«Համաժողովը ակտուալ է եւ նպատակային, միջոցառումը ունի հետաքրքիր պատմություն եւ էվոլուցիոն զարգացում: Ամեն տարի նրա կարեւորությունը եւս մեկ անգամ նշվում է: Լուրջ հարթակ է գրահրատարակիչների, գրականագետների համար: Նախարարության տեսակետը դրական է, ակնկալում ենք նոր արդյունքներ»,- Aravot.am-ի հետ զրույցում նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովի մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Տեղեկացնենք, որ համաժողովն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ եւ «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում» խորագրի ներքո:
Ըստ փոխնախարարի` մարտահրավերները մշակույթի ոլորտում շատ են: Գրահրատարակչության մասով` էլեկտրոնային եւ տպագիր գրքերի մրցակցությունն է, որը գնալով կարեւորվում է. «Կարեւորում ենք տպագիր գրքի առկայությունը: Գիրքը մշակությաին ժառանգություն է, երիտասարդ սերնդին դաստիարակելու ձեւերից է նաեւ: Մարտահրավեր է նաեւ կտրված գրահրատարակիչներ եւ գրողների կապի վերականգնումը»:
«Մենք ունենք մասնակիցներ եվրոպական երկրներից, Լատինական Ամերիկայից, ԱՄՆ-ից: Այսինքն համաժողովը ապացուցեց, որ ակտուալ է եւ ընդարձակում է սահմանները: Երևանյան համաժողովի օրակարգը հագեցած է կլոր սեղաններով, թարգմանական գրականության ու նոր հրատարակությունների շնորհանդեսներով, հայտնի թարգմանիչների ու հրատարակիչների դասախոսություններով, նրանց վարպետության դասերով: Նպատակն է պատրաստել նոր կադրեր, որպեսզի Հայաստանում հնագույն հարուստ թարգմանական ժառանգությունը պահպանվի եւ համալրվի նոր տեխնոլոգիաներով»,- նշեց համաժողովի համակարգող Լիլիթ Մելիքսեթյանը:
Եռօրյա համաժողովի շրջանակում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռքբերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար` Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի և «Նեքսթ փեյջ» հիմնադրամի համագործակցությամբ` մասնագիտական քննարկումների առանցքում պահելով հեղինակային իրավունքի հետ կապված և այսօր ամբողջ աշխարհում արդիական խնդրահարույց բոլոր հարցերը:
Սեմինարին Հրատարակիչների միջազգային ասոցացիայի աջակցությամբ կմասնակցեն երկու հայտնի փորձագետներ` Անտյե Սորենսենը և Ռիչարդ Բալկվիլը, ովքեր կներկայացնեն այսօր աշխարհում առկա հիմնական խնդիրները հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության և ձեռքբերման գործում: Հայաստանյան փորձագետները կքննարկեն մեր երկրում առկա իրավիճակն այս բնագավառում` խնդիրները ու մարտահրավերները:
Համաժողովի օրերին հատուկ գրական-երաժշտական ծրագրով ֆորումի մասնակիցների գնահատմանը կներկայանան Վադիմ Մեսյացը, Տատյանա Դանիլյանցը և Արեգ Միրզոյանը: Համաժողովի տասնյակ քննարկումների առանցքային թեմաների թվում անդրադարձներ կլինեն նաև հայ ազգային թարգմանական մշակույթի լավագույն ավանդույթներին և 3-րդ հազարամյակում դրանք ժամանակի նոր պահանջներին համադրելու անհրաժեշտությանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ