Որքանո՞վ է բարոյական դատավորների 823 հազար դրամ միջին աշխատավարձը
Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկվում է 2013-ի պետական բյուջեի նախագիծը: Բախվում են տեսակետներ, հնչում են մեղադրանքներ, պոպուլիստական կոչեր, իշխանության ներկայացուցիչների եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ մեկ լուրջ, մեկ կիսահեգնական տոնով «փոխհրաձգություններ» են բռնկվում: Սակայն ցավալի է, որ պետբյուջեի նախագծում փոփոխման ենթակա դրույթները պատգավորները չեն նկատում կամ գոնե ձեւ են անում, թե չեն նկատում: Թե ինչո՞ւՙ փոքր-ինչ ուշ, իսկ հիմա` թե ինչը չեն նկատում:
Խոսքը պետական համակարգում աշխատավարձերի առնչությամբ ստեղծված խիստ անարդար կացությանն է վերաբերում: Ոչ մի հիմնավորում, թե ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակը եւ ոչ մի անդրադարձ այդ իրավիճակը կանոնակարգելու անհրաժեշտության մասին: Ներկայացնենք ասվածին առնչվող մի առավել ակնառու օրինակ:
Համաձայն 2013-ի պետական բյուջեում դրված ցուցանիշների, Հայաստանում դատավորների միջին աշխատավարձը… 823 հազար դրամ է: Ոչ ոքի թող չթվա, թե մեր գրածի մեջ ինչ-որ բան սխալ է: Կրկնում ենք` 823 000 դրամ: Սահմանադրական դատարանի դատավորների միջին աշխատավարձը 920 հազար դրամ է: Սա այն պարագայում, որ միջին ամսական աշխատավարձը մեր երկրում, այս տարվա 9 ամիսների ցուցանիշով, 118 հազար դրամ է:
Կարդացեք նաև
Թե որքանով են դատավորական աշխատավարձերը անարդար, կարելի է եզրակացնել նաեւ դրանք համադրելով, օրինակ` ուսուցիչների 117 հազար դրամ կամ քաղծառայողների 146 հազար դրամ աշխատավարձերի հետ, չխոսելով գիտաշխատողների, բժիշկների ու ուրիշների դարձյալ անհամեմատ ցածր աշխատավարձերի մասին:
Հիմա, դատավորական աշխատավարձերը սահմանող պաշտոնյաները ինչպես կարող են բացատրել, թե ինչո՞վ է դատավորների աշխատանքն ավելի կարեւոր մնացած բոլորից, չխոսելով այն մասին, թե որքանո՞վ են դատավորները բարեխղճորեն կատարում իրենց պարտավորությունները եւ որքա՞ն խորն է թաղված այս ոլորտը կոռուպցիայի մեջ: Ընդ որում, նրանց աշխատավարձերի բարձրացումը բացատրելով իբր թե կոռուպցիայի դեմ պայքարելու հիմնավորմամբ, ոչ ոք չի կարող ասել, թե դրանից հետո կոռուպցիան այս համակարգում նվազել է: Կառավարությունից ոչ ոք չի կարող ասել, թե ինչու, օրինակ, բուհերում հակակոռուպցիոն միջոցառումները սկսվում են եւ բայց չեն ավարտվում աշխատավարձերի բարձրացմամբ, իսկ դատական համակարգում սկսվում եւ ավարտվում են միայն աշխատավարձերի բարձրացմամբ: Ի դեպ, տեղեկացնենք, որ դատավորների աշխատավարձերը կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով բարձրանալու են 2014-ին` մինչեւ 1 մլն 34 հազար դրամի, 2015-ին` 1 մլն 272 հազար դրամի:
Սա դեռ ամբողջը չէ: Նույն դատավորները կենսաթոշակի անցնելիս ստանում են իրենց աշխատավարձի 55 տոկոսի չափով ամենամսյա հավելավճար: Այսինքն, նրանց թոշակը փաստացի դառնում է 450-500 հազար դրամ: Հիշեցնենք, որ մեր մյուս, շարքային մահկանացուների համար հանրապետությունում միջին կենսաթոշակը 25 հազար դրամ է: Թե որքանով է անբարոյական դատավորների համար մյուսներից 20 անգամ ավելի թոշակ ստանալը, թողնում ենք ընթերցողների դատողությանը: Պարզապես անհասկանալի է, թե նման պարագայում ինչպե՞ս մարդկանց բացատրել, որ, ասենք, արտադրությունում արժեք ստեղծելը կամ մարդուն կրթություն տալը, մարդուն բուժելը, փրկելը արտակարգ իրավիճակում, երկրի անվտանգությունը պաշտպանելը ավելի բարձր ու պետության կողմից գնահատվող աշխատանք են, քան դատավոր լինելը:
Թե որքան անբարոյական է դատավորների նման աշխատավարձը, ցույց տանք այլ օրինակներով: Օրինակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաեւ մարտական հերթապահության եւ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքը ստանում է միանվագ 910 հազար դրամ` գրեթե այնքան, ինչքան մեր դատավորների մեկ ամսվա աշխատավարձն է: Այն դեպքում, երբ վերջիններս նստած իրենց տաքուկ աթոռներում ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ շատ հաճախ դատական վճիռներ են վաճառում, իսկ զինծառայողը կյանքն է զոհում հանուն հայրենիքի: Եթե զինծառայողը պարզապես ծառայողական պարտականությունները կատարելիս է զոհվել, ապա նրա ընտանիքն ավելի քիչ միանվագ գումար է ստանում` 455 հազար դրամ, եթե դառնում է 1-ին կարգի հաշմանդամ` դարձյալ 455 հազար դրամ, 2-րդ կարգի հաշմանդամ` 364 հազար դրամ, երրորդ կարգի հաշմանդամ` 273 հազար դրամ: Արդարադատության, ֆինանսների նախարարներից մինչեւ վարչապետ եւ նախագահ` համադրեք, խնդրում ենք, այս թվերը դատավորական ամենամսյա աշխատավարձերի հետ, համադրեք այդ աշխատավարձերը դատական համակարգի կոռուպցիայի հետ եւ եզրակացություններ կատարեք:
Չեմ ցանկանում ընդդիմադիր պատգամավորներին դիմել այս հարցադրումները սրելու առաջարկով, քանի որ վերջերս համոզվեցի, որ դա նրանց այնքան էլ չի հուզում: Երբ այս հարցը բարձրացրեցի վերջերս, հրավիրված լինելով մի հեռուստահաղորդման, «ընդդիմադիր» պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) եւ «այլընտրանք» պատգամավոր Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) փութաջանորեն անհամաձայնություն հայտնեցին ինձ հետ, ճիշտ համարելով դատավորների նման աշխատավարձերի առկայությունը, այն դեպքում, երբ հաղորդմանը հրավիրված կառավարության ներկայացուցիչները նախընտրեցին գոնե ոչինչ չասել: Թերեւս հասկանալի է պատգամավորների նման պահվածքի պատճառը` չէ՞ որ պարբերաբար ներկայացվում է բարձրաստիճան պաշտոնյաների եւ ԱԺ պատգամավորների աշխատավարձերի կտրուկ բարձրացման հարցը եւ ընդգծված բացասական հասարակական կարծիքի պատճառով հետաձգվում: Պատգամավորները, փաստորեն, իրենց աշխատավարձերի ապագա բարձրացումն ունեին իրենց մտքում, դրա համար էլ հակված չեն դատապարտելի բան տեսնելու աշխատավարձերի նման ծայրահեղ անհամաչափությունների եւ անարդարությունների մեջ: Ինչպես նշել էր վերջերս եւս մի «այլընտրանք» պատգամավոր, ներկայիս աշխատավարձը` 300-400 հազար դրամ, չի բավարարում կոստյում գնելու համար: Խեղճ պատգամավորներ եւ երիցս խեղճ դատավորներ: Գուցե բջջային կապի մեր օպերատորներին խնդրենք մի SMS արշավ իրականացնել` «Օգնիր դատավորիդ եւ պատգամավորիդ» կոչով:
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ազգ»