՝ «Օրերս, արդարացնելով կառավարության որոշումը եւ որմնանկարների տեղափոխումը, որից, չենք կասկածում, Մինաս Ավետիսյանի որդին բավական ֆինանսական եկամուտ է ստացել»: «Հասկանալով, որ «Ասպարեզ» ակումբի քարը ծանր է, Արման Ավետիսյանին առաջին եւ վերջին անգամ հորդորում ենք լարախաղացության համար համապատասխան թաղամաս ընտրել»:
«Կան բաներ, որ չեն ներվում» հոդվածով ասվում է. «Այս պատմությունը տեղի ունեցավ մի ստից պատճառով: Գյումրեցի արվեստագետներն ու մշակույթի գործիչները մտածել են, թե տղամարդու հետ գործ ունեն, վստահել են նրա խոսքին ու պահակներ չեն շարել նկարների պահեստարանի դարպասների մոտ, այլապես ոչինչ հանել չէին կարողանա գործարանի բակից»։ Բողոքաբերը հղում էր արել մեկ այլ արտահայտության էլ. «Արման Ավետիսյանի լեզվամտածողությունը մատնում է նրա «անձնվեր» էությունը. ասում է՝ «…Հորս երկու որմնանկարները…»: էս եսակենտրոն քաղաքացին մինչեւ հիմա գլխի չի ընկել, որ որմնանկարները, որոնց մասին խոսում ենք, հորը չեն, եւ վաղուց է՝ ինչ հորը չեն»:Վերոնշյալ արտահայտությունները, ըստ Ա.Ավետիսյանի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն էլ հանդիսացել էին վիրավորանք եւ զրպարտություն, ինչը ենթակա էր, ըստ նրա, պաշտպանության եւ փոխհատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բացի այդ, բողոքաբերի համաձայն, հոդվածներում արված արտահայտությունները չեն համապատասխանել իրականությանը եւ այդ փաստացի տվյալներն արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը:
Ա.Ավետիսյանը, երբ դիմել էր ընդհանուր իրավասության դատարան, պահանջել էր, որպեսզի «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» հ/կ նախագահ Լեւոն Բարսեղյանը ներողություն խնդրի «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանից՝ զրպարտության եւ վիրավորանքի համար, Լեւոն Բարսեղյանից հօգուտ Արման Ավետիսյանի բռնագանձվի 2.000.000 ՀՀ դրամ, որից 500.000 ՀՀ դրամ՝ որպես Արման Ավետիսյանի հասցեին հնչած վիրավորանքի դիմաց հատուցում եւ 1.500.000 ՀՀ դրամ՝ որպես Արման Ավետիսյանի հասցեին հնչած զրպարտության դիմաց հատուցում, ինչպես նաեւ պարտավորեցնել Լեւոն Բարսեղյանին հատուցելու Արման Ավետիսյանին պատճառված նյութական վնասը՝ 200.000 ՀՀ դրամի չափով՝ կապված Արման Ավետիսյանի կողմից իրավունքների պաշտպանության համար կատարված ծախսերի հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ