«Քրեակատարողական հիմնարկներում խնդիրները շարունակում են մնալ բազմաշերտ: Երբեմն մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնք տպավորություն են թողնում , թե Եվրոպայից եկած մեր ընկերներն են ասում այսպես արեք: Բայց դրանք մեր խնդիրներն են, մեր պահանջներն են: Եվրամիությունը միայն օժանդակել է , ուղղորդել է՝ ինչպես անցնել այդ ճանապարհը»,- այսօր ԵՄ հայաստանյան գրասենյակում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով արդարադատության ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացված բարեփոխումների արդյունքները:
Նրա խոսքերով, մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրիրքը եւ շարունակվում է մշակվել վարչական իրավախախտումների հայեցակարգը. «Տասնյակ խնդիրների պատասխանը տալու է՝ սկսած նախնական կալանքի այլընտրանքային պատիժները կնախատեսվեն ապագայում: Հայեցակարգի մշակման փուլում է գտնվում քրեական օենսգիրքը, որով մենք տասնյակ խնդիրներ կլուծենք: Անմիջական ուշադրության կենտրոնում է լինելու պրոբացիոն ծառայության մասին օրենքը եւ այդ համակարգի ստեղծումը: Առանց սրա ոլորտի խնդիրները չենք կարող լուծել: Սա հնարավորություն է ստեղծելու ազատազրկման դատապարտված անձի հասարակության մեջ սահուն ինտեգրումը եւ հնարավորություն է ազատազրկման դատապարտվածին ուղղել, վերադաստիարակել ու հասարակության համար անվտանգ մարդ դարձնել»:
Պարոն Թովմասյանը նաեւ հավելեց, որ Հայաստանի կառավարությունը ոչթե պահանջում, այլ խնդրում է ԵՄ աջակցությունը. «Պարոն փոխդեսպանն իր խոսքում բազմիցս նշեց` մենք արձագանքում ենք կառավարության պահանջներին, ո´չ, մենք պահանջատեր չենք, մենք խնդրում ենք, քանի, որ մեր ընդհանուր շահերը համընկնում են»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսն էլ ծրագրի հաջողություններից առանձնացրեց ավելի քան 7 դատարանների նոր շենքերի կառուցումը, գործող երկու դատարանների շենքերի նորոգումը: Նրա խոսքերով, կառավարական շենքերում ներդրվել ու գործում են ավելի քան 26 էլեկտրոնային տեղեկատվական տերմինալներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս իրենց բողոքներն ուղարկել էլեկտրոնային փոստով եւ տեղեկատվություն ստանալ գործերի ժամանակացույցի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Պարոն Սիմոնսի խոսքերով, ԵՄ ջանքերը ուղղված են Հայաստանում արդարադատության անկախությունն ապահովելուն, դատավճիռների իրականացման բարելավմանը եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցնելուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ