Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում լրագրողների հարցին՝ պատրաս՞տ եք համախմբվել գաղափարի շուրջ՝ բացառելով սեփական թեկնածուին՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պարզաբանեց. «Այս պահի դրությամբ այդ հարցը մեր առջեւ դրված չէ: Այս պահի դրությամբ մենք ունենք մեր թեկնածուն, թե համագումարի ընթացքում ինչ որոշում կընդունի մեր թեկնածուն՝ հարց է»:
Նա «Ազատ դեմոկրատների» հետ ապահարզանից նախընտրեց չխոսել՝ ասելով. «Ապահարզանի մասին չենք խոսի, որովհետեւ այսպես ասեմ՝ամուսնություն էլ չի եղել»:
Արմեն Մարտիրոսյանը հերքեց, որ իրենցից է դուրս եկել Խաչատուր Քոքոբելյանի հետ զրույցի ձայնագրության տեղեկությունը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Խաչատուր Քոքոբելյանը հեգնել էր, որ «Ժառանգության» առաջնորդը պահանջում է խմբակցության բոլոր անդամներին իրեն ամեն քայլը տեղյակ պահել՝ ասելով, որ երեւի իրենք հաց ուտելուց առաջ էլ պետք է նախապես զեկուցեն: Այս առնչությամբ նա չցանկացավ պարզաբանումներ տալ՝ ասելով, որ ինքն այն քաղաքական գործիչը չէ, որ պետք է դա մեկնաբանի: Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ պատասխանել նաեւ, թե ինչու է Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել, թե դեռ խմբակցության առաջին նիստին ինքն առաջարկել է, որ ղեկավարը լինի Զարուհի Փոստանջյանը, ինչո՞ւ է Խաչատուր Քոքոբելյանի համար հարմար Զարուհի Փոստանջյանը եւ ոչ թե Ռուբեն Հակոբյանը:
Կարդացեք նաև
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այն տեսակետի առնչությամբ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը միասնական թեկնածու լինելու համար նախ պետք է ինքն իր խմբակցության ներսում միասնականություն ապահովի, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ուրեմն Տեր-Պետրոսյանը թեկնածու դառնալու իրավունք չունի, որովհետեւ նախ ինքը թող «Հանրապետություն» կուսակցության, «Ազատ դեմոկրատերի» հետ կապված, Կարապետ Ռուբինյանի, Դավիթ Շահնազարյանի հետ կապված, մինչեւ այդ քաղաքապետի ընտրությունների հետ կապված խնդիրները լուծի, նոր հետո…Այդ թվում անեւ՝ ՀԱԿ-ից յուրաքանչյուր թեկնածու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ