Գյումրին ԲՀԿ- ի «տիրակալությանն անցնելու» կապակցությամբ դեռևս սեպտեմբերին այս կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 10 աղբատար մեքենա ու 10 ձյունամաքրիչ տրակտոր էր նվիրել Գյումրիին: Սակայն, Aravot.am-ին հասած տեղեկություններով, վերջերս ԲՀԿ-ական վերնախավը, այցելելով Գյումրի ու տեսնելով համաքաղաքային աղբանոց տանող ճանապարհը, որը գտնվում էր ողբերգական վիճակում, հրաժարվել էր նախատեսած նվերը Գյումրի ուղարկել այնքան ժամանակ, քանի դեռ կարգի չի բերվել ճանապարհը: Այլ կերպ ասած Գագիկ Ծառուկյանն է հարկադրել, որպեսզի գյումրեցիները վերանորոգեն Բուլվարային թաղամասի դեպի աղբանոց տանող 2 կիլոմետրանոց իրենց ճանապարհը: Այս պահին այն իրոք վերանորոգվում է, և շինարարը Վարդան Ղուկասյանի մտերիմներից մեկն է` Գյումրու ավագանու անդամ Չուբար Զաքարյանը, ով արդեն իսկ նույն կրքոտությամբ գովերգում է Սավել Բալասանյանին:
Ե՞րբ Գյումրի կտեղափոխվի ԲՀԿ առաջնորդի նվերը, և որքանո՞վ են ճիշտ մեր տեղեկությունները, թե ԲՀԿ-ական վերնախավը թանկարժեք տեխնիկան ջարդուխուրդ լինելուց փրկելու համար քաղաքային իշխանություններին հարկադրել է վերանորոգել աղբանոցի ճանապարհը: Գյումրեցիներին նաև հետաքրքում է , թե ի՞նչ միջոցներով , ո՞ւմ հաշվին են կատարում ճանապարհաշինության աշխատանքները պարտքերի մեջ թաղված, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «ատկատներից» դժգոհող քաղաքային իշխանությունները:Այս հարցերի շուրջ մենք պարզաբանումներ խնդրեցինք Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանից: Նա մեզ փոխանցեց, որ պարոն Ծառուկյանի նվիրած աղբահաններից 2-ն արդեն իսկ Գյումրիում են, 2-ը գտնվում են Երևանում, 4-ը ներկրվում են Հայաստան: Եվ որպեսզի գյումրեցիները չկասկածեն իր ասածին, Զոհրապ Եգանյանը մեզ ցուցադրեց ԲՀԿ առաջնորդի նվիրած տեխնիկայից տրակտորները, որոնք կայանած են Գյումրու քաղաքապետարանի ավտոպարկում:
Զոհրապ Եգանյանի պարզաբանմամբ` Գյումրիում շրջանառվող այն լուրերը, թե աղբանոց տանող ճանապարհը վերանորոգվում է ԲՀԿ վերնախավի հարկադրմամբ, իրականության չեն համապատասխանում: Ավելին, ըստ մամլո քարտուղարի, ճանապարհի հարթեցման համար բյուջեից ոչ մի գումար չի ծախսվել, այդ աշխատանքներն իրականացնում է «Արամ էլիտշին» կազմակերպությունը, որը սեփական տեխնիկան է օգտագործում այս նպատակի համար , այսինքն Գյումրու քաղաքապետարանը ծառայության վճար չի մուծում , տեխնիկան անվճար է, հոգում է միայն դիզվառելքի ծախսը: Զոհրապ Եգանյանը նաև հավելեց, որ դրսից ներկրված տեխնիկայի մեխանիզմից ինչ-որ մաս փոխելու են այստեղի պայմաններին հարմարեցնելու համար:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ