Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգ. Գործնականում գրեթե հավանական չէ, որ Գագիկ Ծառուկյանը սատարի Լեւոն Տեր-Պետրոսյանին

Նոյեմբեր 07,2012 11:02

Հատված քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հարցազրույցից:

Հնարավո՞ր է առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը սատարի Լեւոն ՏերՊետրոսյանին։

 

– Տեսականորեն, իհարկե, չի բացառվում, սակայն գործնականում գրեթե հավանական չէ, որովհետեւ ԲՀԿ-ն իր ազդեցիկությամբ շատ ավելին է, քան Հայ ազգային կոնգրեսը, եւ ընդհանրապես քաղաքականության մեջ ընդունված է, որ մի քիչ ավելի թույլն է ուժեղին պաշտպանում եւ ոչ թե ուժեղը՝ թույլին։

Իսկ եթե ոչ Ծառուկյանը, ոչ էլ ՏերՊետրոսյանը չառաջադրվե՞ն։ Այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմության միասնական թեկնածուի հայտ է ներկայացրել եւ կոչ արել քաղաքական ուժերին՝ համախմբվել իր շուրջկարո՞ղ է նա պայքարել երկրորդ տեղի համար։

– Եթե ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի թեկնածուները չեն առաջադրվում, ապա նախագահական ընտրությունները դառնում են ընդամենը քվեարկություն՝ անկախ նրանից, թե ով կլինի երկրորդ, երրորդ, չորրորդ կամ ութերորդ տեղում, դա արդեն նշանակություն չունի։ Եթե ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի թեկնածուները չեն առաջադրվում, ապա «Ժառանգության» թեկնածուն լինի, թե մեկ այլ թեկնածու, նա ընդդիմության միասնական թեկնածու չի կարող լինել։ Ընդդիմության միասնական թեկնածու կոչվածը բլեֆ է, որովհետեւ կարեւորը ոչ թե միասնական թեկնածուի խնդիրն է, այլ ձայների տապալման խնդիրն է։

Այսինքն, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լինել երկրորդ համարը, բայց դա ոչ մի բան է:

– Դա ոչ մի բան է, որովհետեւ երկրորդ համարը կարող է ունենա 1 տոկոս, 2, 3, 5 տոկոս, որեւէ նշանակություն չունի։ Երկրորդ համարը կարեւոր է այն ժամանակ, երբ կա երկրորդ փուլ, եւ թեկնածուների միջեւ տարբերությունն այդքան մեծ չէ։ Այդ ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրածը բավականին կարեւոր է։ Իսկ կոնկրետ «Ժառանգության» թեկնածուի վերաբերյալ հաստատ համոզված եմ, որ այդպիսի բան տեղի չի ունենա, դրա համար երկրորդ տեղը կլինի հերթական երկրորդ տեղը, որեւէ բան չնշանակող երկրորդ տեղ։

Այս օրերին որոշ շրջանակներ չեն բացառում նաեւ, որ ԲՀԿ նախագահը կսատարի Սերժ Սարգսյանին, այդ դեպքում ի՞նչ կարող է տեղի ունենալ։

– Տեսականորեն դա, բնականաբար, հնարավոր է, որովհետեւ մենք ոչինչ դեռեա չգիտենք ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետի մասին, բայց եթե տեսականորեն ընդունում ենք, որ ԲՀԿ-ն սատարում է գործող նախագահին, իսկ ՀԱԿ-ի թեկնածուին, բնականաբար, սատարում չկա, այդ դեպքում ընտրությունները նույնպես վերածվում են զուտ քվեարկության։ Բայց այստեղ մի հարց կա. գործող նախագահի համար ԲՀԿ-ի սատարումը փաստացի կարեւոր չէ, որովհետեւ եթե մի պահ անտեսենք արտաքին քաղաքական կենտրոնների միջամտության խնդիրը նախագահական ընտրարշավին, որն իրոք լինելու է, ապա մենք կտեսնենք, որ ԲՀԿ-ի սատարումը գործող նախագահին՝ ընդամենը PR նշանակություն է ունենալու, որովհետեւ այս տարվա մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների, իսկ իրականում՝ լայնամասշտաբ ֆինանսական միջոցառման ժամանակ Հանրապետական կուսակցությունը կարողացավ դե յուրե ավելի շատ ձայն հավաքել եւ դե յուրե հաղթող դառնալ, սա այն դեպքում, երբ ԲՀԿ-ն եւ մյուսները առանձին էին գնում եւ, բնականաբար, չէին սատարում։ Եթե ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին, ըստ իս, նա դադարելու է հետաքրքիր գործոն լինել աշխարհքաղաքական կենտրոնների համար։ Այսինքն, սատարումից ինքը փաստացի ոչինչ չի շահում, կարող է, իհարկե, կառավարման համակարգում լինել, բայց ինքը որպես ուժ դադարում է հետաքրքրություն ներկայացնել աշխարհքաղաքական կենտրոնների համար։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930