Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյան. «Ստեղնաշարի մի հպումով դպրոցը հասանելի կլինի»

Նոյեմբեր 06,2012 20:06

Այս տարվա հոկտեմբերի 15-ից ՀՀ 1401 դպրոց միացված է մեկ միասնական ցանցի եւ սպասարկվում է մեկ կենտրոնից: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, այս պահին Հայաստանի դպրոցների  98%-ը սպասարկվում է մեկ կենտրոնական ցանցի միջոցով, ելք ունի ինտերնետ, որի համար վճարում է պետությունը, իսկ 2013թ.  հունվարից ծածկույթը 100%-անոց կլինի:
Ինչպես տեղեկացրեց պարոն Պողոսյանը, «Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցը» կվերանվանվի «Հայաստանի կրթական ցանցի»: Նրա խոսքով, նպատակն է՝ ապահովել մեկ միասնական միջավայր ու դպրոցներից բացի, այլ ուսումնական հաստատություններ էլ ներգրավել: Ընդ որում, մեկնարկն արդեն տրված է՝ 2013-ից կսպասարկվեն նաեւ 12 բազմագործառութային քոլեջները: Եվ եթե փորձը ցույց տա, որ քոլեջների եւ ուսումնարանների սպասարկումը գոհացնում է, ապա ցանցին կմիացվեն նաեւ մյուս քոլեջներն եւ բուհերը:
Արտակ Պողոսյանը նշեց, որ նախատեսված է ստեղծել մասնագիտական կառավարման տեղեկատվական համակարգ, որի սպասարկումը եւս պետք է իրականացվի ԿՏԱԿ-ի կողմից. «Այդ դեպքում տրամաբանական կլինի, որպեսզի բոլոր ուսումնական հաստատությունները մեկ միասնական ցանցի մեջ լինեն, ինչը   կապահովի անվտանգությունը նման կառավարման համակարգերի տեղեկատվական շահագործման, որովհետեւ մեր ցանցը անկախ է դրսից եկող ինտերնետից: Այս պահին մեր ցանցին միացված դպրոցներին, նույնիսկ դրսից ինտերնետ չլինելու դեպքում, հասանելի են բոլոր այն կայքերը, որոնք տեղադրված են մեր կենտրոնական հանգույցում»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ  «Վիվա-Սել-ՄՏՍ»-ի ֆինանսավորմամբ ստեղծել են նաեւ Կրթական պաշարների կատալոգ՝ https://lib.armedu.am, որի շնորհանդեսը կիրականանա առաջիկայում:  «Կրթական պաշարների կատալոգը մեծ հնարավորություն է տալիս թե՛ սովորողներին, թե՛ ուսուցիչներին նյութեր գտնել՝ կրթական, բովանդակային: Կայքում դասագրքերն ենք տեղադրելու, մեթոդական ձեռնարկներ, ձեռնարկներ՝ ուսուցիչների համար: Կայքը նաեւ այսպիսի հնարավորություն է ընձեռում՝ եթե ուսուցիչը նոր պաշար է ստեղծում, կարող է այն  տեղադրել այդ պլատֆորմում:  Եթե ադմինիստրատորը տեսնի, որ դա իրականում կրթական նյութ է, կարող է թույլատրել, որ դա տեսնեն բոլորը: Եթե անգամ նյութը բոլորը չտեսնեն, մասնակիցը, որը գրանցվել է ու նյութը տեղադրել, որպես պաշար դա կարող է իր համար ունենալ»,- ասում է ԿՏԱԿ-ի տնօրենը:
Մյուս կարեւոր գործը, որ նախաձեռնել է կառույցը, դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի վերաթարմացումն է՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ:  2013-ի մարտին նոր համակարգն արդեն պատրաստ կլինի: Արդյունքում հասարակության յուրաքանչյուր  անդամ կարող է   համակարգչային ստեղնաշարի մի քանի հպումով քարտեզի վրա տեսնել ցանկացած դպրոցի անձնագիր՝ հասցեն, հեռախոսահամարը, տնօրենի անունը, քանի աշակերտ է սովորում այդ դպրոցում, քանի ուսուցիչ կա, քանիսն է վերապատրաստված, քանի համակարգիչ ունի դպրոցը, ինտերնետին միացվա՞ծ են, թե՝ ոչ եւ այլն: Պողոսյանը գտնում է, որ դա կրթական ոլորտում թափանցիկության մեծացմանն է միտված. «Այդ ինֆորմացիային մուտքի հնարավորություն կունենան  կրթության կառավարման օղակները՝ սկսած մարզպետարաններից մինչեւ ԿԳ նախարարություն, բայց ամեն մեկն իր «մասով»: Օրինակ, Գեղարքունիքի մարզպետարանը կկարողանա տեսնել միայն իր մարզի ենթակայության տակ գտնվող դպրոցների բոլոր տվյալները, իսկ Արագածոտնը՝ Գեղարքունիքի մարզի  զուտ ընդհանուր տվյալները»: Տեղեկատվությունը կստացվի ամենօրյա ռեժիմով, դրան կմիացվի նաեւ աշակերտների հաշվառման համակարգը: Եթե աշակերտը մի դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխվի, համակարգը թույլ չի տա որպեսզի նույն  աշակերտին նույն անուն-ազգանունով, նույն ծննդյան վկայականով միաժամանակ  երկու  2 դպրոցում գրանցեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930