Այսօր առավոտյան ժամը 10:25 րոպեի սահմաններում Կապանում երկրաշարժ է զգացվել, որն այս անգամ ավելի երկար ու ավելի ուժ է զգացնել տվել, ինչն էլ շատ բնակիչների մոտ խուճապ է առաջացել:
«Պառկած էի տեղաշորումս, մեկ էլ սենյակն ուժեղ շարժեց ու պատուհանները սկսեցին զնգզնգալ, մտածեցի պարսիկի մեքենա է ճանապարհով անցնում, բայց տեսա, էլի է շարժում ու կարծես չի ուզում դադար տալ, արդեն հասկացա, որ երկրաշարժ է, երկար տեւեց էս անգամ, արագ շորերս գցեցի վրաս 7-րդ հարկից իջա հայաթ: Հազիվ էինք էդ վախը հաղթահարել վերջին երկրաշարժներից հետո, նորից սկսեցինք անհանգստության մեջ մնալ: Արդեն մի ժամ է՝ մարմինս ամբողջությամբ տարօրինակ ձեւով դողում է ու չի անցնում, զանգել եմ բարեկամուհուս, որ գնամ իրենց տուն, սեփական տուն է, ավելի ապահով կլինի» -ասաց Կապանի կենտրոնական թաղամասի բարձրահարկ շենքերից մեկում ապրող Կապանի բնակչուհի տիկին Լիանան, որը երկրաշարժը զգալու պահին տանը մենակ է եղել:
Բակ են դուրս եկել նաեւ Կապանի դպրոցների աշակերտները, ովքեր դասարանները լքել են երկրաշարժը զգալուց անմիջապես հետո եւ մանկավարժների հետ դպրոցի մասնաշենքերի հարակից հարթ տարածքներում տեղակայվել:
Ինչպես «Առավոտին» փոխանցեց «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Բաղդասարյանը` երկրաշարժը կրկին Իրանի Ահար քաղաքում է եղել, որտեղ այս անգամ գրանցվել է 7 բալ ուժգնություն, իսկ Կապանում զգացված երկրաշարժի հետցնցման ուժգնությունը 4 բալ է կազմել: Ուժեղ հետցնցումներ են զգացվել նաեւ մարզի մյուս բնակավայրերում` Քաջարանում 3-4 բալ է կազմել, իսկ Գորիսում` 3 բալ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ