Լրահոս
Օրվա լրահոսը

Համախմբվեք, բայց միայն իմ անձի շուրջ

Նոյեմբեր 07,2012 12:45

Նախագահական ընտրություններին, ինչպես ասում են, բան չի մնում, եթե նկատի ունենանք նաեւ մեկ ամիս հետո «մեկնարկող» համաժողովրդական ամանորյա մարաթոնը: Սակայն ընտրական մրցավազքի այս ընթացքն էլ ցույց է տալիս, որ մենք անհուսորեն հեռու ենք նախընտրական քաղաքակիրթ մշակույթից: Ներքաղաքական դաշտի ցաքուցրիվությունը, միջկուսակցական եւ ներկուսակցական խժդժությունները ասվածի լավագույն վկայությունն են:
ՀՀԿ-ն, իր ուժերի վրա վստահ, կամ լռում է, կամ հավուր պատշաճի խոսում: Այստեղ ամեն ինչ պարզ է. միակ հարցը կարող է ծագել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում, սակայն սա խիստ մշուշոտ է, քանի որ ԲՀԿ-ն դժվար թե գնա կողմնորոշման արմատական փոփոխության. դա կապիտալի վրա հենված կուսակցության պարագայում կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների:
Այս առումով, կարծում ենք, ՀԱԿ-ի` համագործակցության պատրաստ թեւի սպասումները չեն արդարանա: Համագործակցության դրսեւորումներ գուցե լինեն, բայց դրանք դժվար թե համատեղ քննարկումներից այն կողմ անցնեն:
Այսօր խոսքը, սակայն, սեփական անձը որպես նախագահի թեկնածու ներկայացրած մունետիկների մասին է, որոնց շարքը կարող է դեռ մեծանալ:

Ընդհանրապես, մեր ներքաղաքական իրականությունը յուրահատկություններ ունի, որպիսիք, ասենք, ԱՄՆ-ը չունի: ԱՄՆ-ում դուք տեսե՞լ եք միասնական թեկնածու. չեք տեսել, տեսել եք եւ տեսնում եք միայն նախագահի թեկնածու: Բայց Հայաստանում այլ վիճակ է. այստեղ ոմանց թեկնածուն քիչ է թվում եւ հորդորում են, հատկապես իրենց շուրջը համախմբվելով, փրկչին առաջադրել որպես միասնական թեկնածու:
Պատճառը պարզ է. եթե Նահանգներում դեմոկրատների կամ հանրապետականների հաղթաթուղթը ընտրողներին հաճո ծրագրերն են եւ խոստումները, ապա Հայաստանում «հարգի է» թիմային պայքարը, որ ձայներն ավելանան, քանի որ միայնակ ընտրություններում հաղթել չեն կարող: Հենց այս պարագայում էլ կարեւորվում է ԲՀԿ-ի վերջնական դիրքորոշումը:
Այս մտահոգությամբ էր թերեւս պայմանավորված ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությունը, թե «քաղաքական բոլոր ուժերի կոնսոլիդացիայի կարիքը կա, ուզում եք առանձին կրկնեմ. ՀԱԿ-ԲՀԿ` համաձայն եմ, ՀԱԿ-ՀՅԴ` համաձայն եմ, ՀԱԿ-«Ժառանգություն»` համաձայն եմ, ՀԱԿ-ՀՀԿ-ի թեւեր, որոնք կգտնեն, որ արտագաղթի խնդիրը սպառնում է ՀՀ-ին` համաձայն եմ. միայն այսպես կոնսոլիդացիոն մեթոդներով կարող ենք լուծել այս խնդիրը»:
Նկատենք, որ խոսքը դարձյալ միասնական թեկնածուի մասին է: Ընդ որում, որպես կանոն, նախագահի թեկնածուները կոչ են անում համախմբվել հատկապես իրենց անձի շուրջը` վստահ, որ հենց դա է Հայաստանը ապագա բարեկեցության հասցնող միակ ճանապարհը:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, օրինակ, համախմբվելու (իր անձի շուրջ) կոչ անելով, իր վրա վերցրեց 2013 թվականը` 2018-ի համար նոր ժողովրդավարական հիմքեր գցելու նպատակով: Թե ովքե՞ր կհամախմբվեն Հովհաննիսյանի շուրջը եւ կհամախմբվե՞ն արդյոք՝ ցույց կտա ժամանակը: Բայց առայժմ շտապողականություն չի նկատվում. գուցե քաղաքական ուժերը դեռ չեն մարսել հորդորը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու մասին առայժմ լռում է, ավելի ճիշտ, սպասում է քաղաքական վերջին վերադասավորումներին եւ հատկապես ազդեցիկ ուժերից մեկի, մասնավորապես, ԲՀԿ-ի հրավերին, ինչը եւ չթաքցրեց, ասելով, որ եթե ԲՀԿ-ն իրեն հրավիրի առաջնորդելու, ինքը կստանձնի այդ ծանր պարտականությունը:
«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը, ճիշտ է, դեռ որպես նախագահի թեկնածու ուղղակիորեն չի առաջադրվել, բայց հայտարարել է, թե «գործից հասկացող մարդիկ գտնում են, որ ես պարտավոր եմ առաջադրվել եւ ոչ միայն առաջադրվել, այլեւ պարտավոր եմ դառնալ ՀՀ նախագահ»: Այս հայտարարության մեջ տարակուսելի է միայն «պարտավոր եմ դառնալ» արտահայտությունը, քանի որ ընտրությունների մեխանիզմն այս դեպքում բավականին աղոտանում է:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն էլ համառորեն ցանկանում է «համախմբվել» միասնական թեկնածու Ռոբերտ Քոչարյանի շուրջը, եթե վերջինս առաջադրվի, քանի որ «հաստատ, Ռոբերտ Քոչարյանը ամենահաղթող թեկնածուն է»: Ասել է թե` մնացած թեկնածուները հաղթող են, բայց Քոչարյանը ամենահաղթողն է:
Իսկ ահա «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ Հայաստանում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար է առաջադրվելու որպես նախագահի թեկնածու: Հիմնավորումը սպառիչ է` ինքը կապված չէ քաղաքական էլիտայի հետ: Թեեւ դժվար է կապված լինել գոյություն չունեցող բանի հետ:
Ի դեպ, Հայաստանում նախագահի ընտրությունների լարված ընթացքը իր մասնակցությամբ խոստանում է մեղմել եւ քարոզչական փուլում ընտրողներին ուրախ պահեր պարգեւել Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Ցնծա, հայ ժողովուրդ, այս մարդը առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու: Իսկ որ ուրախ պահեր լինելու են, կարող եք չկասկածել, ասել է. «Միայն այն արտահայտությունները, որ մամուլն է գրում իմ մասին` «ազգի տրիբուն», «լյուբիմչիկ նացիի», սա արդեն համաժողովրդական նվաճված տիտուլ է»:

Իսկ հիմա լուրջ. մեզանում միասնական թեկնածուների` դեռեւս աճի միտում ունեցող այս ցուցակը, բոլորիս հասկանալի պատճառներով, որեւէ կարեւորություն չունի: Ինչպես ասվեց վերը, սրանք ընդամենը ֆոն են ստեղծում:
Պայքարը դարձյալ այն գործիչների միջեւ է լինելու, որոնք ընտրողների հզոր ռեսուրս ունեն: Մնացածը մի երկու ամիս կխոսեն, կդժգոհեն եւ… մինչեւ 2018 թվական:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930