Երեկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական համակարգի անցնելու հարցի շուրջ: Այս օրերին կուսակցությունը քննարկումներ է ունենալու տարբեր քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյոք հնարավորություն կա այս գաղափարի շուրջ համախմբվելու: Aravot.am-ը ՀՀ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրույցներում փորձում է ճշտել նրանց տրամադրվածությունը ԲՀԿ-ի նախաձեռնության շուրջ:
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը համաձայն է ԲՀԿ-ի առաջարկի հետ և մանրամասնեց. « ՀՀ-ի պես երկրի համար խորհրդարանական համակարգին անցնելը պարտադիր պայմաններից է: Նախագահական ամբողջ համակարգը ցույց է տալիս, որ մենք ոչ միայն չենք խուսափում կոռուպցիոն ռիսկերից, կլանային տնտեսությունից, տարբեր այլանդակություններից, քանզի ամբողջը գտնվում է մեկ մարդու ձեռքում և նրա կամքով է որոշվում ամեն ինչ: Մյուս համակարգում էլ կառաջանան նույն խնդիրները, քանի որ ամեն ինչի հիմքում ընտրություններն են ընկած: Եթե այդ դեպքում էլ ընտրություններն անեն այնպես, ինչպես հիմա են անում, ոչ մի տարբերություն չի լինի նախագահական և խորհրդարանական համակարգի միջև, քանի որ այդ գորշ մեծամասնությունը կմտնի պառլամենտ, նույն խոսնակը կայնի այն, ինչ նախագահը: Դրանից առաջ մենք պետք է ունենանք քաղաքացիական հասարակություն, մենք ուղղակի պարտավոր ենք, որ իրոք ժողովրդավարական ընտրություններ անցկացնենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ