Հայաստանյան ամսագրային հեղեղին շուրջ 15 օր է, ինչ միացել է «The MAG»-ը: Գլխավոր խմբագիրը մասնագիտությամբ ռադիոտեխնիկ Էդգար Ավետյանն է: «Առավոտի» հետ զրույցում նշելով, որ ամսագիրը ինտելեկտուալ-մշակութային է եւ ուղղված է երիտասարդությանը, Ավետյանն ասաց. «Մեր օրերում երիտասարդները շատ ժամանակ են վատնում ինտերնետում, խճճվում ու լճանում սոցցանցերում: Ամսագրի 9 բաժիններում՝ Նորաձեւություն, Կինո, Երաժշտություն, Գրականություն, Խոհանոց, Կոկտեյլ, Գիտելիք, Կանոններ եւ Օգտակար, տեղ են գտել նաեւ ինտերնետից վերցված որակյալ ու թարմ նյութեր: «The MAG»-ի առաջին համարը փորձնական է: Հաջորդ համարում արդեն տեղ կգտնեն երիտասարդներին գրավող հրապարակումներ՝ այլ ոլորտներից եւս»: Ռեպլիկին՝ ամսագիր թողարկելը պետք է հետապնդի նաեւ շահույթ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, ամսագիրն էլ բիզնես է, բայց դրա հրատարակումը այդ իմաստով գերնպատակ չէ: Ես դեռեւս 16 տարեկանից կրակայրիչների մեծածախ վաճառքի բիզնեսով եմ զբաղվել, այնուհետեւ հիմնել սպունգի արտադրամաս: Ավելի ուշ եկա այն համոզման, որ ամենաթանկը ինֆորմացիան արժե»:
Էդգար Ավետյանն ավելի քանի վստահ է, որ չեն տապալվի, որովհետեւ նախապես լավ ուսումնասիրել են դաշտը:
Խմբագիրը նաեւ տեղեկացրեց, թե իրենց հարցումների արդյունքում պարզել են, որ, օրինակ, 20%-ի համար ամսագրի սեւուսպիտակ շապիկը «ձգող» չէ, 80%-ի համար էլ այն գրքի տպավորություն է թողնում: «Ես ուրախ եմ, որ ամսագիրը հենց գրքի տպավորություն է թողնում, քանի օր այսօր գիրքը մղված է հետին պլան, ընթերցասիրություն էլ կտրուկ ընկել է, երիտասարդներն էլ նպատակ ունեն դառնալ ոչ թե զուտ ուսյալ մարդ, այլ օլիգարխ ու պաշտոնյա»,-հայտնեց Էդգար Ավետյանը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ