Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահը՝ «Գելափի» հարցման մասին

Նոյեմբեր 07,2012 12:57

Հատվածներ ՀՀԿ փոխնախագահ, Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հարցազրույցից:

   -«Գելափի» վերջին հարցումներից հետո տեսակետներ հնչեցին, թե՝ որքան էլ նախագահի վարկանիշը բարձր է հավանական մյուս թեկնածուներից, հանրային աջակցության մեկնարկային 28 տոկոս ցուցանիշը բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար՝ կլինի երկրորդ փուլ։ ՀՀԿ-ն պատրա՞ստ է իրադարձությունների նման զարգացման։

-Սա «Գելափի» առաջին հարցումն է՝ այդ տոկոսները հետագայում կարող են փոխվել։ Հետո, դա «Գելափի» կարծիքն է. այդ 28 տոկոսը, որ «Գելափը», թերեւս զգուշավորությունից ելնելով, տվել է գործող նախագահին՝ դրան չեմ հավատում։

Իմ կարծիքը բոլորովին այլ է. նախագահի վարկանիշը շատ ավելի բարձր է, հատկապես խորհրդարանական եւ տեղական ընտրություններից հետո։ ՏԻՄ ընտրություններում 71 տոկոս ենք ստացել, եւ դա շատ ավելի խոսուն փաստ է, քան «Գելափի» եւ այլեւայլ սոցհարցումների արդյունքները։

Ինչո՞ւ եմ սա ասում՝ որովհետեւ նախագահին ընտրելու են նույն քաղաքացիները, որոնց ջախջախիչ մեծամասնությունը իր ձայնը տվել է ՀՀԿ թեկնածուներին, եւ դրանում շատ մեծ է հանրապետության նախագահի դերը. մեծ մասամբ նրա շնորհիվ է, որ այդքան բարձր տոկոս ենք հավաքել։ Նա խարիզմատիկ լիդեր է, եւ հենց նրա խարիզման է ձայներ բերում կուսակցությանը, որովհետեւ Հայաստանի նման երկրներում խարիզմատիկ լիդերը դեռեւս շատ կարեւոր գործոն է ընտրություններում հաջողության հասնելու համար։

-Այսօր քաղաքական շրջանակներում արծարծվող հիմնական խնդիրը հետեւյալն է՝ ՀՀԿ-ն զգո՞ւմ է «Բարգավաճի» աջակցության կարիքը, թե՞ կարող է առանց դրա էլ «յոլա գնալ»։ 
-Վատ չէր լինի, իհարկե, որ ԲՀԿ-ն պաշտպաներ մեր թեկնածուին, ոչ թե այն տեսակետից, որ վստահ չենք մեր ուժերին եւ կասկածում ենք մեր թեկնածուի հաղթանակին։ Դրա մասին չէ խոսքը. գուցե մի քանի տոկոս պակաս ստանանք, բայց դա մեզ համար խնդիր չէ։
Քիչ առաջ ասացի՝ ամբողջ խնդիրն այն է, որ կիսապատերազմական այս իրավիճակում ինչքան շատ մարդ աջակցի մեր թեկնածուին, այնքան ավելի պաշտպանված կլինենք արտաքին մարտահրավերներից։ Եթե նախագահն ունի լայն աջակցություն, եւ մեծամասնությունը համախմբված է խարիզմատիկ լիդերի շուրջ, ուրեմն պետությունը ուժեղ է եւ կարող է դիմակայել պատերազմի վտանգին։ Այդ առումով, ցանկալի է, որ «Բարգավաճը», ինչպեսեւ 2008թ., աջակցի գործող նախագահին։
Բայց դե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր քայլերը։ Ի վերջո, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ որեւէ մեկը չի կարող արգելել այս կամ այն քաղաքական ուժին՝ սեփական թեկնածուով մասնակցելու ընտրություններին։ Այլ բան է, թե ինչքանով դա կամրապնդի մեր դիրքերը տարածաշրջանում, եւ առաջին հերթին՝ Մինսկի խմբի գործընթացում։
Այ, ոմանք ասում են՝ եթե պատերազմ լինի, կթողնենք բոլոր տարաձայնությունները եւ կսատարենք իշխանություններին, բայց եթե այսօր չեն սատարում հաղթելու ամենամեծ շանսերն ունեցող թեկնածուին, վաղը կարող է ուշ լինել։ Ամեն դեպքում, եթե որոշեն, որ պետք է մնան, ինչպես իրենք են ասում, այլընտրանքային դաշտում՝ իրենց խնդիրն է, էլի դեմ չեմ։ Եթե նույնիսկ այդ տարբերակն աշխատի՝ ԲՀԿ-ն առանձին մասնակցի ընտրություններին, կարծում եմ, գոնե կլինի կառուցողական ընդդիմություն։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930