Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Սաֆարյանը՝ ԲՀԿ-ի առաջարկության մասին. «Մեկ խնդիրը դեռ բավարար չէ նախագահական ընտրություններից առաջ մեկ միասնական թիմ դառնալու համար»

Նոյեմբեր 07,2012 13:11

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարություն էր տարածել և տեղեկացրել այն մասին, որ ԲՀԿ-ն սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ: Գնահատելով ՀՀ ներքաղաքական զարգացումները՝ տիկին Զոհրաբյանը նկատում է. «Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան և զարգացման հեռանկարները, մենք գտնում ենք, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի»:

Արդյոք ԲՀԿ-ի նշված մոտեցումը ընդունելի է «Ժառանգությա՞ն » համար և հնարավո՞ր է այդ գաղափարի շուրջ ԲՀԿ-ի հետ համագործակցություն, Aravot.am-ը փորձեց պարզել կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ զրույցում: Նա ասաց. «Քաջ հայտնի է, որ խորհրդարանական համակարգին անցումը եղել է «Ժառանգություն» կուսակցության՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններում առանցքային գաղափարներից մեկը: Այն եղել է ոչ միայն ծրագրի մաս, այլև դարձել է պլատֆորմ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Ժառանգության» նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բազմիցս նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը կլինի նախագահական կառավարում ունեցող երկրի վերջին նախագահը, ում օրոք Հայաստանը անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի: Ուստի ԲՀԿ-ն ծրագրային առումով հայտնել է մի դիրքորոշում, որը առանցքային է մեզ համար, առաջնահերթ հիմնադրույթ ու կարևորագույն առաջնահերթություն, որը ճանապարհ է բացում դեպի համակարգային փոփոխությունների»:

Համագործակցության մասին էլ պարոն Սաֆարյանն այսպես արտահայտվեց. «Ժառանգությունը» երբևէ չի խուսափել որևէ քննարկման մասնակցելու, կլինի կոռուպցիայի դեմ պայքարի քննարկումը, թե կլինի մի խնդրով, որը այս դեպքում կուսակցության ծրագրերից մեկն է : Քննարկելու մարտահրավեր մենք չունենք ոչ մեկի հետ: Բայց եթե հարցը վերաբերում է դրանից հետո համատեղ քայլերի մասին, ապա այդ դեպքում պիտի հիշել, որ նախագահական ընտրություններ են, «Ժառանգությունն» ունի իր թեկնածուն, նա արդեն հրապարակել է որոշ առանցքային հարցեր, որ կիրականացնի որպես նախագահ ու այդ խնդիրը դրանցից մեկն է : Եթե խոսում ենք համագործակցության հեռանկարի մասին, դա պահանջում է մնացած բոլոր հարցերում նույնպես համախոհություն: Թե քննարկումներն ինչ ցույց կտան, կարծում եմ ժամանակը ցույց կտա: Ուզում եմ ասել, որ մեկ խնդիրը դեռ բավարար չէ նախագահական ընտրություններից առաջ մեկ միասնական թիմ դառնալու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930