Լրահոս
Օրվա լրահոսը

Բոզոյանը Էդվարդ Նալբանդյանին հիշեցնում է, որ Գորբաչովին էլ էին զանգում ու շնորհակալություն հայտնում

Նոյեմբեր 07,2012 13:51

Այսօր քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Զարկերակ» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց, որ ինքն Օբամային գնահատում է ավելի չափավոր, զուսպ գործիչ. «Օբամայի ընտրությունով, կարծում եմ, մեր տարածաշրջանում առանձնապես էական փոփոխություններ չեն լինի»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ամերիկացիները ընտրեցին Օբամային՝ քաղաքագետը պատասխանեց. «ԱՄՆ-ում ընտրությունների վրա էապես ազդում է այդ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը: Ամերիկացիների վիճակը երբ քիչ թե շատ կայուն է, նրանք փորձում են մեծ փոփոխությունների չգնալ: Նրանք պահպանողական ազգ են»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վերջերս կարծիք էր հայտնել, որ տարածաշրջանի համար ավելի նպատակահարմար է հանրապետականների հաղթանակը ԱՄՆ-ում, քանի որ իրենք կոնֆլիկտների վրա ավելի մեծ ուշադրություն դարձնող են: Այս առնչությամբ Երվանդ Բոզոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը ավելի կոշտ դիրքորոշումներ ունի, քան դեմոկրատները: Մենք հասկանում ենք, որ Իրանն այսօր այն հանգուցային կետն է, որից կարող է փոփոխություններ լինել մեր տարածաշրջանում: Եթե Իրանի դեմ պատերազմ սկսի՝ ամեն ինչ, բոլոր խաղաքարտերը կխառնվեն իրար: Այս իմաստով դեմոկրատներն ավելի զուսպ դիրքորոշում ունեն, քան թե հանրապետականները»:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին ու ֆուտբոլային դիվանագիտությանը, նա ասաց. «Ֆորմալ պատճառաբանությունների մակարդակով որեւէ պատճառ չկա, թե ինչու պետք է Միացյալ Նահանգները չճանաչի ցեղասպանությունը: Եթե այսօր ֆուտբոլային դիվանագիտությունը կա, արձանագրությունները առկա են, այդ արձանագրությունները կան եւ Թուրքիայի պառլամենտում, եւ Հայաստանի, ֆորմալ իմաստով Թուրքիան միջազգային դիվանագիտությանը դիմում է, ասում է՝ մի խանգարեք, մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները, դուք ցեղասպանության ճանաչումով խանգարում եք մեր հարաբերություններին: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա բլեֆ է: Բայց այդ բլեֆի մեջ մենք ենք մեզ գցել: Ու դրա պատճառով Օբաման ասում է, որ երկու երկրներ ուզում են չխանգարենք իրենց հարաբերություններին, եկեք չխանգարենք: Մենք երբ սկսում էինք ֆուտբոլային դիվանագիտությունը, պետք է հաշվարկեինք դա: Իշխանությունների ասածը որեւէ բանի հետ առնչություն չունի: Թուրքիան կարողացել է ներխուժել ԼՂՀ խնդրի բանակցային գործընթաց՝ դիվանագիտական ֆրոնտում, բաց է երկրորդ ֆրոնտը եւ ուժեղացրել է Ադրբեջանին: Եթե Ադրբեջանը մի քիչ խելոք լիներ, կարող էր կապիտալիզացնել դա: Նրանց հիմարության արդյունքում, Սաֆարովի դեպքերի հետ կապված, նրանք իրենք իրենց մեծ վնաս հասցրեցին»:

Հարցին՝ ՀՀ իշխանություններն ասում են, որ Հայաստանի միջազգային վարկն է ֆուտբոլային դիվանագիտությունից բարձրացել՝ Բոզոյանը պատասխանեց. «Իշխանությունները կարծում են, որ մեր երկրում տնտեսական աճ կա, երկիրը ծաղկում է, մարդիկ ոչ թե փախչում են, այլ գալիս են Հայաստան: Ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում մենք հայտնվեցինք թակարդի մեջ»:

Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պնդումները, որ այդ դիվանագիտության արդյունքում առաջին անգամ Հայաստանն ու Թուրքիան խոսեցին իրար հետ ինչպես հավասարը հավասարի, ինքը բազմաթիվ զանգեր, գրություններ է ստացել, թե ինչ լավ քայլ կատարեց Հայաստանը: Երվանդ Բոզոյանն ի պատասխան՝ Նալբանդյանին հիշեցրեց, որ «պերեստրոյկան» սկսելու ժամանակ Գորբաչովին էլ էին բոլորը զանգում եւ շնորհակալություն հայտնում. «Ամբողջ աշխարհն էր ուրախ այդ քայլից, ուղղակի հրճված էին: Գորբաչովին մինչ այսօր համարում են լավագույն պետական գործիչը: Եթե մենք ուզում ենք այսպիսի մարդկանց պատկերացումով շարժվել, ապա կարծում եմ՝ Էդվարդ Նալբանդյանը ճիշտ է: Չի կարելի այդքան կույր լինել՝ չհասկանալու համար, որ այդ քաղաքականության արդյունքը բերեց երկրի շահերի հսկայական վնասի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930