Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Նուշիկյան. «Ես հայտարարագրել եմ այնքան գումար, որքան ունեցել եմ»

Նոյեմբեր 06,2012 23:18

«Ես դժվարանում եմ ուրիշների փոխարեն պատասխանել: Ամեն մեկը կարող է իր համար պատասխանել: Ես հայտարարագրել եմ այնքան գումար, որքան ունեցել եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց Գարեգին Նուշիկյանը մեր հարցին՝ ԱԺ պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների ցանկից կարո՞ղ ենք ասել, որ ամեն դեպքում ԲՀԿ-ն է ամենաանկեղծ խմբակցությունը, որովհետեւ ամենահարուստն է: Ընդունված է պատգամավորների հայտարարագրերի այդ ցանկը «անկեղծության թեստ» ասել, որովհետեւ այն նրանց հարստության եւ ունեցվածքի իրական պատկերը ցույց չի տալիս: Գարեգին Նուշիկյանը վստահեցրեց, որ ինքը ոչինչ չի թաքցրել, ամեն ինչ ցույց է տվել:

Մեր դիտարկմանը՝ սովորաբար պատգամավորները, պաշտոնյաները զոքանչի, կնոջ անուններով են ամեն ինչ գրանցում, իսկ իրենք մնում են այսպես ասած «տկլոր», այս պրակտիկան Ձեր դեպքում չի՞ գործում՝ նա պատասխանեց. «Շատ հին պրակտիկա եք ասում: Կարծում եմ, դա վերաբերում է պետական պաշտոնյաներին, չինովնիկներին: Ես գործարար եմ եղել եւ խնդիր չեմ ունեցել ժամանակին այն ձեւակերպել ուրիշի անունով: Դրա նպատակը ո՞րն է»:

ՀՀԿ-ական շատ պատգամավորներ 0-ական միջոցներ են հայտարարագրել: Օրինակ՝ Առաքել Մովսիսյանը, Շուշան Պետրոսյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Ավագյանը: Մենք հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ պատգամավորը բացարձակ զրոյական միջոցներ ունենա, դրամի, դոլարի, եվրոյի տեսքով ոչինչ չունենա՝ Գարեգին Նուշիկյանը վստահեցրեց, որ հնարավոր է այդ կոնկրետ պահին նրանք ոչինչ չունենան, բայց դա չի նշանակում, որ նրանք եկամուտներ  ընդհանրապես չունեն:

Հայտարարագրման ցանկից պարզ է դառնում նաեւ, որ մեր պատգամավորներն իրենց միջոցները հիմնականում պահում են դոլարով կամ եվրոյով: Մեր հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ազգային արժույթի նկատմամբ պատգամավորները վստահություն չունեն՝ Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Վերջին տարիներին, համենայնդեպս, վստահությունը բավական մեծ է եղել: Տատանումներ չենք ունեցել: Կարծում եմ՝ չէ: Չնայած էլի ուրիշների փոխարեն չեմ խոսի: Ես ավելի շատ դրամով եմ պահում իմ միջոցները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930